Գերեզմանատեղիները՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային արժեքները, ներառյալ՝ պատմական հուշարձաններն ու գերեզմանատները, մշտապես ենթարկվել են վանդալիզմի։
Իբր թե «ադրբեջանական ինքնություն» կերտելով՝ երկրում, ի թիվս այլոց, թիրախավորում են նաեւ ռուսական ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների գերեզմանոցները: Ինչպես հաղորդում է «Գեղարդ» հիմնադրամը, ադրբեջանական բարբարոսությունները չեն սահմանափակվում միայն գերեզմանաքարերի ոչնչացմամբ: Պետական ամենաթողության արդյունքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի ու մասնակիցների գերեզմանատեղիները, ռուսական ու հայկական եւ, ընդհանրապես, քրիստոնեական գերեզմանոցները դառնում են «գերեզմանոցների մութ» բիզնեսի թիրախ։ Խորհրդային հնգաթեւ աստղերը, տեղադրված խաչերը, դամբանաքարերը ոչնչացնելուց հետո այդ գերեզմանոցները վերավաճառվում են ադրբեջանցիներին։
Տարօրինակ կերպով Ադրբեջանում վերջին տասնամյակներում ճանապարհներ են կառուցվում գերեզմանոցների տարածքներով՝ այդ կեղծ պատրվակով ոչնչացնելով տեղի ռուսական եւ հայկական գերեզմանատեղիները։
Ադրբեջանի տարածքում ռուսական գերեզմանների դիտավորյալ ոչնչացման մասին վկայում են հենց տեղի բնակիչները: Բնակիչներից շատերը փաստում են, որ խոսքը վերաբերում է «գերեզմանային մութ» բիզնեսին: Մեկ հանգուցյալի համար նախատեսված գերեզմանի տարածքը վաճառվում է հինգ հազար մանաթով, իսկ երկու-երեք գերեզմանատեղիների արժեքը հասնում է 10 հազար եւ ավելի մանաթի:
Ադրբեջանի Ամիրջան ավանի գերեզմանատանը եւս հայտնաբերվել են վնասված տապանաքարեր: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հաստատում են, որ վերանորոգման աշխատանքների ընթացքը չէր կարող տապանաքարերը նման կերպ վնասել։ Միտումնավոր եւ նպատակաուղղված գործողություններով գերեզմանատներից ոչնչացվում է այն ամենը, ինչը փաստում է այլ ազգերի ներկայությունը տվյալ տարածքներում։
Վերանորոգման կամ շինարարական աշխատանքների անվան տակ իրականացվող գործողությունների արդյունքում տարբեր ազգություններ ունեցող հանգուցյալների գերեզմաններ են պղծվել նաեւ Բաքվի Մոնտին քրիստոնեական գերեզմանոցում, որտեղ հուղարկավորված են հիմնականում հայեր (այդ պատճառով այն նաեւ կոչվել է հայկական գերեզմանոց), ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ։ Ճանապարհ կառուցելու կեղծ պատրվակով ծանր տեխնիկան քարուքանդ է արել տարածքը․ ոչնչացվել է քրիստոնեական եւ հայկական հետք հիշեցնող ամեն ինչ։
Կարծիքներ