Հայկական հարսանիքների ժամանակ ի՞նչ սոցիալական հեռավորություն

Հայկական հարսանիքների ժամանակ ի՞նչ սոցիալական հեռավորություն

Երեկ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց։ Բողոքողների թվում էին երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ, հանդիսություններ նկարահանողներ, մի խոսքով՝ այս ոլորտում ներգրավված անձինք։

Նրանք խնդրանքով դիմում էին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց նույնպես թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Չնայած ոստիկանության հորդորներին՝ պահել սոցիալական հեռավորությունը, ներկաներից որոշները բերման ենթարկվեցին, այդ թվում՝ դերասան Սարգիս Գրիգորյանը, որը եւս ռեստորան ունի։  

Ի վերջո, ակցիայի մասնակիցներին հաջողվեց հանդիպել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, քննարկումը հիմնականում վերաբերել է հարսանյաց սրահներին: Արդյունքում որոշվել է, որ ոլորտի աշխատակիցները պետք է գրավոր ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը, որը հաջորդիվ քննարկման կներկայացվի գործադիրում:

Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով նաեւ տարբեր հանդիսություններ է վարում, մեզ հետ զրույցում նշեց, որ սա ոչ միայն շատ խնդրահարույց ոլորտ է, այլ նաեւ խնդրահարույց թեմա, եւ դժվար է ասել՝ որքանով է արդարացի այս կամ այն կողմը․ «Չեմ կարծում, որ մարդիկ կկարողանան պահել սոցիալական հեռավորությունը, բոլորը լավ գիտեն, թե հատկապես հայկական հարսանիքների ժամանակ ինչ է կատարվում, դրա համար չեմ կարծում, որ մարդիկ դա կպահեն, ինչ օրենք էլ ուզում է ընդունեն»։ 

Այս օրերին շատ սրճարաններ, ռեստորաններ հենց մուտքի մոտ ջերմաչափում են իրենց հաճախորդներին, ինչը, ըստ Սարգսյանի, լուծում չէ եւ ոչ մի երաշխիք չի կարող տալ։ «Որովհետեւ այդ պահին կարող է ջերմություն չունենալ, բայց հետո արձանագրվի իր մոտ, ես մարդիկ գիտեմ, որ գրիպով էլ հիվանդանում են ու դա առանց ջերմության են տանում։ Մի հոգի կարող է ջերմություն չունենալ, բայց վիրուսակիր լինել։ Սա լուրջ խնդիր է եւ պետք է մանրամասն քննարկվի մի սեղանի շուրջ։ Մարդիկ գումար էին աշխատում ժամանակին, հիմա պարտքեր ունեն, եւ, բնականաբար, պետք է հասկանալ նրանց, որոնց թվում եմ նաեւ ես։ Այդ ոլորտի մարդ եմ, եւ իմ մոտ էլ կան բավականին լուրջ խնդիրներ»,- ասում է նա ու նկատում, որ այս օրերին առիթ ունեցել է խոսել Նաիրի Սարգսյանի հետ, ով հավաստիացրել է, որ առաջիկայում անպայման կքննարկեն այդ հարցը, քանի որ կարեւոր խնդիր է։

Սարգսյանը կարծում է, որ այս ոլորտի համար ամենաճիշտ տարբերակն աջակցությունն է, բայց դա էլ է խնդիր, որովհետեւ շատերը գրանցված չեն որպես աշխատող․ «Հիմա պետք է գտնել ուղիներ եւ տարբերակներ, երեւի այստեղ է, որ պետք են գալիս միությունները, որ համախմբում են ոլորտն ու ոլորտի խնդիրները»։ Թե աջակցությունն ինչքանով խնդրին լուծում կտա, Սարգսյանն ընդգծում է, որ ցանկացած դեպքում պետք է այդ լուծումը գտնել, որովհետեւ յուրաքանչյուրն իր չափով խնդիրներ ունի։ 

Թե ամսվա կտրվածքով հանդիսավարը միջինը ինչքան պատվերներ է ունենում եւ ինչքան վարձատրությամբ, Արմեն Սարգսյանը դժվարանում է ասել, քանի որ ոլորտը շատ խառն է․ «Կարգավորված չէ, որ կոնկրետ թվեր ասենք։ Կարող եք հետազոտել, թե ինչքան հարսանիք է լինում քաղաքում, որոնք ավելի շատ ամռան ամիսներին են լինում, բայց թվաբանությունը շատ տարբեր է․ 20 հազար դրամից մինչեւ 10 հազար դոլարով հանդիսություն վարողներ կան՝ կախված հայտնիությունից, հեռուստատեսության հաղորդավա՞ր է, թե՞ թամադա․ այսպիսի հարցեր կան»։ Իր դեպքում ինչպե՞ս է։ Կախված է լինում ամիսներից, միջինը 2-4 հանդիսություններ վարելու պատվեր լինում է՝ ասում է նա։ «Գնացուցակն էլ է տարբեր, որովհետեւ կարգավորված չէ ոլորտը, հիմնականում հայկական ձեւերով՝ մոտիկ, ընկերներ, խնդրել… Ես, օրինակ, նախընտրում եմ ցանկացած հարսանիք չվարել, որովհետեւ ես թամադա չեմ, դրա համար մի քիչ բարձր է գնացուցակը»։

Ինչ վերաբերում է Երգի պետական թատրոնին, ապա թատրոնում շուրջ մեկ տարի վերանորոգում է ընթացել, եւ քիչ է մնացել, որպեսզի դահլիճի շինարարությունն էլ ավարտեին։ «Վերանորոգումը կանգնել է, բայց այս երկու օրը նորից սկսում ենք, որ ավարտին հասցնենք։ Այսինքն՝ մեզ մոտ վիրուսից առաջ էլ քիչ թե շատ կանգնած էր թատրոնի գործունեությունը, եւ ավելի շատ դրսում էինք համերգներ կազմակերպում։ Նոր նվագախումբը ձեւավորված է, եւ արդեն փորձերն էլ կսկսենք՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Սուբսիդիայով շարունակում ենք աշխատավարձերը ստանալ, բայց գումար, որպես այդպիսին, բնականաբար, չենք աշխատում»,- ասաց Սարգսյանը։