Փողերը քամուն տալու նուրբ արվեստը

Փողերը քամուն տալու նուրբ արվեստը

Կառավարությունը երեկ 3 մլրդ 447 մլն դրամ գումար հատկացրեց 2020 թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի կազմակերպմանը։ Ասել է թե՝ մեր հարկերից շուրջ 3.5 մլրդ դրամ կտան մեկ մարդուց՝ Հրայր Թովմասյանից ազատվելու համար։ Նախագիծը զեկուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Ընդ որում՝ դրանից 2 մլրդ 553 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ԿԸՀ-ին` հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամ նախատեսվում է օգտագործել 1500 տեղամասերում առցանց համակարգով տեսանկարահանման եւ հեռարձակման հնարավորություն ապահովելու համար, իսկ մնացած 234 մլն դրամը` ոստիկանության կողմից օգտագործել տպագրելու եւ ծանուցելու համար ընտրողներին»,- ասաց Ջանջուղազյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կանխազգում էր, որ հերթական քննադատության ալիքը կբարձրանա, որ բյուջեի փողերը քամուն են տալիս, սկսեց արդարացումներ փնտրել՝ դեմոկրատիայի քողի տակ։ «Ես կռահում եմ, որ սրա հետ կապված էլ կլինեն բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ, որ հանրաքվեի վրա գումար է ծախսվում։ Նախ, ես ուզում եմ ասել, որ էդ ծախսվող գումարն ի վերջո էլի ներհոսելու է տնտեսություն, եւ, ի վերջո, ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար պետք է ծախսվեն գումարներ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլ են ծախսել գումարներ։ Ապա նկատեց, որ նախորդ մեկուկես տարվա ընթացքում ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով։ «Եվ ես կարծում եմ, որ այս եւ այս կարգի այլ որոշումների արդյունքում մենք նոր թափ ենք տալու այդ պրոցեսին»,- ասաց նա։

Անձնական ամբիցիաների բավարարման համար պետբյուջեի միջոցների մսխումը փորձեց արդարացնել նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը, թվում էր, Փաշինյանի թիմի հատուկենտ կշռադատող անդամներից է եւ նախընտրում է պոպուլիստական թեմաների մեջ չմտնել, բայց, փաստորեն, սա վարակիչ հիվանդություն է։ «Պարոն վարչապետ, եթե թույլ տաք, ուղղակի մեկ նախադասություն՝ ժողովրդավարության եւ էն գումարների վերաբերյալ, որ ծախսվում են։ Ժողովրդավարությունը միշտ ավելի մատչելի է, քան Հայաստանում նախկինում գործող համակարգը, որովհետեւ այն գումարները, որոնք վերադարձվում են բյուջե՝ տարբեր քրեական գործերով, շատ ավելի շատ մեծ գումարներ են, եւ ես կարծում եմ՝ նմանատիպ ծախսերը չեն կարող համարվել ճոխություն։ Սրանք անհրաժեշտություն են, եւ կարծում եմ նաեւ՝ հանրաքվեի, կամարտահայտման եւ ժողովրդավարական պրոցեսների վրա կատարվող ծախսերը միանշանակ արդարացված են»,- փիլիսոփայեց դասը սովորած աշակերտը՝ հընթացս քծնելով վարչապետին։

Մենք ակամայից հիշեցինք «Անասնաֆերմա»  վիպակի Զռանին, որն արդարացնում էր իր շեֆ Նապոլեոնի որոշումները, իսկ «ժողովուրդը» դա ընդունում էր որպես անվերապահ ճշմարտություն, քանի որ այլ ճշմարտություն նրանց ուղեղներին հասու չէր։ Եվ, առհասարակ, եթե առաջնորդվենք վարչապետի տրամաբանությամբ, ապա եթե պետբյուջեի միջոցներն ավելացել են, ուրեմն կարող են իրենց թույլ տալ դրանք քամուն տալ՝ պարբերաբար ընտրություններ, հանրաքվեներ անցկացնելով։ Չգիտես ինչու, Փաշինյանը հեղափոխությունից 2 տարի անց հանկարծ հասկացավ, որ հնարավոր է աշխատել դատախազ Արթուր Դավթյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ այլ նախկին «կոռուպցիոներների» ու «կեղծարարների» հետ, իսկ Հրայր Թովմասյանը խանգարում է, որ երկրում ներդրումներ լինեն, տնտեսությունը զարգանա, դատական համակարգը կայանա եւ այլն։