Մեր եւ նրանց պատկերացրած խաղաղությունները հակասում են իրար

Մեր եւ նրանց պատկերացրած խաղաղությունները հակասում են իրար

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի օր առաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հրահանգել է․ «Պատրաստ լինել՝ ճնշելու հակառակորդի ցանկացած գործողություն»։ Նախարարը նաեւ հանձնարարականներ է տվել՝ ուշադրություն դարձնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմին եւ զորքերի մարտական պատրաստվածությանը, բարձրացնել զորավարժությունների եւ դաշտային վարժանքների ինտենսիվությունը, ինչպես նաեւ պահպանել ստորաբաժանումների մարտական պատրաստվածության բարձր մակարդակը։ 
Նման բովանդակությամբ ու հանձնարարականներով մի խորհրդակցություն էլ հուլիսի 30-ին էր անցկացրել Հասանովը, որից հետո՝ օգոստոսի 3-ին, Ադրբեջանն Արցախում գնաց էսկալացիայի ։ 
Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։

- Արդյոք Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է գնալ նոր էսկալացիայի Արցախում՝ հաշվի առնելով Ադրբեջանի Պնախարարի՝ օրեր առաջ արած հայտարարությունները։ Թե՞ սրանք հերթական շանտաժն ու իրենց նպատակին հասնելուն ուղղված քայլերն են:

- Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հավանական  էսկալացիայի գնալու համար՝ մեղադրելով հայկական կողմին տարբեր սադրանքների դիմելու առումով։ Եվ, փաստորեն, տեսնում ենք, որ պաշտպանության նախարարի կողմից է նման հայտարարություն հնչում, որ «հայկական կողմը պարբերաբար դիմում է սադրանքների, եւ, ըստ էության, սա նշանակում է, որ հայկական կողմը պատրաստվում է լայնամասշտաբ որեւէ գործողության, ուստի պետք է պատրաստ լինեն ցանկացած դեպքում հակազդելու եւ կանգնեցնելու այդ սադրանքը»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ հենց ադրբեջանական կողմն է դիմելու սադրանքի՝ փորձելով այսպես արդարացնել իր հավանական ռազմական գործողությունները։

- Ինչպե՞ս կարելի է հավատալ Ադրբեջանի խաղաղության օրակարգին, երբ Բաքվի բռնապետը ցինիկ ու ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս, սոցցանցերում էլ ադրբեջանցիներն են հայատյաց մեկնաբանություններ անում։ Սահմանային լարվածությունը դեռ կա, ավելին՝ վերջերս դիպուկահարի կրակոցից Ճամբարակում զինվոր զոհվեց։

- Իրականում մենք հասկանում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղության, եւ խոսքը ոչ միայն պաշտոնական Բաքվին է վերաբերում, այլ նաեւ ընդհանրապես Ադրբեջանի հասարակության լայն զանգվածին: Մի փոքր տեղ եմ թողնում, չէի ասի՝ ամբողջ Ադրբեջանը, բայց մեծ հատվածը պատրաստ չէ հայերի հետ խաղաղության։ Եվ այս առումով որքան էլ որ տեսնում ենք երկու զուգահեռ հարթակները՝ մոսկովյան եւ բրյուսելյան, փորձում են գտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը՝ նույնիսկ փորձելով շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցը, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այս ջանքերը, համենայնդեպս մոտ ապագայում, կարճաժամկետ հեռանկարում որեւէ էական արդյունք չեն տալու։ Սրա վառ ապացույցը հենց Ձեր նշած հայատյաց քաղաքականությունն է, որը տարբեր մակարդակներում ոչ միայն պաշտոնապես, այլ նաեւ հասարակական եւ այլն, տեսնում ենք՝ ինչ տրամաբանությամբ են նրանք մոտենում։ Եվ, ընդհանուր առմամբ, այս առումով էլ մենք պետք է հասկանանք՝ խաղաղության գնալը չի նշանակում հասնել խաղաղության։ Իհարկե, պետք է գնանք խաղաղության, բայց նաեւ պետք է հասկանանք, որ մեր պատկերացրած խաղաղությունն ու ադրբեջանական կողմինը ամբողջությամբ տրամագծորեն հակասում են միմյանց։