Ընտրություններին մասնակցելու համար քրգործով են սպառնացել 

Ընտրություններին մասնակցելու համար քրգործով են սպառնացել 

Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի ղեկավար Արմեն Այվազյանին սպառնացել են քրեական գործով, եթե մասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք Վանաձորի ՏԻՄ ընտրություններին և սատարի ոչ թե ՔՊ թեկնածուին, այլ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուին։ «Հրապարակի» հետ զրույցում Այվազյանն ասաց, որ իր պաշտոնավարման հետ կապված արդեն նաև ծառայողական քննություն է նշանակվել։ 

- Ձեզ պարզաբանե՞լ են, թե ինչի համար է ծառայողական քննություն նշանակվել։

- Իմ նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում, և ինձ ասել են, որ արդեն իսկ ես նկատողություններ ստացել եմ, որոնք նաև գրավոր կստանամ, իսկ որպես պատճառաբանություն նշված է, որ իմ աշխատանքներում թերություններ կան, դժգոհություններ կան մարդկանցից, և պատճառը դա է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, սոցիալական ծառայությունում մարդիկ շատ գոհ են, և մենք ամեն օր, գիշեր- ցերեկ մտածում ենք, թե ինչպես անենք, որ մեր քաղաքացիները գոհ լինեն, և որևէ փաստ չկա, որ ինչ-որ լուրջ դժգոհություն կամ լուրջ հիմնավորում լինի։ Ասեմ ավելին՝ ես նույնիսկ կարծիք ունեմ, որ ծառայողական քննության առաջին նկատողությանը հաջորդելու են երկրորդ նկատողությունը և աշխատանքից ազատումը, ինձ որոշակիորեն տեղյակ պահվել է, որ նման մտադրություններ կան և մոտ օրերս։

- Դուք կարծում եք, որ պատճառը ընտրություններին մասնակցելու Ձեր ցանկությո՞ւնն է։

- Ընտրություններին մասնակցելու իմ ցանկությունն է այլ ձևաչափով, այլ կուսակցությունով։ Ես «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով եմ առաջադրվելու, բայց ես ուզում եմ նշել, որ վերջին երեք տարում ընդդիմություն չեմ եղել, իշխանությանը հակառակ որևէ քայլ չեմ արել, և հիմա էլ որպես քաղծառայող հիմա աշխատում եմ օրենքի սահմաններում՝ չխառնվելով քաղաքական գործընթացներին, իսկ եթե մասնակցեմ, ապա ես արձակուրդ եմ վերցնելու։ Դա իմ ցանկությունն է, ես 10 տարի ավագանու անդամ եմ եղել, հիմա էլ ուզում եմ այս անգամ ևս մասնակցել, որովհետև իմ քաղաքի առաջ խնդիրներ կան լուծելու, որպեսզի օգնեմ լուծել։

- Ձեզ իշխանություննե՞րն են ասել, որ եթե մասնակցեք, ապա կզրկվեք աշխատանքից։

- Իհարկե, իշխանություններն են ազդակներ ուղարկել, նույնիսկ ինձ հստակ ասվել է, որ եթե ես մասնակցեմ և աշխատանքից ազատման դիմում չգրեմ, ապա դա կարող է ուղղորդվել որոշակի վատ հետևանքներով, ինչին ես պատասխանել եմ, որ ես աշխատում եմ մաքուր, ժողովրդի համար և պատրաստ եմ ցանկացած ծառայողական քննության և որևէ ծառայողական քննությունից չեմ վախենում։

- Ավելի վատ հետևանքները որո՞նք են։

- Նաև քրեական գործով են վախեցրել ինձ։ Ես արդեն 3 տարի է՝ իշխանության հետ եմ, աշխատում եմ, և երբևէ աչքի չեմ ընկել վատ վերաբերմունքով, այսինքն՝ ես նույնիսկ հիմա որևէ ընդդիմադիր հայացքներ չունեմ, ավելին ասեմ՝ ես գործող իշխանությանը ընդդիմադիր չեմ, պազապես կարծիքներ կան, որ եթե մեր թեկնածուին չես պաշտպանում՝ կոնկրետ անձի, դրա համար դու մեզ հետ պիտի չլինես, բայց ես կարծում եմ՝ ցանկացած մարդ իրավունք ունի պաշտպանել այն թեկնածուին, որին նախընտրում է։

- Դուք կուսակցության ցուցակի ո՞ր համարն եք։

- Նախնական վարկածով՝ 2-րդ համարն եմ լինելու, եթե կուսակցության վերջնական որոշումն այդպիսին լինի։ Արտավազդ Ալավերդյանը համայնքապետի մեր թեկնածուն է։

- Դուք ե՞րբ եք նշանակվել միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի ղեկավար։

- 2021 թվականի ապրիլի 15-ին։

- Իսկ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ 3 տարի է՝ իշխանության հետ եք։

- Ես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել եմ շտաբի պետ, իշխանությանն եմ օգնել, որովհետև ես հավատացել եմ «Քաղաքացիական պայմանագրի» սկզբունքներին։ Հիմա էլ, ճիշտն ասած, ես ինձ ընդդիմադիր չեմ համարում, պարզապես ես չեմ համակերպվի էն թերությունների հետ, որոնք կան, և փորձում եմ այս թերություններն ու անգրագիտությունը ուղղել՝ սեփական օրինակով ավելի լավ աշխատելով։ Ես ինձ որևէ մեկին ընդդիմադիր չեմ համարում, թշնամիներ չունեմ, հակառակորդներ չունեմ, և եթե մենք թերություններ նշելով դառնում ենք ինչ-որ մեկի թշնամին՝ կարծում եմ՝ էդ մարդիկ իրենք են ժողովրդին հակառակվում։ Այսօր էլ, որ որոշել եմ առանձին առաջադրվել այլ կուսակցությունով, այն բանի համար, որ ավելի օգտակար կլինեմ վանաձորցիներին։ Ես պարտադիր մասնակցելու եմ ընտրություններին, և իմ խնդրանքն այն է, որ եթե մասնակցելու արդյունքում ստացվի այնպես, որ ես ազատվեմ կամ իմ հանդեպ որևէ ճնշում հարուցվի, ապա թող մարդիկ հասկանան, որ դա կապված է զուտ իմ գործունեության և սկզբունքայնության հետ: Որովհետև եթե այդպիսի բաներ կային, թող մինչև այս տեղի ունենային։ Մեր քաղաքում բոլորը գիտեն, որ ես բոլոր բնագավառներում միշտ բարեփոխումներ և միշտ լավ աշխատանքներ եմ կատարել։ Եթե իրենք ինչ ասում են (նկատի ունի ճնշումները` Կ.Ս.), դրանք իրականացնեն, ապա ես կոնկրետ փաստերով և անուններով կասեմ, թե ովքեր են ինձ դա նախապես ասել և արել։