Ինչպե՞ս վերածվել տարածաշրջանային գործոնի

Ինչպե՞ս վերածվել տարածաշրջանային գործոնի

Պետք է ողջ գիտակից կյանքս գիր ու գրականություն սիրեի ու ընթերցեի, որպեսզի հասուն տարիքում ծանոթանայի «մտքերի», որ «նիկոլական» նախկիններից մեկն է երկնել: Նախկին, քանի որ ո՛չ որպես առողջապահության նախարար էր բանի պետք. հիշենք վերջինիս «կորոնավիրուսն անվտանգ է, կորոնավիրուսը վտանգավոր է» եզրակացությունները: Ե՛վ ոչ էլ որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար, չնայած այդ պաշտոնին նշանակված անձը զուտ համակարգողի գործառույթ է իրականացնում: Կարծում եմ, որ վերջինս որպես Ազգային ժողովի պատգամավոր էլ չի գտել իր տեղը, քանի որ առողջապահության կազմակերպման գծով մասնագետը հանգրվանել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:

Ինչեւէ, անցնենք նրա չակերտավոր «մտքերին», քանի որ փաթեթավորումից ազատելուց հետո պարզվում է, որ մեջը բան չկա՝ դրանք սնամեջ են: Եվ այսպես: Առաջին «միտքն» այն է, որ պատերազմում խայտառակ պարտություն կրած երկիրը, որը համաձայնում է հաղթող կողմի բոլոր պահանջներին, կարող է վերածվել տարածաշրջանային գործոնի: Երբ այդ երկրի ղեկավարին տշում են այս ու այն կողմ, վիրավորում են ու ստորացնում, սպառնում պատերազմով, իսկ ինքը խաղաղություն է մուրում՝ դա անվանելով խաղաղ դարաշրջանի մեկնարկ, ու այդպիսի մեկնարկով վերածվում է տարածաշրջանային գործոնի: 

Անցնենք առաջ: Պետք է ժամանակին ուսումնասիրեի հրեաների ու հատկապես ժամանակակից Իսրայել պետության պատմությունը, որպեսզի իմանայի, որ պատերազմում պարտված, իրեն հաղթող երկրի շահերի շրջանակում ձեւավորված օրակարգով շարժվելը նշանակում է սեփական ապագան ինքնուրույն որոշելու գործընթաց: Երբ այդ ապագան իրականում որոշվում է ոչ թե սեփական՝ «բանտիկով» մուրճի թափահարումով, այլ թշնամի երկրի ղեկավարի քմահաճույքով:
Պետք է իմանայի, որ, ի տարբերություն Իսրայել պետության, հակամարտությունների մեջ հավերժ մնալ է նշանակում ազգային եւ պետական շահին նախանձախնդիր լինելը: Եվ այդ նախանձախնդրությունը կարելի է գլխիվայր շրջել եւ անվանել այն «ճակատագրապաշտական բարդույթ, երբ ամեն ինչ որոշված է մեր փոխարեն, եւ մենք չենք կարող ոչինչ փոխել»: Իսկ հետո էլ ասվի, որ պետք է դուրս գալ այդ արատավոր շրջանից (օգտագործվել է «օղակ» բառը, թեեւ պետք է լիներ «շրջան»): Չնայած այն, ինչ արվել է մինչ 2018-ի հակահայկական «թավշյա» կոչված իշխանափոխությունը, նպատակամղված է եղել հենց այն բանին, որ ինքներս լուծենք մեր խնդիրները: 

Պետք է արձանագրեի, որ նիկոլական «որքան շատ ենք ատում թուրքին, այնքան շատ ենք ատվում նրա կողմից» անհեթեթ դրույթին գիտական տեսք հաղորդելու համար կարելի է դիմել կոնֆլիկտաբանության օգնությանը: Որ 2016-ի ապրիլյան քառօրյան ոչ թե հաղթական էր, այլ ընդամենը «իրերի իրական դրությունը թաքցնելու, սեփական ուժերը տասնամյակներ շարունակ գերագնահատելու» դրսեւորում: Որ յուրաքանչյուր նորմալ պետության տեսակետից անհրաժեշտ ազգային արժանապատվություն եւ ազգային օրակարգ ձեւավորելը պարտության խորհրդանիշ անձի եւ նրա իշխանության կողմից պետք է ներկայացվի որպես կեղծ-ազգայնականություն՝ շարունակելով ՀՀ առաջին նախագահի պարտվողական քաղաքականությունը: Եվ դա՝ այն դեպքում, երբ ժամանակակից Իսրայել պետության պատմությունն ապացուցել է դրան հակադիր տեսակետի ճշմարտացիությունը:

Սակայն բոլոր այդ հանգամանքների «իմացության» ու արձանագրումների արանքում, անկախ ինձնից, մի պահ մտովի վերադարձա 2020 թվականի օգոստոսի սկիզբը, երբ հուլիսյան շարքային դիրքային մարտը Սարդարապատում փիառվեց որպես 1918-ի մայիսյան հերոսամարտին հավասար իրադարձություն: Ու զարմացա, որ օգոստոսյան այդ օրը «կոնֆլիկտների լուծման ձգտող անհատների կամ ուժերի» կողմից չի գիտակցվել, որ Սարդարապատում ներկայացում բեմադրելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կազմակերպել էր ուժերի գերագնահատման արարողություն: Եվ ոչինչ չի արվել այն կասեցնելու ուղղությամբ:

Փաստորեն, փողոցում հանուն հայկական արժանապատվության հաստատման եւ պետականության պահպանման կռիվ մղող ընդդիմությունը խանգարում է գործող իշխանությանը, որպեսզի վերջինս, ենթարկվելով Ադրբեջանի կամքին, դառնա տարածաշրջանային գործոն: Որպեսզի վերջինս, դավաճանելով հայկական ազգային նպատակներին եւ այդ թվում՝ Հայաստանի անկախության ձեւավորման հիմքում դրված՝ Արցախի հայկական մնալու գաղափարին, այն ներկայացնի որպես «մեր իսկ ճակատագիրը որոշելու մեր կամքի» դրսեւորում: Եվ այդ ամենը ներկայացնի որպես մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը տանող ճանապարհ: Այո, Նիկոլի օրոք Հայաստանը շրջվել է գլխիվայր, եւ մեզ այլ ելք չի մնում, քան Նիկոլին հեռացնելով՝ այն ոտքի կանգնեցնելը: