Իսկապե՞ս բեղերս այդքան վատն են

Իսկապե՞ս բեղերս այդքան վատն են

Լրագրող Լիզա Ճաղարյանին բեղերս դուր չեն գալիս: Դա ինձ համար ցնցող նորություն էր, ի դեպ: Բայց դա չէ այս պահին էականը: Նրան դուր չի գալիս նաև կայքը, որտեղ հրապարակվել է թավշե կրակի տակ հայտնված Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին սատարող հոդվածս՝ «Ահաբեկիչներին, այո, պետք է ֆիզիկապես ոչնչացնել տեղում» վերնագրով: Լիզան չակերտել է Hraparak.am կայքը՝ անվանելով «անաչառ»: Սա էլ կմարսեմ, ոչինչ, թեև խմբագիր Լիզա Ճաղարյանին երբեք չեմ տեսել հայ լրագրության երկնակամարում անաչառությամբ փայլելիս: Որ մի քիչ հետ եմ գնում ժամանակի մեջ, մեկ էլ հիշում եմ, թե Լիզա Ճաղարյանը ոնց էր գովերգում Ռոբերտ Քոչարյանին ու ոնց էր, հազար ներողություն, քրֆում Նիկոլին… Մի խոսքով՝ տերդ մեռնի, անաչառ լրագրություն՝ Լիզայի կատարմամբ: 

Ինձ չի հետաքրքրում նաև այն, թե ինչ կարծիք ունի Լիզա Ճաղարյանը Դաշնակցության մասին: Նրա գաղափարական հայր Լևոն Տեր-Պետրոսյանը և այն գեղի կլուբը, որից սերում է Ճաղարյան Լիզան, իրենց ուժերը փորձել են Դաշնակցության դեմ պայքարում և մի գեղեցիկ օր, գուցե, Լիզային կպատմեն ողջ եղելությունը, և Լիզան կհասկանա, թե իրականում ինչպիսի կազմակերպություն է ՀՅԴ-ն: Եվ վերջապես՝ Լիզան այնպես է արտասանում «Դաշնակ Էդո» բառակապակցությունը, ասես՝ 20 թվի նոյեմբերն է դրսում: Լիցքաթափվիր Լիզա, այդ բառակապակցությամբ դու միայն պատիվ ես անում ինձ:

Գամ գլխավորին: Ճաղարյան Լիզան հետաքրքրվել է՝ բա ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը տեղում «ֆիզիկապես չոչնչացրեց» հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներին: Գիտե՞ս ինչու, Լիզա… Որովհետև ՀՀ ՊՆ-ում հավաքված ՀՀՇ-ական տականքը (գիտես չէ՞ ինչ տականքների մասին է խոսքը), Ռոբերտ Քոչարյանից առաջ ընկած, դրդում էր գրոհել ԱԺ-ն և ոչնչացնել ահաբեկիչներին: Ու հենց այդտեղ Ռոբերտ Քոչարյանը հասկացավ խաղը՝ ահաբեկիչները վերացվում են տեղում, և նախճիրը մնում է իր վզին… Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է, այն ծանո՞թ է քեզ, Լիզա: Դաշնակցության ներկայացուցչին զանգելն էլ նույն օպերայից էր Լիզա: Որ մի քիչ մտածես, ինքդ էլ գլխի կընկնես:
Հ.Գ. Սպասեք, բայց ինչու չհետաքրքրվե՞մ որ… Լիզա ջան, ճիշտն ասա, ինչո՞ւ քեզ դուր չեկան բեղերս…