Մանուկյանը՝ ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու. արտասահմանյան ԶԼՄ-ների անդրադարձը

Մանուկյանը՝ ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու. արտասահմանյան ԶԼՄ-ների անդրադարձը

Արտասահմանյան մամուլն անդրադարձել է Հայաստանում բողոքի ցույցերին և անցումային կառավարության ժամանակավոր ղեկավարի թեկնածուի առաջադրմանը։

Միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունն իր «Հարյուրավոր մարդիկ բողոքում են Հայաստանի վարչապետի դեմ, փակում փողոցները հրադադարի համաձայնության կապակցությամբ» (Hundreds protest against Armenian PM, block streets over ceasefire deal - 03.12.2020) հոդվածում գրել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան հարյուրավոր հայեր փակել էին մայրաքաղաք Երևանի փողոցները և կոչ էին անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ այն հրադադարի համաձայնության կապակցությամբ, որն անցյալ ամիս ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները Լեռնային Ղարաբաղում։

Reuters-ը նաև անդրադարձել է նույն օրը ցույցերից առաջ ընդդիմադիր 17 կուսակցության կողմից ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը՝ որպես Փաշինյանի հնարավոր փոխարինողի, վարչապետի պաշտոնում՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

«Այս քայլը չունի իրավական ուժ, բայց ցույց է տալիս հասարակության զայրույթը Փաշինյանի նկատմամբ, ով ընդունեց լիակատար պատասխանատվություն հակամարտության արդյունքի համար, բայց ասաց, որ այժմ նա է պատասխանատու ազգային անվտանգության ապահովման և Հայաստանի կայունացման համար»,- նշում է «Ռոյթերսը»։

Այնուհետև մեջբերում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը՝ «Մանուկյանը կարող է աշխատել որպես վարչապետ առանց կուսակցական պատկանելության, այնուհետև նշանակել արտահերթ ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու»: «Ռոյթերսի» հոդվածն արտատպել են մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ։

Ռուսական «ՏԱՍՍ» լրատավական գործակալությունը «Հայաստանի ընդդիմությունը Մանուկյանին առաջադրեց վարչապետի պաշտոնում» (Оппозиция Армении предложила Манукяна на пост премьера - 03.12.2020) վերտառությամբ հոդվածում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայաստանում 17 ընդդիմադիր կուսակցություն որոշել է կառավարության ղեկավար առաջադրել նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Վազգեն Մանուկյանին:

«Վարչապետի պաշտոնում ընդդիմությունից միացյալ թեկնածուն կլինի Վազգեն Մանուկյանը: Փաշինյանի հրաժարականից հետո մենք ուզում ենք անցումային կառավարություն ստեղծել, Մանուկյանը կգլխավորի այն», - «Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքերն է մեջբերել «ՏԱՍՍԸ»:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Հայաստանի ընդդիմությունը կարծում է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին ստորագրած համատեղ հայտարարությունն էապես կապիտուլյացիա է: Փաշինյանի ընդդիմախոսները վարչապետին անվանում են նաեւ պատասխանատու հանրապետության ներքին տնտեսական եւ սոցիալական խնդիրների համար»,- գրել է ռուսական տեղեկատվական գործալությունը՝ հավելելով, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ իշխանությունը փոխանցել ազգային համաձայնության կառավարությանը։

Գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության ռուսական ծառայությունը «Հայաստանում ընդդիմությունը Մանուկյանին է առաջադրել ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնին» (Оппозиция в Армении выдвинула Манукяна на пост главы временного правительства - 03.12.2020) հոդվածում գրել է, որ Հայաստանում ընդդիմությունը երկրի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է նախկին վարչապետ և ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանին:

 «17 ընդդիմադիր կուսակցության խորհրդի նիստը քիչ առաջ ավարտվեց: Որոշվեց Վազգեն Մանուկյանին առաջադրել Հայաստանի ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում», - գերմանական լրատվամիջոցը մեջբերել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքերը։