Տեխնիկական կանեփ ցանած գործարարը դեպրեսիայի մեջ է

Տեխնիկական կանեփ ցանած գործարարը դեպրեսիայի մեջ է

Տեխնիկական կանեփ ցանած գործարարը, որի հարցը կառավարության հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դեպրեսիայի մեջ է։ Նա այսօր չի գնացել Գևորգ Գորգիսյանի հետ նախապես պլանավորված հանդիպմանը, հրաժարվում է լրագրողների հետ հանդիպումից։

Գործարարը, ինչպես հայտնի է, պնդում էր, որ կառավարությունից ունեցել է մեկ հեկտարի վրա  տեխնիկական կանեփ ցանելու ու արտադրութուն հիմնելու համաձայնություն և ըստ այդմ՝ ներկրել է 170 հազար դոլարի սերմացու, ցանել այն, արտի պահպանությունն էլ ոստիկանության հետ կնքված պայմանագրով իրականացրել է ոստիկանական կառույցը, սակայն հենց եկել է բերքը հավաքելու ժամանակը, նույն այդ ոստիկանությունը առգրավվել է այն, ինչ ամիսներ շարունակ պահպանել է։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում պնդում էր, թե չէր կարող լինել թույլտվություն, քանի որ տեխնիկական կանեփի մշակումը համարվում է հակաօրինակ գործունեություն։ Նաև վիճարկում էր այն գումարը՝ մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, որը գործարարը, ըստ Գորգիսյանի՝ ծախսել է ներկրման և մնացած գործողությունների վրա։ Գևորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սույն գործարարը հայ-ամերիկյան կապիտալով աշխատող կազմակերպության ներկայացուցիչ է։

Ըստ նրա՝ եթե անգամ ճիշտ է փոխվարչապետը՝ պնդելով, որ գործարարը չափազանցնում է իր ներդրումների չափը, միևնույն է՝ խոսքը խոշոր գումարների մասին է։

Ինչ վերաբերում է կառավարության մեկնաբանություններին, ապա Գորգիսյանն ասում է․«Կառավարության պատասխանից ստացվում է, որ մարդն անարգել  կարող է մեկ հեկտար կանեփ ցանել»։