Կյանքի չկոչված եռակողմ հայտարարությունը

Կյանքի չկոչված  եռակողմ հայտարարությունը

ՀՀ առաջին նախագահն այսօր հանրության հետ կիսվել է, իր ասելով, հասարակության համար գաղտնիք մնացած եռակողմ հայտարարությամբ, որը ժամանակին կյանքի չի կոչվել: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, վերջինիս առաջարկով ս.թ. մարտի 25-ին պետք է հրապարակվեր ընդդիմադիր «Ազգային համաձայնության դաշինքի» կազմավորման վերաբերյալ ՀՀ երեք նախագահների համատեղ հայտարարությունը: Սակայն 2-րդ նախագահը մերժել է առաջարկը՝ գտնելով դիվանագիտական պատասխանի տարբերակ (պատկերացնում եք՝ նախկինում Ռոբերտ Քոչարյանի կողմից ներքաղաքական հարցերում դիվանագիտություն դրսևորվեր), 3-րդ նախագահը լուռ է մնացել (Սերժ Սարգսյանն այդ հարցում ինքն իրեն չի դավաճանել): Կարծում եմ, սակայն, որ ով էլ լիներ Քոչարյանի ու Սարգսյանի տեղը՝ նույն վերաբերմունքը կդրսևորեր՝ հաշվի առնելով 2007-2008 թթ.-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում (2008 թ.-ի մարտի 1-ն էլ վերադիր) վերջիններիս հասցեին տեր-պետրոսյանական բնութագրումները և այն հանգամանքը, որ այսօր Տեր-Պետրոսյանն ունի անուն, սակայն ոչ ազդեցություն՝ վերջինիս հիմնադրած ՀԱԿ-ը («Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը) չունի մեծաքանակ անդամներ և համակիրներ և իրենից լուրջ քաղաքական ուժ չի ներկայացնում:

Իհարկե, ժողովրդավարության անվան ներքո Հայաստանում մեկ անձի կողմից կառավարվող «ոստիկանա-քննչական-աածական» ռեժիմ հաստատած Փաշինյանի դեմ պայքարում՝ հատկապես դրա ընտրական գործընթացում, ինչպես ասվում է, շյուղն անգամ կարող է օգուտ տալ: Սակայն այդ դեպքում խնդիր է առաջանալու դափնիներ բաժանելիս, եթե, իհարկե, դա տեղի ունենա. պատկերացրեք՝ 3-րդ ուժը շյուղի հավասար աջակցություն է ներդնում, սակայն հավակնում է փոխնախարարական և նույնիսկ նախարարական պորտֆելների: Իսկ ավելի քան 10 տարի բիզնեսի ոլորտում մասնագիտացած (դա իր խոսքերն են) Քոչարյանը շահաբաժին հատկացնելիս սովոր է հաշվի առնել գործընկերների ոչ թե վիրտուալ, այլ իրական ներդրումները: Իսկ առանց ազդեցիկ քաղաքական ուժի տեր-պետրոսյանական ներդրումը կլիներ զուտ վիրտուալ: 

Սակայն փաշինյանական իշխանության դեմ Քոչարյանի ներքաղաքական պայքարում լուրջ ներդրում կլինի Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության աջակցությունը՝ թե՛ աչքի ընկած կուսակցական առանձին գործիչների և թե՛ կուսակցության անդամների ու համակիրների առումով: Այս դեպքում ներդրումը կլինի խիստ առարկայական, և Փաշինյանը ստիպված է լինելու մի քանի աստիճանով բարձրացնել պոպուլիզմի մակարդակը և մի քանի անգամ մեծացնել ստի դոզաները: Չմոռանալով, բնականաբար, վարչական ռեսուրսի չարաշահման մասին՝ հատկապես իր «ոստիկանա-քննչական-աածական» ուժերի առումով: