Գործ կա…

Գործ կա…

Երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ պաշտոնից ազատեց նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ես մտքումս հստակ ասացի՝ այստեղ մի բան այնպես չէ: Տեսեք, եթե Վանեցյանը մինչ այդ իրեն որոշ արտահայտություններ էր թույլ տվել, ապա Օսիպյանը, որպես համեստության մարմնացում, խոհեմաբար լռություն էր պահպանում և լռելյայն տանում իր խաչը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ երկուսին միասին Բնավորությամբ սարուձորի տարբերություն ունեցող այդ մարդկանց ընկերովի ազատումը պաշտոններից երկար ժամանակ չէր տեղավորվում գլխումս, և ես ավելի շատ հակված էի մտածել, որ Փաշինյանն ուղղակի քայլ է անում, մեկն այն քայլերից, որոնք, որպես կանոն, ավարտվում են խայտառակությամբ:

Այսպես կասկածների մեջ էլ զանգեցի գլխավոր խորհրդականիս՝ մեր հարևան Շմավոնին, որ օգնի ինձ լուծելու այդ դիլեման.

-Բարի օր, Շմավոն, ես եմ, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչ է նշանակում Վանեցյանին և Օսիպյանին համաժամանակյա պաշտոնանկ անելը:

-Տենց բան ա եղե՞լ, ո՞վ ա պաշտոնանկ արել,- հարցիս հարցով պատասխանեց գլխավոր խորհրդականս:

-Շմավոն, քո տունը չքանդվի, ամբողջ աշխարհն է խոսում՝ դու ինձ ես հարցնո՞ւմ, բա ինչո՞ւ եմ քեզ աշխօր տալիս:

-Շեֆ, էսա ճշտեմ, զանգեմ, լա՞վ:

-Սպասում եմ…

Մինչև Շմավոնը կզանգեր, ես ահագին նոր բաներ իմացաիմացա: Պարզվեց,  որ իրականում Վանեցյանն է հրաժարական է տվել, իսկ Օսիպյանն էլ ազտվելով չի պրծել ու նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: Այսինքն, ես ճիշտ էի, Նիկոլը մի քայլ էր արել, որ սկսել էր կամաց-կամաց ավարտվել խայտառակությամբ: Ավելի ուշ կայքերը նաև գրեցին, որ Օսիպյանը թերթերից է իմացել իր նոր նշանակման մասին: Խայտառակությունն էլ ինչպե՞ս է լինում: Էն էլ ասեմ, որ Օսիպյանի նոր նշանակման լուրը տալուց հետո ինչքան ՔՊ-ական կար՝ բերանները ջուր առան նստեցին տեղները, ասես ոչինչ տեղի չէր ունեցել: Մտածեցի՝ կամ նրանք էլ հասկացան, որ վերահաս խայտառակության շեմին են, կամ էլ նրանց ասին՝ ձայն չհանեք, մինչև տեսնենք ինչ ենք անում: Իշխանականների տարօրինակ և կտրուկ լռությունն իր զանգով խախտեց Շմավոնը.

-Շեֆ, Նիկոլը Ամերիկայից ուղիղ եթեր է մտել, նայում ե՞ս:

-Չէ…

-Վայ, ինչ ես կորցրել, Վանեցյանի պագոններից խոսեց:

-Ո՞ւ…

-Ու էն, որ ասաց՝ Վանեցյանը գերագույն գլխավոր հրամանատարի դեմ հայտարարություններ է արել՝ այդկերպ իր ուսադիրները նետելով աղբարկղ…

-Իսկ Օսիպյանի ուսադիրներից չխոսե՞ց…

-Չէ, մենակ Վանեցյանի մասին խոսեց:

-Իսկ դու պարզեցի՞ր, թե ինչու է Օսիպյանին գլխավոր խորհրդական նշանակել:

-Չէ, շեֆ, աղբյուրներս պարտիզանի պես լռում են:

-Շմավոն, մինչև չպարզես՝ աչքիս չերևաս, դա շատ կարևոր է: Օսիպյանի հանդեպ անարդարություն է տեղի ունենում, հասկանո՞ւմ ես:

-Ո՞ր պահով, շեֆ, Ժիրոյե՞նց:

-Պահը չգիտեմ, բայց Օսիպյանի հանդեպ հաստատ անարդարություն է տեղի ունենում, գյոզալ գործը ձեռքից առել է, թե գլխավոր խորհրդական եմ նշանակում: Աշխատիր, Շմավոն, աշխատիր, երկար չկորչես, սպասում եմ…

-Իսկ Վանեցյանի գո՞րծն ինչ անեմ, ատբոյ տա՞մ:

-Հա, հա, Վանեցյանի մասով դեռ սպասողական վիճակ է, խոստացել է հենց տեղը գա՝ բաներ է ասելու, դեռ սպասենք: Մյուս կողմից էլ՝ էդ ԱԱԾ-ն շառոտ հիմնարկ է, նրանց կողմերում չերևաս:

-Ոնց կասես՝ շեֆ…

Մի տևական ժամանակ Շմավոնը չզանգեց: Ես էի զանգում, բայց Շմավոնը կամ անջատել էր հեռախոսը կամ գտնվում էր ռադիոծածկույթից դուրս: Այդ ընթացքում ահագին ջրեր հոսեցին: Օսիպյանը նոր պաշտոնում աշխատանքի չներկայացավ, Նիկոլի խոսնակը դա պայմանավորեց Օսիպյանի՝ արտերկիր արձակուրդ մեկնելով, բայց չկարողացավ բացատրել, թե ինչու էր այդ արձակուրդը Օսիպյանի հաշվին: Ամեն դեպքում, Օսիպյանը արձակուրդում մի փոքր հանգստացավ, Հայաստանում էլ կրքերը մի փոքր հանդարտվեցին, բայց հենց արձակուրդը լրացավ, նորից խոսակցություններ տարածվեցին, որ Օսիպյանը գործի չի գնում: Կառավարության միջնաբերդից էլ լռեցին այնքան, մինչև թերթերից մեկը, էլ չդիմանալով, նյութ տպեց, որ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Նորից խառը աղաղակ բարձրացավ: Մի քանի րոպե անց Օսիպյանը հայտարարեց, որ նման դիմում չի գրել:

Բայց ոնց էի զայրացել Շմավոնի վրա, չեք պատկերացնի: Էդ մարդը, հենց ինձ ամենաշատն է պետք, կորչում է…
Վերջապես զանգեց:

-Շե՞ֆ…

-Զխկում քեզ, ո՞ւր ես այ տղա…

-Շեֆ, չես պատկերացնի, Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել:

-Գիտեմ, հետո էլ հերքել է, բան ունե՞ս ավելացնելու:

-Դու դալշե լսի, շեֆ, նա իսկապես դիմում է գրել, Փաշինյանն էլ մակագրել է:

-Հաստա՞տ:

-Հաստատ, մեկի տեղ երկու դիմում է գրել:

-Այսի՞նքն…

-Չես հավատա, առաջին դիմումով խնդրել է իրեն ազատել գլխավոր խորհրդականի պաշտոնից, իսկ երկրորդով՝ այլևս աշխատանքի չընդունել:

-Շմավոն, քեզ որտեղի՞ց այդ տեղեկությունը: Հաստատ մեկը ֆռռացրել է:

-Չէ, չէ, երկու դիմումն էլ նկարել եմ հեռախոսով, ՖԲ-դ միացրու, ուղարկեմ…

Հ.Գ. Տեղի ունեցածի մասին երկար-բարակ մտածելու ժամանակ այլևս չկար: Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը թափուր էր, ու պետք էր կոնկրետ քայլ անել:
Շատ չանցած Շմավոնը եկավ՝ ինքն իրենից գոհ, համարյա շվշվացնելով:

-Արի, Շմավոն, գործ կա:

-Ի՞նչ գործ:

Լավ գործ, դիմում եմ գրել Նիկոլին: Ես էլեկտրոնային տարբերակը կդնեմ նրա պատին, իսկ դու գրավոր տարբերակը կտանես կառավարություն, կհանձնես Նիկոլին, առձեռն: Լսեցի՞ր, առձեռն: Բայց մի հատ կարդա՝ տառասխալներ չլինեն:

-Կարդամ, շեֆ…

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանից
Դիմում…
Խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի, որպես վարչապետի գլխավոր խորհրդական:
Իմ մասին լրացուցիչ հայտնում եմ, որ Ձեզ խորհուրդներ տալու մեկուկես տարվա հարուստ աշխատանքային փորձ ունեմ:
Դիմող՝ Էդ. Անդրեասյան»

-Շեֆ, էս վերջին պարբերությունը պետք ա՞ որ…

-Որ գրել եմ, ուրեմն պետք է, Շմավոն:

-Բայց կզայրանա…

-Ոչինչ, դու դիմումը տուր իրեն ու շուտ թռի, ոտքդ կախ չգցես:

-Ոնց կասես, շեֆ…