Եթե ոչ այսօր, ապա վաղը սրա համար պատասխան են տալու

Եթե ոչ այսօր, ապա վաղը սրա համար պատասխան են տալու

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի հեռարձակումը դադարեցվել է 30 օրով։ Պարզաբանումը հետևյալն է. «Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»։ Զրուցեցինք Անժելա Թովմասյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ դա իր դեմ ուղղված քայլ է, և այս ամենը անաղմուկ չի անցնելու․

«ՀՌՀ-ը որոշում է կայացրել 30 օրով դադարեցնել «հայելու առաջ» հաղորդաշարի թողարկումները։ Նման տրամադրվածություն իշխանափոխությունից հետո ես շատ արագ զգացել եմ՝ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ էր հեռարձակվում իմ հաղորդումը, ես հիմա վստահաբար կարող եմ ասել, որ իրենց ճնշման արդյունքում պարոն Ծառուկյանն այդ քայլին գնաց, իմ հաղորդումը այնտեղ չհեռարձակվեց։ Ի պատիվ «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Քառյակ մեդիայի»՝ իրենք ինձ հրավիրեցին աշխատանքի, բայց այնտեղ աշխատելու առաջին փուլից էլ նկատելի էր, որ իշխանությունները շատ ծանր են տանում, տաբեր մեթոդներով փորձում էին ճնշել, ՀՌՀ-ն ակտիվացել էր, վստահաբար նրա հետևում կանգնած էր իշխանությունը, փորձում էին տուգանքներով, զանգերով, այս կամ այն ճանապարհով հնարավորինս խափանել իմ գործունեությունը «Արմնյուզում» և ընդհանրապես եթերում։ Այսինքն՝ սա նոր տրամադրվածություն չէ իրենց կողմից, սա շատ կոնկրետ է՝ և երեկ, և այսօր․․․ Մենք շատ ենք խոսել սրա մասին, ասել ենք, որ իշխանությունները կզբաղվեն ընդդիմադիրներով, այլախոհներով, այս հարցը լուծելուց հետո իշխանությունները կանցնեն փաստաբաններին, ապա կանցնեն ԶԼՄ-ներին։ Մենք այս ամենի մասին բարձրաձայնելու առիթներ ունեցել ենք։ Կեղտոտ գործիքակազմ այս օրերին բանեցրին, բանեցնում են։ Եթե մենք թույլ տանք, ապա կբանեցնեն նաև վաղը։ Խառը ժամանակներ են, պատերազմական իրավիճակ է, օգտվելով նրանից, որ ընդունեցին տեղեկատվությունը սահմանափակելու որոշումը, իրենց նպատակն իրագործում են։ Սա շատ կոնկրետ իմ դեմ ուղղված քայլ է, «Քառյակ մեդիայի» և «Արմնյուզի» դեմ ուղղված քայլ է։ Հայտնի է, որ «Հայելու առաջ» հաղորդման շրջանակներում բոլորի համար խոսքի ազատություն կար, մարդիկ քննադատում էին, իրենց ազատ խոսքն էին հնչեցնում։ Սա նշանակում է՝ խոսքի ազատության սահմանափակում, պետք է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել, որովհետև այս պատերազմական օրերին առավել քան կարևոր է խոսքի ազատությունը, մամուլի դերակատարումը։ Մենք թշնամու հետ պատերազմի մեջ ենք, բայց այս մարդիկ շարունակում են իրենց նեղ անձնական հարցերով առաջնորդվել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը սրա համար հաստատ պատասխան են տալու։
Ինչ վերաբերում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, ապա ակնհայտ է, որ նա անձնական տրամադրվածություն ունի իմ նկատմամբ, որն այս կամ այն կերպ դրսևորվել է իր գրառումներով և այլն։ Այնպիսի տպավորություն է, որ այս մարդը քնում և արթնանում է «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ 1-2 սուր խոսք ասող մարդկանց թիրախավորելով․․․Ի՞նչ ասեմ, ի՞նչ կարող եմ ասել մի անձի մասին, որը ինչ-ինչ մութ գործերով է հայտնի, ես հիշում եմ՝ ժամանակին մամուլում եղան հրապարակումներ, որ նա կալանքի տակ է, հետո արդեն հայտնի դարձավ, որ  իր հարցերը կարողացել է լուծել՝ երևի շատ է խնդրել Սերժ Սարգսյանին․․․Հետո կարողացավ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն իրեն ՀՌՀ-ում պաշտոն տվեց։ Բայց դե ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի։ Ինձ հետաքրքիր է, թե երբ որ գա ժամանակը, ի՞նչ դռներ կփորձի թակել Տիգրան Հակոբյանը։ Ես իրենց հաջողություն եմ մաղթում, մեզ էլ եմ հաջողություն մաղթում, այսպիսի բաներ շատ ենք տեսել, սա էլ կանցնի, կգնա, բայց վստահեցնում եմ, որ գալու է պատասխան տալու ժամանակը»։

Հարցին, թե կոնկրետ պարզաբանե՞լ են՝ ինչի համար են 30 օրով դադարեցրել հաղորդաշարի հեռարձակումը, Թովմասյանը պատասխանեց․

«Պարզաբանվել է, որ կորոնավիրուսի հետ կապված ինձ մոտ եղել են մասնագետներ՝ բժիշկներ, խոսել են վտանգների մասին, թե ինչ է տեղի ունենում երկրում։ Դա եղել է մինչ պատերազմը և ռազմական դրություն հայտարարելը։  Պատերազմը սկսվելուց հետո սա ձայնային հեռաձակմամբ եղել է «Արմնյուզ ռադիոյի» եթերում, խոսվել է միայն կորոնավիրուսի վտանգների մասին։ Իրենք էլ էին առավոտից գիշեր այդ վտանգների մասին խոսում, մի հատ թող վարչապետի գրառումները նայեն․․․ կառչելով սրանից այսպիսի որոշում են կայացրել>։