ԲՀԿ-ն իր լիցենզավորված անդամներին չի տա «ոչ»-ին

ԲՀԿ-ն իր լիցենզավորված անդամներին չի տա «ոչ»-ին

«Ոչ»-ի քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը, ինչպես հայտնի է, դիմել էր ԱԺ ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցություններին, որոնք տեղամասերում ունեն հանձնաժողովի լիցենզավորված անդամներ, որպեսզի ընտրական հանձնաժողովում «այո»-ի հետ միասին անդամներ նշանակելու հնարավորություն ունենան։

«Ոչ»-ի ճակատն այս թափուր տեղերը սեփական ուժերով լրացնելու հնարավորություն չունի։ ԼՀԿ-ն չէր մերժել, մեկնաբանությամբ, որ ընտրությունների արդար ընթացքը վերահսկելու համար իրենք անդամներ կտան, իսկ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում դիմել էր Մելիքյանը, մեզ հետ զրույցում ասաց․ «Այո, պարոն Մելիքյանը դիմել է ինձ, եւ մեր դիրքորոշումը հստակ է, եւ պետք է վերահաստատեմ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական դիրքորոշումը։ Այն է՝ այս գործընթացին մենք չենք մասնակցելու։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է»։ Նկատեցինք՝ «ի դեպ, Արման Եղոյանը երեկ ԲՀԿ-ին գովում էր դրա համար»։ Նաիրա Զոհրաբյանը որեւէ մեկնաբանություն չունի, ընդամենն ասում է․ «Ես չեմ կարող մարդկանց էմոցիաները եւ գնահատականներն ինչ-որ սրբագրումների ենթարկել։ Մենք չենք վերլուծում՝ իրենց գնահատականն է, իրենց իրավունքն է»։