«Վասալության» մասին

«Վասալության» մասին

Ռուսաստանում Սահմանադրություն է փոխվում: Եւ հայ լրագրողն ասում է, որ այնտեղ հնարավոր են ցնցումներ: Հայաստանը պետք է պատրաստ լինի, որպեսզի վերանայի այդ երկրի հետ «վասալային հարաբերությունները»:

Ինչի՞ մասին է խոսքը: Հնարավո՞ր է քո անվտանգությունը եւ ապագայի տեսլականը կապել մի երկրի հետ, բայց նրա հետ խոսել «վերեւից» կամ գոնե հավասարը՝ հավասարի սկզբունքով:

Որպեսզի Ռուսաստանից «վասալային» կախվածություն չունենանք, պետք է կարողանանք կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ: Երբ մամուլում արծարծվում է աբխազահայության «քաղաքական գործոնի» թեման, դա ինքնուրու՞յն դիտարկում է: Օտարներն, օրինակ, դրանից տպավորվում են, որ զուտ աբխազների միջոցով այդ տարածքը Վրաստանից վերջնականապես անջատելու ռուսական ծրագիրն այդպես էլ չաշխատեց, եւ Մոսկվան որոշել է «հայկականացնել Աբխազիան»:

Այս իրավիճակում ինչպե՞ս են պատկերվում հայ-վրացական, Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Միջազգային հեղինակավոր փորձագետները գրեթե միաձայն ասում են, որ ԼՂ հակամարտության ստատուս-քվոն չի փոխվում, որովհետեւ դրանում Մոսկվան շահագրգռված չէ: Ստատուս-քվոյի փոփոխությամբ շահագրգռված չենք առաջին հերթին ինքներս: Հիմա դա Ռուսաստանից «վասալային» կախվածությու՞ն է, վերցնենք-հրաժարվե՞նք:

Ռուսական շրջանակները հայ-թուրքական սահման չեն ճանաչում, ասում են՝ ԱՊՀ արտաքին պարագիծ, որ հսկում են ԱԴԾ զորքերը: Ի՞նչ խնդիր է լուծում Գյումրիի ռուսական ռազմահենակայանը: Մեզ ապահովագրում է Թուրքական ներխուժումի՞ց, թե դեպի Մերձավոր Արեւելք ռուսական եւս մի «ցատկահրապարա՞կ» է: Եթե դու քեզ զգում ես թշնամի միջավայրում, ապա արտաքին հովանավորությունը դառնում է անհրաժեշտություն, զուտ ֆիզիկական գոյության երաշխիք: Կարելի է ՀԱՊԿ-ն փոխել ՆԱՏՕ-ով: Բայց նախ Բրյուսելում մեզ ոչ ոք չի սպասում, երկրորդն էլ դրանից ի՞նչ կփոխվի: Սկզբունքորեն՝ ոչինչ:

Մի «վասալությունը» կփոխարինվի մյուսով: Թերարժեքություն է Ռուսաստանից դժգոհել, թե մեր հողերը նվիրել է Թուրքիային: Հայաստանի առաջին հանրապետությանը, հայ ժողովրդին հավասարապես «դավաճանել են» Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը: Բայց մինչ այդ մեզ ինքներս ենք «դավաճանել»՝ ցնորամտորեն տրվելով «Մեծ Հայաստանի» խաբկանքին: Վաղը Մերձավոր Արեւելքում ինչ վերաձեւումներ էլ արվեն, մենք ոչինչ չենք շահելու, որովհետեւ այն տարածքներում, որ մենք հայրենիք ենք գիտակցում, արդեն մեկ դարից ավելի է՝ հայ չկա:

Եւ որեւէ գերտերություն, ռազմական բլոկ Թուրքիայում էթնիկ ստերիլիզացիա չի անելու, որպեսզի մեզ նվիրի Հայաստան՝ երկիր դրախտավայրը:  Ուզու՞մ ես «վասալ» չլինել՝ գնա եւ հարեւաններիդ հետ երկխոսիր: Քո հնարավորությունների չափով եւ իրականության սթափ գիտակցումով: Ապագայի պրագմատիկ հաշվարկով: Չե՞ս կարող՝ կմնաս «վասալ»: