Ոչ երանի նրանց

Ոչ երանի նրանց

Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանն անցավ ընտրական թոհուբոհի միջով: 26 քաղաքական ուժ, մոտ 2 հազար 500 պատգամավորության թեկնածու մասնակցեցին հունիսի 20-ի ընտրություններին: Անցել է 3 ամիս, եւ թեկնածուների այն մասը, որը չի անցել խորհրդարան, այսօր «ոչ երանի» է տալիս պատգամավոր դարձածներին, որովհետեւ Ազգային ժողովում գտնվելը նմանվել է մարտադաշտում գտնվելուն: Այստեղ ոչ միայն շշեր են թռչում, քացով ու բռունցքներով իրար վրա են հարձակվում, այլեւ վիրավորում են միմյանց, չեն լսում եւ չեն հասկանում իրար:

Ընդդիմության ներկայացուցիչների նյարդերը մշտապես պրկված են, եւ անզորության զգացում ունեն, իշխանության ներկայացուցիչներն էլ պարզապես կոճակ սեղմողներ են, որոնք ոչինչ չեն որոշում: Նրանց փոխարեն որոշում են մեկ-երկու հոգի, եւ նրանք ստիպված են այդ որոշումներն իրականացնել, անգամ եթե համաձայն չեն դրանց հետ: Խելացի մարդիկ հասկանում են, որ առանձնապես երանելի վիճակում չեն նաեւ գործադիրում գտնվողները` բարձր պաշտոն զբաղեցնողները, երկիրը կառավարողները:

Եթե մարդը մի փոքր խելք ունի, կհասկանա, որ այսքան բարդ ու խճճված խնդիրներ լուծելն այդ պաշտոնները զբաղեցնողների եւ, առհասարակ, ցանկացած մարդու ուժերից վեր բան է, ուստի նրանց նույնպես դժվար է երանի տալ, շատ ավելի ճիշտ կլինի` ցավակցել: Եթե, իհարկե, պաշտոնը զբաղեցնողը՝ լինի վարչապետ, նախարար թե համայնքապետ, գիտակցում է այն պատասխանատվության աստիճանն ու խնդիրների բարդությունը, որոնց լուծմանն է կոչված ինքը եւ որի համար է նստած այդ աթոռին: Իհարկե, կարող եք առարկել, որ այդ պատասխանատվությունը քչերն են գիտակցում, նրանք ավելի շատ պաշտոնի բերած առավելություններն ու արտոնություններն են վայելում: Բայց կա քարեր նետելու եւ քարեր հավաքելու ժամանակը: