Նման ձևով ժպտում է մանկիկը, ով ճանկել է սիրած խաղալիքը․․․

Նման ձևով ժպտում է մանկիկը, ով ճանկել է սիրած խաղալիքը․․․

Այս նկարի  մասին ամեն ինչ ասվեց։ Բոլոր կողմերին էլ լավ հասկանում եմ՝ և՛ ծիծաղողներին, և՛ նկարն արժևորողներին, և՛ անտարբերներին, և՛ քննադատողներին, և՛ պաշտպանողերին։ Գիտե՞ք ինձ ի՞նչն է անհանգստացնում, որ այս նկարում պատկերվածը հաճախակի  ասում է՝ դուք եք ինձ ընտրել, ինչպիսին եմ, այնպիսին էլ դուք եք։ Բառացի չի մեջբերումս, բայց այդ ծանր մրուրն է իմ մեջ նստել։ Ասում է՝ ես ձեր դեմքն եմ։ Կարո՞ղ եք առանց ցավ զգալու, առանց նրան քննադատելու նայել նրան ու նրա մեջ փորձել ձեզ, ընդհանրական Հայաստանը տեսնել։ Համոզված եմ, նրան նայելուց շատերդ կկոտրեք, փշուր- փշուր կանեք  հայելին, սարսափից կգոռաք՝ այդ ե՜ս չեմ․․․ Բայց հանդարտվեք, դժվարը սկիզբն է,- հոգեբանը կասեր։ Հանդարտվեք ու փոխեք ձեր դեմքը։ Կամքի ուժ է պահանջվում, հաստատակամություն, տևական բուժում, գիտակցականն անգիտակցականից զատելու նրբություն։ Ուշադիր նայեք այդ դեմքին։ Նման ձևով ժպտում է մանկիկը, ով ճանկել է սիրած խաղալիքը․․․ Տեսեք ի՜նչ բավարարվածություն կա նրա դեմքին, ի՜նչ հանգստություն, հանդարտություն։ Տեսե՝ք ի՜նչ փոքրիկ է, անօգնական, անպաշտպան, որը փորձում է գտնել իրեն պաշտպանողին, որը մեծահոգաբար ժպտում է, որ փոքրիկը գտել է իր խաղալիքը։  Նրան որպես առանձին անհատ կարելի է խղջալ, բայց չմոռանանք, որ նա ներկայացնում է երբեմնի հպարտ Հայաստանը, որն այսօր  անուժ,  կախյալ է դարձել․․․ Փոքրիկի մեջքի հետևում անձեռոցիկն է, որը երեխա ունեցողները կիմանան, թե ինչու են պահում։  Ինքը իր դեմքով արտահայտում է, հազար ներողություն, Հայաստանը, նրա երբեմնի հպարտ ժողովրդին։ Մտածե՞լ եք, որ այդ փոքրիկ ու խեղջ մարդը Հայաստանը դարձրել է իր կերպարին համահունչ։ Մի փշրեք հայելին, հանդարտվեք ու վերականգնեք ձեր դեմքը, արժանապատվությունը։ Դուք գիտեք, թե ինչպես են վերականգնում արժանապատվությունը։ Ուինսթոն Չերչիլն ասել է․ «Թռչունները քամու դեմ թռչելիս ավելի են բարձրանում»: Հայ ազգին վեր թռչող, բարձրացող, երամն իր հետևից տանող  թռչուն էր պետք, ոչ թե  թևազուրկ մեկը, ով չի գիտակցում, թե թևերն ինչի համար են ու փռվել է բոլորի աչքի առաջ՝ հարուցելով խղճահարություն։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ ու լուսանկար հրապարակել։