Ընկերներիս սատարելու եմ, բայց անձամբ գյուղից գյուղ այցելել եւ քարոզով չեմ զբաղվելու

Ընկերներիս սատարելու եմ, բայց անձամբ գյուղից գյուղ այցելել եւ քարոզով չեմ զբաղվելու

Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում սահմանադրական հանրաքվեից առաջ Արմավիրի մարզում, եւ որքա՞ն գումար է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը փոխանցել «Դվին մյուզիք հոլում» ՔՊ կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաքին։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ: 

- Պարո՛ն Մաթեւոսյան, որքա՞ն գումար եք փոխանցել: 

- Ճիշտն ասած, վերջնական իմ անունով չգիտեմ ով ինչքան է փոխանցել, ես իմ կողմից փոխանցել եմ 200 հազար դրամ: Բայց ես տեղյակ եմ, որ եղել են անձինք՝ իմ կողմից հրավիրված, որ մոտեցել են, իմ անունից գումար են փոխանցել: Քանի որ դա երեկ է եղել, կարծում եմ, որ 800 հազար դրամի սահմաններում: Իմ ընտանիքի անդամներն են գումար փոխանցել: 

- Դուք մասնակցելո՞ւ եք սահմանադրական հանրաքվեի  քարոզարշավին:

- Ոչ, ես ամեն դեպքում արձակուրդ չեմ գնալու: Մասնակցելու եմ, ընկերներիս սատարելու եմ, բայց անձամբ գյուղից գյուղ այցելել եւ քարոզով չեմ զբաղվելու: Ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնի, հետո էլ՝ աշխատանքային ժամեր են լինելու, հետեւաբար, չեմ մասնակցելու: Աշխատանքային ժամերից դուրս, երեկոյան ընկերներիս հետ եմ լինելու, խոսելու եմ իմ ընկերական շրջապատում, հարազատներիս մոտ:

- Մարզում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել, «Այո»-ի եւ  «Ոչ»-ի շտաբները ձեւավորվե՞լ են: 

- Շտաբները ձեւավորվել են: Երեկ տեղեկացաք, որ հաստատվեց  «Այո»-ի գլխավոր, վերջնական լոգոն: Մի քանի օրից մենք  տպարաններից կարող ենք վերցնել պաստառները եւ արդեն կունենանք փակցված պաստառները: 

- Շփվո՞ւմ եք քաղաքացիների հետ, ինչպիսի՞ն  է նրանց դիրքորոշումը եւ տրամադրվածությունը՝ կապված հանրաքվեի հետ: 

- Շատ լավ է քաղաքացիների տրամադրությունը, այսօր էլ աշխատանքի գալուց մարզպետարանի դիմաց քաղաքացիներ էին հավաքված, տարբեր հարցերով էին եկել մարզպետարան: Ծանոթներ կային, զրուցեցի՝ հասկացա, որ լավ են տրամադրված, կարծում եմ՝ մասնակցության խնդիր չենք ունենա, իսկ «այո»-ի մասնակցությունը մեր մարզում 90% կլինի:   

- Քաղաքացիներին ընդունելության ժամանակ նրանց հետ քննարկո՞ւմ եք սահմանադրական հանրաքվեի հետ կապված հարցեր:
 

 - Հանրաքվեի հետ կապված՝ ո՛չ: Քաղաքացիները մարզպետարան են գալիս իրենց խնդիրներով, համապատասխան բաժինների եւ վարչությունների են մոտենում: Հատուկ ընթացակարգ կա՝ քաղաքացիներին ընդունելուց խոսակցությունը գնում է բացառապես միայն աշխատանքի վերաբերյալ: 

- Խոսակցություններ են գնում, որ որոշ մարզերում  մարզպետները համայնքի ղեկավարներին հորդորում են աշխատել «այո»-ի օգտին: Այդպիսի խորհրդակցություն ունեցե՞լ եք համայնքի ղեկավարների հետ:

- Ես արդեն իսկ առիթ ունեցել եմ մարզխորհրդի նիստի ժամանակ ասել, որ եթե կան համայնքի ղեկավարներ, որոնք ուզում են մասնակցել քարոզարշավին, անկախ նրանից, թե որ ճամբարի կողմնակից կլինեն, իրենք պարտադիր կերպով, օրենքով նախատեսված կարգով պետք է գնան արձակուրդ, նոր մասնակցեն քարոզարշավին: Մնացած առումներով որեւէ խոսակցություն չի եղել:

- Համայնքի ղեկավարներից արձագանքե՞լ են, որ ցանկանում են մասնակցել սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: 

- Կարծում եմ՝ հիմա մի փոքր վաղ է դրա մասին խոսել, քանի որ հիմա մարզը գտնվում է ոռոգման սեզոնի աշխատանքների նախապատրաստական փուլում, հիմա բավականին լուրջ աշխատանքներ են համայնքներում, հետեւաբար, եթե նույնիսկ լինեն համայնքի ղեկավարներ, որոնք գնալու են արձակուրդ, կարծում եմ՝ դա կլինի վերջնական փուլում: