Ես աթեիստ եմ

Ես աթեիստ եմ

Ես աթեիստ եմ, բայց ոչ մարտնչող։ Այսինքն, հավատքի հետ առնչվող հարցերի վերաբերյալ երբեք բանավեճերի մեջ չեմ մտնում և մեծ հաշվով թքած ունեմ, թե ով որ աստծուն կհավատա։ Հարգում եմ յուրաքանչյուրի կրոնը, երբեք չեմ ծաղրում և ո՛չ էլ հանդիմանում եմ իռացիոնալ փնտրտուքների համար։ 

Ի․ Կանտի ձևակերպմամբ աստծո գաղափարը պատկանում է նոումենների՝ ինքնին իրերի աշխարհին, որի մասին ես ոչինչ չգիտեմ և չեմ էլ կարող իմանալ։ Դա դուրս է իմ բանականության և զգայարանների սահմաններից, հնարավոր չէ դրա գոյությունը ապացուցել գիտական փորձի կամ էլ դիտարկումների միջոցով և այդ իսկ պատճառով ես հակված եմ կարծել, որ ոչ մի աստված էլ չկա։ Դա ընդամենը մարդկային երևակայության արտադրանքն է՝ որպես աշխարհընկալման և աշխարհճանաչողության մի տարրակերպ։ 

Ինչևիցե, չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, միայն ուզում եմ նշել, որ ըմբռնումով եմ մոտենում մարդկային որոնումների կրոնական հանգուցալուծմանը։ Մարդիկ միայնակ են ու երբեմն էլ անօգնական, նրանք մշտական հակամարտության մեջ են գտնվում բնության հետ և իրենց համար անհասկանալի հարցերի պատասխանները փորձում են գտնել բնությունից դուրս՝ տրանսցենդենտալ մեթոդով։ Այլ՝ խոսքով մարդիկ անընդհատ անտեսանելի ընկերոջ կարիք են զգում, որը պետք է երաշխավորի իրենց կեցության՝ բարոյական և սոցիալական փոխհարաբերությունների լինելիությունը։ 

Իսկ ես ինքս ինձ հերիքում եմ և ոչ մի աստծո կարիք էլ չեմ զգում։ Բնությունն ինձ համար գեղեցիկ է և կատարյալ առանց որևէ աստվածային միջամտության։ Բայց այս ամենը ես հավատացյալներին չեմ կարող բացատրել, ավելի շուտ փորձել եմ ու ձախողվել։ Այդ իսկ պատճառով եկել եմ այն եզրակացությանը, որ մարդիկ կարող են հավատացյալ լինել երեք պայմանների առկայության դեպքում․ 1. եթե հավաքտն անհատին կարող է ավելի լավը դարձել, ինչը հազվադեպ է պատահում, 2. եթե հավատացյալն իր խավարամտությամբ ոնտձգություն չի գործում գիտության նկատմամբ ու չի հերքում ամեն մի գիտականը, օրինակ՝ Էվոլյուցիոն տեսությունը։ 2. եթե հավատացյալը հանդես չի գալիս դոգմատիկ բարոյականության դիրքերից և չի ոտնահարում ուրիշների քաղաքացիական իրավունքները։