Հանրապետությունով մեկ փոխնախարարներ են փնտրում

Հանրապետությունով մեկ փոխնախարարներ են փնտրում

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պատերազմից հետո պաշտոնյաները հերթով ազատվում են աշխատանքից։ Սակավ դեպքերում՝ Փաշինյանի ցանկությամբ, հիմնականում ինքնակամ դիմում են գրում-հեռանում՝ չցանկանալով աշխատել այս պրոբլեմատիկ ու անհեռանկար կառավարությունում։ Դրա համար էլ պաշտոնյաների «կրիզիս» է առաջացել։ Բազմաթիվ թափուր պաշտոններ կան։ Այն աստիճանի, որ անգամ փոխնախարարի պաշտոնի հայտարարություն են տալիս։ Եվ հարյուրավոր դեպքեր կան, որ մարդկանց առաջարկում են բարձր պաշտոն զբաղեցնել, սակայն նրանք խելամտորեն հրաժարվում են, որովհետեւ հայտնի չէ, թե այս կառավարությունն ինչքան է աշխատելու եւ ինչ ճակատագիր է ունենալու։

Եվ եթե նախարարների թափուր հաստիքներն էլի մի կերպ կարողանում են համալրել, ապա փոխնախարարների հարցում լուրջ խնդիրներ են առաջացել՝ ոչ բոլորն են համաձայնում մաս կազմել այս հեղինակազրկված ու հողերը հանձնելու մեջ մեղադրվող կառավարությանը։ Դրա համա հիմա Փաշինյանը ոտ ու ձեռ ընկած՝ փորձում է կառավարություն բերել ում հնարավոր է, միայն թե համալրի թափուր հաստիքները, եւ տպավորություն չլինի, թե մարդիկ հրաժարվում են բարձր պաշտոններ զբաղեցնելուց, ինչը նաեւ կառավարության ձախողման, կառավարման ճգնաժամի եւ մոտալուտ հեռացման մասին է խոսում։

Օրինակ՝ արդեն տեղեկություն է շրջանառվում, որ ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ են ուզում նշանակել սպորտային մեկնաբան, ծնունդով Ջավախքից Կարեն Գիլոյանին, ասացին՝ Փաշինյանն անձամբ է համոզել նրան, որ համաձայնի։ Ի դեպ, սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը ժամանակին զբաղեցնում էր Գեւորգ Լոռեցյանը, որը կաշառքի վրա բռնվեց ու բանտում հայտնվեց։

Մենք կապվեցինք Կարեն Գիլոյանի հետ եւ հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն նշանակելու են սպորտի գծով ԿԳՄՍ փոխնախարար։ Գիլոյանն ասաց․ «Քովիդով պառկած եմ, ցավդ տանեմ, կլինի՞ ուշ զանգես»։ Ապա խոստացավ ապաքինվելուց հետո ավելի մեծ հարցազրույց տալ։ Բայց մենք ընդամենը «այո» կամ «ոչ» էինք ակնկալում։ Եվ այն, որ այդ պարզ պատասխանը չստացանք, խոսում է այն մասին, որ լուրը ճիշտ է, ուղղակի չցանկացավ հաստատել, քանի դեռ չի եղել հրամանը, կամ՝ քանի դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Առողջություն ենք մաղթում պարոն Գիլոյանին։