Հասարակություն

Ի՞նչ է ուզում Առուշ Առուշանյանից այդ անգրագետ ծառայությունը․ Փաստաբան

Ի՞նչ է ուզում Առուշ Առուշանյանից այդ անգրագետ ծառայությունը․ Փաստաբան

ՀՀ Արդարադատության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը 2024 թվականի օգոստոսի 19-ին ներկայացել է Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին և սահմանված կարգով հաշվառվել, նրան գրավոր պարզաբանվել են իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև դատարանի որոշումը չկատարելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը: 

Առուշ Առուշանյանը նույն օրը Ծառայության Սյունիքի մարզային մարմին է ներկայացրել թիվ ՍԴ/0043/01/21 դատական ակտով նշանակված 700․000 ՀՀ դրամ տուգանքի վճարումը փաստող անդորրագիրը, որով փաստացի ի կատար է ածվել վերջինիս տուգանք պատժատեսակը։ 

Հատված ԱՆ հաղորդագրությունից․«Ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է պատժից խուսափելու մասին արձանագրություն (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ») և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, Գորիսի ավագանին որոշել է, որ դատարանի որոշումն` այս մասով իրավաչափ չէ եւ իրենք հրաժարվում են դա կատարել:

«Հրապարակի» հետ զրույցում Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ պրոբացիոն ծառայության այս միջնորդությունն ապօրինություն է։ «Բացարձակ օրինական հիմք չունի՝ ապօրինությունից բացի ուրիշ բան չկա։ Պրոբացիոն ծառայությունը դիմել է ավագանուն, որպեսզի Առուշ Առուշանյանին ազատի Գորիսի համայնքապետի պաշտոնից։ Ավագանին պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն նման լիազորություն չունենք և հիմք էլ չկա։ Ո՞ր օրենքով առաջնորդվեմ, որ նման որոշում կայացնեմ, այստեղ Առուշ Առուշանյանն էլի կապ չունի։ Հիմա Առուշ Առուշանյանից ի՞նչ են ուզում։ Ավագանին կարո՞ղ է՝ թող ազատի Առուշ Առուշանյանին և հարցը փակվի։ Եթե ավագանին չի անում, Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ այդ անգրագետ ծառայությունը ո՞նց է դիմել։ Ես հույս ունեմ, որ գոնե դատարանը կգտնվի իր բարձրության վրա։ Սա ապօրինության հերթական շքերթն է Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Մելքոնյանը։
Հարցին, արդյոք դատարանը օրենքով սահմանված կարգով կմերժի՞ այս միջնորությունը, փաստաբանն ասաց, որ ուրիշ որոշում չի կարող ընդունվել ուղղակի։ «Այդ ծառայությունը ավագանուն է դիմել․ Առուշ Առուշանյանը ավագանի չի, նա համայնքի ղեկավար է և ավագանին ընդամենն ասում է, ցույց տվեք Սահմանադրության այն հոդվածը կամ տեղական ինքնակառավարման մասին այն կետը, որով առաջնորդվելով ես քո պահանջը պիտի կատարեմ։ Թող ցույց տան, ես ուզում եմ ցույց տան»,- պարզաբանեց Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Պրոբացիոն ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Օգոստոսի 19-ին Գորիսի ավագանին խորհրդի նիստ էր գումարել քննարկելու ՝ ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության պահանջով  Սյունիքի մարզային մարմնի պետի 2024 թվականի օգոստոսի 16-ի գրությունը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր դատարանի դատավճռով դատապարտվել է «ՀՀ քրեական օրենսգրքի» 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, որն օրինական ուժի մեջ է մտել 2024թ․ հուլիսի 27-ից։

Քննարկման արդյունքում Գորիսի ավագանին ֆիքսել էր, սակայն, որ Առուշ Առուշանյանին տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը ավագանուն հղելու պահանջները դուրս են ավագանու գործառույթներից։

Ավագանու արձանագրության մեջ նշվում էր, որ ՏԻՄ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ներառված չի համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image