Ֆուտբոլի հայրենիքի զորությունը

Ֆուտբոլի հայրենիքի զորությունը

Մարզական ամառը լեցուն էր եվրոպական ֆուտբոլի բազում մեծ ու փոքր ստուգատեսներով։ Մեզ համար, անտարակույս, առաջնայինն ակումբային անվանի թիմերի մրցաշարերն էին։ Դրանք առանձին հետաքրքրություն են ներկայացնում նաեւ այն առումով, որ նույնիսկ մեկ արգելքը հաղթահարելու դեպքում ակումբի ֆուտբոլիստների համար նախատեսվում են ֆինանսական պատկառելի պարգեւավճարներ։ Դե, ասենք, Չեմպիոնների լիգայում մեկ հաղթանակի համար թիմը ստանում է 2,8 միլիոն, ոչ-ոքիի համար` 930 հազար եվրո։ Պարզ է, որ հաջող ելույթները շարունակելու դեպքում պարգեւների գումարները զգալիորեն մեծանում են։

Կոնֆերենցիաների լիգայի թիմերի պարգեւների ընդհանուր գումարը կազմում է 235 միլիոն եվրո։ Ցավալի է, որ հենց այս լիգայում Հայաստանը ներկայացնող առաջատար համարվող թիմերը` «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» եւ «Արարատը», առաջին իսկ փուլում մրցելով, հասկանալի է, համեմատաբար թույլ հակառակորդների` էստոնական «Պայդեի», Մալթայի «Համրուն Սպարտանսի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» հետ, այդուհանդերձ, ի վիճակի չեղան առավելության հասնել եւ դուրս մնացին խաղարկությունից։ Իսկ Չեմպիոնների լիգայում հանդես եկած «Փյունիկը» կարողացավ հաղթահարել առաջին երկու փուլերը՝ պարտության մատնելով Ռումինիայի «Կլուժին» եւ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Սակայն շարունակել հաղթարշավը, ավաղ, չկարողացավ։ 

Երրորդ փուլում, Բելգրադում մրցելով հիրավի արժանի հեղինակություն վայելող սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմի հետ՝ երեւանցիները պարզապես անճանաչելի էին դարձել եւ պարտություն կրեցին անսովոր՝ 0:5 հաշվով, ինչը եւ, փաստորեն, վճռեց մրցակցության ընդհանուր ելքը (Երեւանում էլ անցկացրած պատասխան հանդիպման ժամանակ գրանցվեց 0:2)։ Ինչ խոսք, շատ անսպասելի էր 0:7 ընդհանուր հաշիվը։ Մյուս կողմից, պակաս տարօրինակ չէր նաեւ այն, որ մեր չեմպիոնը, սեփական հարկի տակ անցկացնելով երեք խաղ, գոնե մեկ խփած գոլով անկարող եղավ ուրախացնելու իր երկրպագուներին։ Սա լրջորեն խորհելու տեղիք է տալիս… Մեր չեմպիոնը հիմա էլ հանդես է գալու Եվրոլիգայում։ Օգոստոսի 18-ին երեւանցիներն ընդունելու են Տիրասպոլի «Շերիֆին»։ 
Իսկ օրերս իրենց մրցավեճն ավարտեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը վիճարկած կանանց թիմերը։ Նախ, տեղին է հիշեցնել, որ այդ մրցումները ոչ պակաս հետաքրքրություն առաջացրին, որքան տղամարդկանց միջազգային ստուգատեսները։ Բավական է ասել, որ եզրափակիչ խաղի տոմսերը (այն անցկացվեց ֆուտբոլի հայրենիքի գլխավոր ասպարեզում` Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում) մոտ 90 հազար տեղի համար վաճառվեցին,  դժվար է երեւակայել՝ 43 րոպեի ընթացքում։ Դա բացատրվում է նաեւ այն փաստով, որ վճռական հանդիպմանը մասնակցելու իրավունք էին ստացել Անգլիայի եւ Գերմանիայի հավաքականները։ 

Սա ինձ շատ բանով հիշեցրեց 1966 թվականը, երբ դարձյալ Անգլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի տղամարդկանց առաջնության եզրափակչում հանդիպեցին հենց սույն երկրների ընտրանիները։ Խոսքը միայն այն մասին չէ, որ երկու դեպքում էլ, հաշվի հավասարության պայմաններում, դաշտի տերերը կարողացան այն խախտել իրենց օգտին, ու երկուսն էլ առաջին ու միակ անգամ հռչակվեցին չեմպիոններ։ Միայն թե կանանց մոտ ամեն ինչ հիանալի ստացվեց՝ նուրբ վարպետության, համառության եւ ուղղակի հրաշալի գոլերի արդյունքում (գրանցվեց 2:1), իսկ ահա 56 տարի առաջ այդ ամենն ուղեկցվեց կողմերի անսովոր վիճաբանություններով։

Սովորաբար, ֆուտբոլի եւ ոչ միայն ֆուտբոլի միջազգային խոշոր ստուգատեսներին տարածվում են նաեւ բնորոշ գնահատականներ, հետաքրքիր ասույթներ, դե, ասենք, այսպիսիք․ «Եթե հակառակորդ չկա, դժվար է հաղթող երեւալ», «Հպարտացիր միայն այն հաղթանակներով, որոնք  տարել ես ինքդ քո դեմ», «Ուժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին»։ Թվում է, կանանց այս տարվա եվրոպական ստուգատեսին կսազեր իսպանացի դրամատուրգ Լոպե Դե Վեգայի հեղինակած ասույթը` «Զորությունը հաղթում է զորությանը, գեղեցկությունը հաղթում է բոլորին»։
Անգլիացի ֆուտբոլիստուհիներն իսկապես արժանի են դրան՝ թեկուզ հիրավի բացառիկ գոլեր խփելու համար։ Տարօրինակ էր, սակայն այն, որ չեմպիոնուհիներին պարգեւատրելու հարցում ՈւԵՖԱ-ն կարծես մի փոքր ժլատ գտնվեց` աղջիկներից յուրաքանչյուրը ստացավ 55 հազար ֆունտ ստեռլինգ (65,5 հազար եվրո) պարգեւ, այսինքն՝ այնքան, որքան, ինչպես պարզվեց, կազմում է հանրահայտ Կրիշտիանու Ռոնալդուի… մեկօրյա աշխատավարձը։

Չհիշեցնել այն, ինչ տեղի ունեցավ 56 տարի առաջ, անկարելի է։ Անգլիա-Գերմանիա մրցամարտում, երբ հաշիվը 2:2 էր, դաշտի տերերի սուր գրոհներից մեկի ժամանակ, շեշտակի հարվածից հետո, գնդակը դիպավ հակառակորդի դարպասի հորիզոնական ձողին, ապա՝ կանաչ հողածածկին ու գլորվեց ետ։ Անգլիացիներն իսկույն ձեռքերը վեր բարձրացրին՝ ցույց տալով, որ գնդակը հատել է դարպասի գիծը, գերմանացիներն էլ մրցավարին հավատացնում էին, որ ոչ մի գոլ էլ չի եղել։ Այդ թեժ պահին վիճաբանությանը միջամտեց եզրային մրցավար, բաքվեցի Թոֆիկ Բահրամովը։ Միջամտեց ու պնդեց, որ գրանցվել է իսկական գոլ, ինչն էլ համոզեց գլխավոր մրցավարին…

Ոգեւորված անգլիացիները նոր գրոհ ձեռնարկեցին եւ կարողացան խփել եւս մեկ գոլ եւ հաղթանակ տանելով 4:2 հաշվով՝ առաջին անգամ ճանաչվեցին աշխարհի չեմպիոն։ Անցավ մի քանի ամիս, եւ նույն այդ ձեռքերը բարձրացրած անգլիացիները, թեեւ ուշացումով, ազնվություն ունեցան ի լուր բոլորի հայտարարել, որ այն ժամանակ գնդակն իրոք չէր հատել դարպասի գիծը, ուստի գոլը սխալ էր գրանցվել, իսկ մրցավարը խարդախություն էր արել։ Ճիշտ է, չեմպիոնները մնացին չեմպիոն, սակայն արդարությունը ջրի երես ելավ, թեեւ ադրբեջանցի մրցավարը շարունակում էր հպարտանալ այն ոսկե գնդակի կրկնօրինակով, որ, ի նշան երախտագիտության, նրան նվիրել էր Եղիսաբեթ թագուհին…

Իսկ գլխավորն այն էր, որ բոլորի համար պարզ դարձավ, թե ով է ազնիվ, եւ ազնվությունն ինչ արժեք ունի։

Միսակ Նազարյան