Փնտրվում է այլմոլորակային

Փնտրվում է այլմոլորակային

Հունվարի 19-ի կառավարության նիստի սկզբում Փաշինյան Նիկոլը սգում էր իր 15 «սիրելիների ու հարազատների», ինչպես ինքն էր արտահայտվել, մահը: Բայց քանի որ ՀՀ ղեկավարը չափազանց զբաղված անձնավորություն է, ապա իր «սիրելիների ու հարազատների» մահը երկար սգալ չէր կարող: Ու այդ պատճառով էլ հունվարի 21-ին Իջևանում մասնակցել է ՆԳՆ Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Ու քանի որ միաժամանակ չափազանց կենսախինդ անձնավորություն է, միջոցառման ավարտին, ինչպես «Հրապարակն» է հաղորդում, մասնակցել է ՆԳՆ նախարարին պատկանող իջևանյան ռեստորաններից մեկում մի քանի ժամ տևած կերուխումին: Այսինքն՝ իր «սիրելիների ու հարազատների» մահից ընդամենը երկու օր անց:

Հարց է առաջանում՝ նա իսկապե՞ս սիրում է իր հարազատներին, թե, իր սովորության համաձայն, նաև տվյալ դեպքում է սուտ խոսում: Վերցնենք սովորական մարդուն՝ եթե որևէ մեկի հարազատը մահանում է, ապա նա մեկ շաբաթ, այսպես ասած, «ակտիվ» սուգ է պահում: Այնուհետև, մահվան օրից մինչև 40 օր տևողությամբ սուգ պահելն ավելի «պասիվ» գործընթացի է վերածվում՝ իհարկե, առանձին բացառությունները չհաշված: Իմ երիտասրադության տարիներին, օրինակ, տղամարդկանց մոտ դա արտահայտվում էր 40 օր չսափրվելու տեսքով: Կրկին առանձին բացառությունները չհաշված: 40 օր անց այն ավարտվում էր, ու մեկ էլ հանգուցյալին «այցի» էին գնում տարին մեկ՝ կրկին առանձին բացառությունները չհաշված: Ի դեպ, նույնիսկ մեր եկեղեցականներն են ասում, որ սուգն ավարտվում է մահվան քառասուներորդ օրը, և այդ օրը հոգին համբարձվում է երկինք՝ Աստծո մոտ: Եվ կամ գահավիժում է դժոխք՝ եթե «արժանի» է, որպեսզի այնտեղ անցկացնի մնացած «կյանքը»:  

Ինչո՞ւ այսքան մանրամասն նկարագրեցի ոչ հաճելի այդ գործընթացը: Որովհետև, ինչպես վերը հիշատակվեց, իր «սիրելիների ու հարազատների» մահից ընդամենը երկու օր անց վարչապետի պաշտոնին կառչած անձը ժամերով քեֆ է արել ռեստորանում: Եթե նման բան արվեր որևէ հայաստանցու, ով հարազատ էր կորցրել, մեկ այլ հարազատի կողմից, ապա այդ հայաստանցին հաստատ կթշնամանար վերջինիս հետ և երևի իր մնացած ողջ կյանքում թշնամություն կպահեր: Եվ կրկին առանձին բացառությունները չենք հաշվում: Բայց զարմանալիորեն նույն հայաստանցիները՝ որպես ամբողջություն, նույնիսկ բանի տեղ չեն դնում իրենց առջև դերասանորեն խոնարհվող վարչապետի վարքագիծը: Եթե, իհարկե, իրենք այն ծնողները չեն, ովքեր կորցրել են զինվորական իրենց զավակներին պատերազմական և կամ խաղաղ իրադրությունում:  

Ու այստեղ առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ է պատահում առանձին հայաստանցուն: Այն անձին, որի աչքի առջև տեղի է ունենում այնպիսի մի իրադարձություն, ինչն իր կողմից ընդունելի չէ, սակայն իր հակազդեցությունը (ռեակցիան) ադեկվատ չէ դրան: Տվյալ դեպքում խոսք չի գնում հայրենասիրության մասին, որպեսզի չասվի, թե մեր ժողովուրդն իր մեծամասնության մեջ թքած ունի հայրենիքի ճակատագրի վրա (ինչը, խոստովանենք, հեռու չէ իրականությունից): Խոսքը գնում է զուտ կենցաղային երևույթի մասին, իսկ կենցաղում հայերը չափազանց պահպանողական են: Դրա նորագույն վկայությունն, օրինակ, ֆիզկուլտուրայի դասերին բարձր դասարանցի աղջիկների մասնակցության ցածր տոկոսն է:  Պատճառը, կարծում եմ, հասկանալի է, և չմասնակցության արգելքն էլ գալիս է ծնողներից: Դրա մասին մեկ-երկու շաբաթ առաջ եմ կարդացել ֆեյսբուքյան հարթակում, հեղինակն էլ հարգանքի արժանի անձնավորություն է՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Աբգար որդուն 44-օրյա պատերազմում կորցրած Գեղամ Նազարյանը: 

Մի խոսքով, հայը կենցաղում դավաճանում է ինքն իրեն՝ մոռանալով սեփական սկզբունքները, երբ դա վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի վարքագծի նկատմամբ վերաբերմունքին: Ինչն է դա՝ իշխանության նկատմամբ ստրկամտությո՞ւնը. բայց այն առկա չէր ՀՀ երրորդ նախագահի օրոք, իսկ Փաշինյան Նիկոլը նրանից տասն անգամ ավելի անընդունելի է: Իշխանության հանդեպ վա՞խը. բայց այն պետք է հաղթահարվեր, քանի որ գործող իշխանության պայմաններում ավելի ու ավելի շատ ծնողներ են կանգնում զինվոր զավակներին կորցնելու փաստի առաջ: Ինչն, ինքնապահպանության բնազդի շնորհիվ, պետք է հանգեցներ վախի հաղթահարմանը: Նախկինների նկատմամբ, գործող իշխանության ջանքերով, գենետիկ մակարդակի հասցված ատելությո՞ւնը. բայց այդ դեպքում շատ արագ մարդիկ պետք է համախմբվեին նախկինների հետ չկապված կամ երիտասարդ գործիչների շուրջը: Հոգեբանական ընդարմացո՞ւմը, որ անընդհատ «սնուցվում» է Փաշինյան Նիկոլի կողմից. բայց այն պետք է որ արդեն անցած լիներ՝ հաշվի առնելով թե՛ ժամանակը և թե՛ այդ ժամանակի ընթացքում մարդկանց բազմաթիվ բողոքի գործողությունները՝ լինեն դրանք ընդդիմության թե ուղղակի զոհվածների ծնողների: 

Կարծում եմ, որ մորդկանց ոչ ադեկվատ վարքի՝ վերը նշված պատճառների թվարկումը վերջնական չէ: Կլինեն մարդիկ, որ կավելացնեն նորերը, սակայն դրանցից ոչ մեկը չի դիմանում առողջ տրամաբանության քննությանը: Մնում է ենթադրել, որ պատճառը թաքնված է ավելի խորը՝ ինչպես Փաշինյան Նիկոլն է սիրում կրկնել: Բայց տվյալ դեպքում ոչ թե ԴՆԹ մակարդակում, այլ ենթագիտակցության խորքում: Իսկ այդ դեպքում ռացիոնալ խոսքն անզոր է, այդ խորքերը հասնելու համար անհրաժեշտ է ապահովել Անատոլի Կաշպիրովսկու (1939-) կամ նրա մակարդակի էքստրասենսի աջակցությունը: Կամ էլ ավելի ճիշտ Զիգմունդ Ֆրոյդի (1856-1939), Կարլ Յունգի (1875-1961) և Ժակ Լականի (1901-1981) հոգեվերլուծական դպրոցների հետևորդներից մեկի մասնակցությունը: Կամ էլ, եթե դա հնարավոր չլինի, ապա գոնե որևէ այլմոլորակայինի մասնակցությունը: