Ռազմական դրությունը՝ փրկօղակ

Ռազմական դրությունը՝ փրկօղակ

Ռազմական դրությունը վերացնելու հարցում իշխանությունը ծանր ընտրության առջեւ է կանգնած ։ Պահպանել այս ռեժիմը՝ կնշանակի կասկածի տակ դնել ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը եւ նոր պատերազմի նախապատրաստվել, վերացնել ռազմական դրությունը՝ կնշանակի դուռ բացել իշխանափոխության առջեւ, չխոչընդոտել իշխանության դեմ բողոքի ակցիաները։ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խորհրդարանական ընդդիմության՝ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից երկրորդ անգամ է ռազմական դրությունը վերացնելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրվել։

Առաջինը նոյեմբերի 17-ին էր, չներկայանալով՝ իմքայլականները նիստը տապալեցին։ Երեկ ընդդիմության նախագիծը պետք է քննարկվեր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում, սակայն հարցի քննարկման համար առավոտյան 11-ին նշանակված նիստը 4 անգամ հետաձգվեց եւ կայացավ միայն օրվա վերջում։ Իշխանականները պնդեցին, որ դեռեւս չի կարելի վերացնել ռազմական դրությունը։

Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, ասաց, թե Արցախում պահպանության ենթակա տարածքները մեծացել են, եւ այդ ծավալը սպասարկելու համար մեր կարողությունների վերահաշվարկ պետք է անենք, ուստի առաջարկեցին ՊՆ-ին՝ մի քիչ էլ ժամանակ տալ: Գորգիսյանը նկատեց, որ եռակողմ փաստաթուղթը ստորագրելուց մոտ կես ամիս է անցել, ինչո՞ւ էր կառավարությունն անգործության մատնվել, եւ առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, իսկ նիստում քննարկել դրա ուժի մեջ մտնելու ժամկետը, ասենք՝ ռազմական դրությունը մեկ շաբաթից հանել։ Սակայն իշխանության համար առաջարկն ընդունելի չէր, Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց մեկ շաբաթով հետաձգել առաջարկի քննարկումը, ինչն էլ ընդունվեց։ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը պնդեց, որ ռազմական դրության պայմաններում տնտեսությունն է տուժում, ժողովրդավարությունը, վստահեցրեց, որ այն չի հանվում բացառապես իշխանությունը պահպանելու ցանկությամբ պայմանավորված։

Իշխանականները պնդեցին՝ առանց ԶՈՒ կարծիքի, անթույլատրելի է ռազմական դրությունը վերացնելը։ Նա հիշեցրեց, որ դեռեւս նոյեմբերի 10-ին Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս խնդրել է 7 օր համբերել՝ նման նախաձեռնության համար, հնարավորություն տալ զինված ուժերին, իրենք էլ տվել են․ «Դրանից հետո մեզ ոչ մի բան չի ասվել, թող գան, ասեն, հիմնավորեն, թե ինչու են ուզում պահպանել ռազմական դրությունը։ Մենք գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա»։