Քաղաքականություն

Պաշտոնական կայքերում սուտ, կեղծ, չթարմացվող տեղեկություններ կան

Պաշտոնական կայքերում սուտ, կեղծ, չթարմացվող տեղեկություններ կան

Ռուսական հայտնի ասացվածք կա․ մարդուն ընդունում են ըստ արտաքինի, ճանապարհում՝ ըստ մտավոր ունակությունների՝ խելքի։ Վերջին վեց տարում Հայաստանի պետական համակարգը տնօրինող ուժին «ընդունողներն ու ճանապարհողները» շվարում են. ո՛չ արտաքին տեսքն է մի բան, ո՛չ էլ մնացածը․․․

Պետական կառույցների պաշտոնական կայքերը բոլորիս՝ հարկատուներիս հաշվին ստեղծված, պահվող եւ սպասարկվող ռեսուրսներ են, որ պիտի ծառայեն հանրությանը, իրազեկեն այս կամ այն կառույցի, պաշտոնյայի գործունեության մասին, քաղաքացուն անհրաժեշտ այլ տեղեկատվություն տարածեն։ Թավշյա Հայաստանում դա չկա։ Ու, հաստատ, նախկինները մեղավոր չեն։

ՀՀ կառավարության www.gov.am պաշտոնական կայքում ներկայացված են բոլոր նախարարությունները, պետական այլ գերատեսչություններ: Պարզվում է՝ էական տարբերություններ կան կառավարության եւ նախարարությունների, այլ կառույցների կայքերում ներկայացված տեղեկատվության միջեւ։
Օրինակ՝ կառավարության կայքում գրված է, որ ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հինգ տարի անընդմեջ՝ 2007-2011 թթ․ հատվածում, ընդունվել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը (նկար 1)։ Միանշանակ, ողջունելի է Մխիթար Հայրապետյանի՝ բակալավր դառնալու համառությունը, ու, միանշանակ, մեծ հարց է՝ ինչպես է նա ընդունվել 2008-ի հունվարին կամ 2010-ի նոյեմբերին, եթե միանշանակ է, որ այդ ամիսներին ԵՊՀ-ում ընդունելություն չկա։

Կառավարության կայքում գրված է, որ ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Մխիթար Հայրապետյանը երեք տարի շարունակ ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Միանշանակ, ողջունելի է Մխիթար Հայրապետյանի՝ մագիստրոս դառնալու համառությունը, նաեւ միանշանակ է, որ մագիստրատուրան ավարտում են մեկ անգամ, ոչ թե՝ երեք տարի անընդմեջ, եւ սա, անշուշտ, վրիպակ է։ ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքում Մխիթար Հայրապետյանի կրթական անցյալի հետ կապված՝ այլ վրիպակներ էլ կան։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին կառավարության կայքում գրված է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է, ամուսնացած է :

Իսկ պաշտպանության նախարարության կայքում գրված է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, ամուսնացած է, ունի մեկ դուստր ։

Ճիշտը ՊՆ կայքն է։ Սուրեն Պապիկյանը հայրիկ է դարձել 2022 թվականին, նույն թվականին էլ ՔՊ վարչության նախագահից դարձել է ՔՊ վարչության անդամ։ Կառավարության կայքում Սուրեն Պապիկյանի մասին տեղեկությունը չի թարմացվել երկու տարի։

Սխալաշատ է նաեւ Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը։ www.primeminister.am կայքի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Փաշինյանը գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը, դաշինքը ստացել է ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահության քվեն :

Սուտ է։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը մասնակցել է ընտրողների 48 տոկոսը: Չորրորդ դասարանի թվաբանական գիտելիքների մակարդակ ունեցողն անգամ կվկայի, որ 48 տոկոս մասնակցության դեպքում հնարավոր չէ ստանալ 70 տոկոս ձայն։ Կարելի է ստանալ քվեարկությանը մասնակցած անձանց ձայների 70 տոկոսը։ Այդպես էլ եղել է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը»-ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 48 տոկոսը։

www.primeminister.am կայքի համաձայն՝ 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը, կուսակցությունը ստացել է ընտրողների 53,91 տոկոսի վստահության քվեն (նկար 4): Սուտ է։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը մասնակցել է ընտրողների 49 տոկոսը։ Սա էլ նշանակում է, որ ՔՊ-ն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 53,91 տոկոսը։ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 26 տոկոսը։ 2018-2021 թթ․ հատվածում Հայաստանում ընտրողների քանակն ավելացել է 2 հազար 372-ով (աղբյուր՝ ԿԸՀ կայք. www.elections.am), այսինքն՝ ՔՊ վարկանիշը 48 տոկոսից դարձել է 26՝ նվազելով գրեթե երկու անգամ։ Ու պաշտոնական կայքով ՔՊ-ն փորձում է թաքցնել իրեն ոչ ձեռնտու իրողությունը։ 
Շատ կուզեինք իմանալ, թե ինչի համար ենք մենք՝ հարկատուներս, վճարում կառավարության աշխատակազմին։ Կեղծիք տարածելո՞ւ համար։ Ինչո՞վ են զբաղված վարչապետի աշխատակազմի ղեկավար, քիթն ամեն տեղ խոթող Արայիկ Հարությունյանը, նրա հինգ տեղակալներն ու ուռճացված աշխատակազմը։ Նրանց արածը մի փոքր խստապահանջ քաղաքացին կարող էր տեղավորել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի տրամաբանության մեջ՝ պաշտոնեական կեղծիք։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image