Ամասիայում ՔՊ-ականները չեն համակերպվում պարտության հետ
Թեև Շիրակի մարզի խոշորացվող Ամասիա համայնքը նորընտիր համայնքապետ ունի, այնուամենայնիվ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ ընտրության արդյունքների հետ չի համակերպվում: Տեղեկացանք, որ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ՔՊ-ական ավագանու թեկնածուները դատարան հայց են ներկայացրել՝ թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի դեմ:
Նրանց դիմումի հիման վրա դատարանը վարույթ է ընդունել, եւ առաջիկայում կկայանա առաջին դատական նիստը: ՔՊ-ականների հայցը վերաբերում է մանդատների բաշխմանը, վիճարկում են 15-ի փոխարեն 9 անդամով ավագանու կազմ ձևավորելու փաստը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ձայներով առաջատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու 31 թեկնածու ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, նրանք պահանջում էին նոր ընտրություններ՝ չհաշտվելով փաստի հետ, որ իրենց թեկնածուն համայնքապետ չի ընտրվելու, քանի որ ավելի երիտասարդ է գրեթե հավասար ձայներ հավաքած «Արփի-Ամասիա դաշինքի» թեկնածուից՝ Ջեմմա Հարությունյանից: Երկու քղաքական ուժին էլ 6-ական մանդատ էր բաժին ընկնում:
Մինչդեռ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը նիստ էր անցկացրել եւ որոշել, որ մանդատները հանձնվելու են հաղթող կուսակցություններին․ 6 մանդատ՝ «Արփի-Ամասիա դաշինքին», 3-ը՝ ՀՀԿ-ին։ Իսկ ՔՊ-ականների գրանցումը` իրենց դիմումների համաձայն, համարվել է ուժը կորցրած։ Ինչպես սպասվում էր, Ամասիայում նոր ընտրություններ տեղի չունեցան, ՀՀԿ ավագանու անդամների աջակցությամբ համայնքապետ ընտրվեց Ջեմմա Հարությունյանը:
Կարծիքներ