Պտի հելնենք, գոռանք-ճչանք, ասենք օգնե՞լ ենք. օգնում ենք, բա ի՞ նչ ենք անում

Պտի հելնենք, գոռանք-ճչանք, ասենք օգնե՞լ ենք. օգնում ենք, բա ի՞ նչ ենք անում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ 
օրավարձով աշխատողներին եւ կարիքավորներին սոցիալական աջակցություն առաջարկողների հարցատարափներին ի պատասխան, առաջարկեց. «Գնացեք, ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց»: Փաշինյանը վրդովվել էր այդ առաջարկներից. «Դա շատ հեշտ է՝ եկեք ազատենք, վարկերից ազատենք, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լուրջ եք ասո՞ւմ, հո ասելով չի, կներեք, այդ խոսքի արժեքին էլ հետևենք: Առաջարկում եմ` օրենսդրական նախաձեռնություն արեք ՀՀ բոլոր քաղաքացիներին` 10 հազար դոլար բաժանել, այդ թվում` ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով, առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Դուք նախաձեռնեք, կոնսենսուս ձևավորեք, տասը հազար չէ, 50 հազար՝ ամեն մարդու, կաժդըմու: Հարկերը թողեք, վարկերը թողեք, օգնեք, տպավորություն է, որ դուք տենց բաժանողն եք, մենք էլ թույլ չեք տալիս, գնացեք, ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց»: Հիշեցնենք, որ առաջարկողների թվում էին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները, նախեւառաջ՝ Գագիկ Ծառուկյանը:

«Հրապարակ»-ը ԲՀԿ-ական գործարար դասի պատգամավոր Հրանտ Մադաթյանից հետաքրքրվեց այդ առաջարկի մասին՝ հարցնելով, թե կո՞ղմ են ունեցվածքի բռնագանձման ճանապարհով սոցիալական աջակցություն հայտնելուն: «Ես էդ մոտեցման հետ համաձայն չեմ,  ի՞նչ ա նշանակում՝ վերցրեք բաժանեք, բա պետական մոտեցումն ու՞ր է»,-տարակուսեց ԲՀԿ-ականը, միեւնույն ժամանակ չբացառելով, որ գուցե առաջիկայում գան այդպիսի ժամանակներ. «Մի նոր իրավիճակ ենք մտնում, ու ոչ մեկ չի կարող ասել՝ վաղը, մյուս օրը ինչ կպատահի մեզ հետ, ժողովրդի հետ, ումից ինչ կվերցնեն, ինչ կանեն: Ընենց չեն ասում՝ չկա չարիք, առանց բարիքի»:

Նիկոլ Փաշինյանի ակնարկը, կարծում եք, Գագիկ Ծառուկյանի՞ն էր ուղղված, որ թող իր ունեցվածքից բաժանի, խոշոր գործարար է: «Գագիկ Ծառուկյանը գործարար չէ, ինչ ունի, իր էլած բիզնեսները տվել ա կառավարման: Եվ հետո` նա աշխատել, ստեղծել է, հալալ ա իրանց, դալշե չգիտեմ ինչ կլինի»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ բոլորը, այդ թվում ինքն իր «էղածի» չափով օգնում են կարիքավորներին. «Ես չեմ լացում, իմ քրտինքով ապրել ու ապրում եմ, ես ոչ մի պաշտոն չեմ ունեցել, որ թալան արած ըլնեի, 17 տարի Ռուսաստանում բիզնես եմ ունեցել, հիմա ստեղ ոչ մի բան չունեմ, բայց իմ եղածի չափով օգնում եմ ինձ դիմող մարդկանց: Պտի անպայման հելնենք գոռանք-ճչանք, ասենք օգնե՞լ ենք, օգնում ենք, բա ի՞նչ ենք անում»: