Բողոքի ակցիաներ ենք նախատեսել

Բողոքի ակցիաներ ենք նախատեսել

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծումից հետո համակարգում իրականացվող օպտիմալացման համատեքստում կրճատվում են հանրապետության անձնագրային բաժինները։ Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ փակվեց Վարդենիսում գործող անձնագրային եւ վիզաների գրասենյակը։ Որոշումից դժգոհ վարդենիսցիները, ի նշան բողոքի, անգամ փակել էին Երեւան-Վարդենիս ավտոճանապարհը` հայտարարելով, որ դրանով սահմանամերձ դարձած համայնքի բնակիչների կյանքն էլ ավելի են բարդացնում։ 

Չարենցավան համայնքի բնակիչ Գեւորգ Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Չարենցավանի անձնագրայինի փակման առիթով: Նրա խոսքով` այսկերպ չարենցավանցիների համար անհարմարություններ են առաջացել մի քանի ասպեկտով` ֆինանսական հավելյալ ծախսեր եւ ժամանակի անիմաստ կորուստ։ «Ոստիկանապետը որոշել է, որ անձնագրային բաժինները պետք է օպտիմալացնի, կրճատումներ են անում, բայց Չարենցավանը հո փոքր գյուղ չէ՞, խոշորացված համայնք է, ունի 40 հազարից ավելի բնակիչ, Չարենցավանի անձնագրային բաժինն էլ ընդամենը երկու աշխատակից ուներ, համայնքապետարանը երկար տարիներ առաջ տարածք էր տրամադրել, մարդիկ տարածքն անվճար օգտագործում էին` չարենցավանցիներին անվճար ծառայություններ մատուցելով: Այժմ Չարենցավանի անձնագրայինի աշխատակիցներին տարել են Հրազդան, այնպես չէ, որ կրճատել ու գումար են տնտեսել, այս պարագայում հասկանալի չէ, թե ինչու են օպտիմալացում արել։ Ինչո՞ւ են մեզ համար ավելորդ անհարմարություններ ստեղծել: Մարդիկ ամեն օր տրանսպորտով գնում-գալիս են, 40 հազար մարդ հիմա պիտի առավոտից-իրիկուն նման խայտառակ իրավիճակում հայտնվի` գնա գա, գնա գա: Մեկ ամիս է, ինչ օպտիմալացրել են: Չկա ոչ մի տրամաբանություն: Մարդկանց ասում են՝ ուր ուզում եք, գնացեք, բայց Չարենցավանում չի լինելու անձնագրային: Մարդկանց տանջանքների են ենթարկում: Այս օրերին լուրջ դժգոհություն է առաջացել, դիմել ենք Չարենցավանի ավագանուն, ավագանին դիմել է Օվիր, նրանք էլ լոլոներ կարդալով՝ մերժել են: Հիմա մենք ուզում ենք ակցիաներ սկսել: Վարդենիսում ատամ ցույց տվեցին, զիջումների գնացին, մենք էլ ենք ոտքի կանգնելու, այս հարցը լուծելու ենք: Բողոքի ակցիաներ ենք նախատեսել»,- ասաց մեր զրուցակիցը: