«Կարճ ժամանակում կարողացանք պարզել այդ ստահակներին»․ ոստիկանապետը մանրամասներ է ներկայացնում ոստիկանի սպանությունից

«Կարճ ժամանակում կարողացանք պարզել այդ ստահակներին»․ ոստիկանապետը մանրամասներ է ներկայացնում ոստիկանի սպանությունից

Ոստիկանապետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանությունից․

« Ոստիկանության ծառայողը իր պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, և իրենք են հետամուտ լինում այդ կասկածելի անձանց ինքնությունը պարզելուն, և երբ մոտեցել են նշված անձանց, վերջիններս դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց և կարողացել են մեկին բռնել։ Երկրոդը, որը մինչ այդ կարողացել էր դիմել փախուստի, Ազատության պողոստայի և Բաբայան փողոցի հատման խաչմերուկում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, մթության մեջ միանգամից հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա և փորձել ազատել իր բռնված ընկերոջը։ Այդտեղ որոշակի քաշքշուկի ընթացքում գողացվել է մեր ոստիկանի ատրճանակը, որը հատուկ պարանով ամրակապված է եղել իր վրա, և արձակել կրակոցներ։ Ենթադրում եմ՝ կենսական նշանակության օրգան է վնասվել, որովհետև մեկ կրակոցով․․․ ես սա նախնական եմ ասում։ Զենքը դեռ չի հայտնաբերվել, հուրախություն մեզ արդեն կարճ ժամանակահատվածում կարողացել ենք պարզել այդ ստահակներին, և վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են»,- ասաց ոստիկանապետը։

Հարցին, թե հայտնի՞ է կասկածյալների ինքնությունը, Սարգսյանը պատասխանեց․

« Իհարկե, հայտնի են, քննության արդյունքով բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, բնականաբար հանգամանքները կպարզվեն, քննության բազմակողմանիությունը կապահովվի։ Կարող եմ ասել, որ իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, օրնապաշտ քաղաքացիներ չեն եղել , և մեր ոստիկանական ծառայողների օպերատիվ հոտառությունը իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց, որոնց պիտի տվյալ պահին մոտենային։ Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել։ Հասցրել են կապ տալ, բոլորը մոտեցել են, բայց, ցավոք սրտի մեր գործընկերոջ՝ Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չեղավ Փրկել»,- ասաց Սարգսյանը։