Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Վերաքննիչ քրեական դատարանը  դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարել է դատախազության բողոքը եւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի էր համարել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը` գրավի չափը սահմանելով 3 մլն դրամ: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր։

Նշենք, որ Կարապետյանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել։

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: