Ծուռ հայելիների թագավորություն

Ծուռ հայելիների թագավորություն

2018-ի դեկտեմբերին ստանալով ՀՀ  «հպարտ» քաղաքացիների քվեն եւ վարչապետ նշանակվելով՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմ նախաձեռնեց նախկինների դեմ: Նախկինները պետական գերատեսչությունների եւ կազմակերպությունների ղեկավարներն էին, զինված ուժերի ղեկավար կազմը, բուհերի ռեկտորներն ու մշակութային օջախների տնօրենները եւ այլք:

Նախկինների կազմում կային նաեւ նրանք, որոնց հնարավոր չէր «մեծարգո վարչապետի» (ինչպես դիմում էին նրան կառավարության նիստերում, եւ ինչը չափազանց դուր էր գալիս «ժողովրդի վարչապետին») հրամանով պաշտոնանկ անել․ դրանք համայնքապետերն էին: Համայնքապետերի մեծամասնությունը հանրապետական էր եւ, բնականաբար, Հանրապետականի իշխանության օրոք իր գործունեության ընթացքում «շալակել» էր բազմաթիվ խնդիրներ՝ օրենքի եւ օրինավորության հետ կապված: Դրանց նկատմամբ Փաշինյանի հրահանգով իրավապահները քրեական գործեր էին հարուցում, եւ այս պաշտոնյաները ստիպված էին լինում պաշտոնաթող լինել՝ դրանով երբեմն ազատվելով կամ էլ չազատվելով քրեական պատասխանատվությունից: 

Դեռեւս շարունակվող էյֆորիայի պայմաններում տվյալ երեւույթը, բնականաբար, որեւէ արգելքի չէր հանդիպում հասարակության կողմից, նույնիսկ ավելին՝ ողջունվում էր: Սակայն զարմանալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր վարքագիծը նույնիսկ կապիտուլյացիոն պատերազմից հետո: Կրկնակի զարմանալի է, որ նա քաղաքական հետապնդումներ նախաձեռնեց Սյունիքի մարզի այն համայնքապետերի դեմ, ովքեր ջոկատներ են ձեւավորել ու մասնակցել պատերազմին, իսկ հետո իրենց համայնքներում կազմակերպել են ու շարունակում են կազմակերպել սահմանների ճշգրտումներն ադրբեջանցիների հետ՝ պետական իշխանության (կառավարություն, մարզպետարան) իսպառ բացակայության պայմաններում: 

Դրա տիպիկ օրինակը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաեւ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ հարուցված քրեական գործերն են, ինչի պատճառը Փաշինյանի մուտքը Սյունիք արգելելու ակցիայի կազմակերպումն էր: Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նրա ընկերոջ եւ բարեկամի կողմից հիմնադրված, սակայն իրավապահների կողմից իրեն վերագրվող «Բեսթ Ռոուդե» ընկերության կողմից իբրեւ թե 16 միլիոն դրամի չարաշահման կատարումը, իսկ Փարամազյանին՝ 8 ամիս առաջ ինչ-որ մեկին առեւանգելու հետ կապված դեպքի առնչությամբ: Զավեշտալին «Բեսթ Ռոուդե» ընկերության հետ կապված պատմությունն է, քանի որ այդ ընկերությունը պատերազմի ողջ ընթացքում մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսելով՝ իր հաշվին կատարել է զինտեխնիկայի տեղափոխում առաջնագիծ, իսկ դրա հիմնադիրը՝ ռուսաստանաբնակ գործարարը, Գորիսում կատարել է 4 միլիոն դոլարի ներդրում:
Ի դեպ, ե՛ւ Առուշ Առուշանյանը, ե՛ւ Մանվել Փարամազյանը շարունակում են Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ իրենց համայնքի սահմանակից տարածքների՝ ինքնակամ իրենց վրա վերցրած հերթապահությունը, սակայն կենտրոնական իշխանության կողմից ստանում են ոչ թե աջակցություն, ինչը կլիներ բնական ու տրամաբանական, այլ՝ քաղաքական հետապնդումներ: Այսպիսի ծուռ հայելիների թագավորություն…

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ