Փաշինյան հարեավ ի «մեռելոց»

Փաշինյան հարեավ ի «մեռելոց»

Երանի նրանց, որոնք չեն տեսել, բայցեւ հավատում են…
Ավետարան՝ ըստ Հովհաննու

Եթե քրիստոնեական ուսմունքից հանենք Հարության խորհուրդը, տակը բան չի մնա: Իսկ այսպես, երբ Տիրոջ որդին հարություն առավ եւ մեկնեց հոր մոտ, քրիստոնեական ուսմունքն էլ շարունակություն ունեցավ, դարձավ մի տեսակ հավերժական, ինչպես Քրիստոս աստված: Կներեք մեղավորիս, եթե ինչ-որ բառեր խառնեցի իրար, ինչ-որ բան այնպես չասացի: Ես երբեք չեմ ձգտել Ավետարան մեկնաբանել եւ, առավել եւս, վիճել կղերի տիրույթում գտնվող թեմաների շուրջ: Դա անշնորհակալ գործ եմ համարել: Ո՞ւմ հետ վիճես, ինչո՞ւ… Իմաստը… Իր համար ուսմունք է, էլի, ո՞ւմ է խանգարում: Բարություն, հանդուրժողականություն, սեր, ներողամտություն՝ մի՞թե սա չէ քրիստոնեության հիմքը: Ասում է՝ մի շնանար… Դե եկ ու վիճիր սրա հետ: Եվ, առհասարակ, ընդունված է ասել, որ Աստծո, եկեղեցու եւ կաթողիկոսի գործերն անքննելի են:

Իսկ հիմա փորձենք հասկանալ այս հոդվածի՝ առաջին հայացքից տարօրինակ թվացող վերնագրի իմաստը: Համաձայն չեմ ձեզ հետ, այն հակաքրիստոնեական չէ: Հոգեհանգստի կարգ կատարելիս եկեղեցու սպասավորները սգո հանդիսականներին հորդորում են շատ չողբալ, մոխիր չլցնել գլխներին, քանզի սա դեռեւս հանգուցյալի վերջը չէ, նրա հոգին դեռ համբառնալու է Տիրոջ մոտ ու լույսերի մեջ ապրելու երկար ժամանակ: Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանի պարագայում քրիստոնեական ուսմունքն այլ բան ասեր, եւ այդ պատճառով էլ նման համարձակ վերնագիր եմ դրել հոդվածիս՝ Փաշինյան հարեավ ի «մեռելոց»…

Այս հարցում ամենամեծ դերակատարումն ունեցավ ոչ այլ ոք, քան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, որ Զատկի օրով հատուկ ուղերձ հղեց՝ թվում էր թե մեզնից հավերժ հեռացած Փաշինյան Նիկոլին.
«Սիրելի՛ Պրն. Վարչապետ,
«Միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մատթ. 28.20): Այս խոստումը տուաւ Յարուցեալ Քրիստոս իր առաքելութիւնը շարունակելու կոչուած աշակերտներուն:
Յարուցեալ Քրիստոսի հաւատքով ու յոյսով շաղախուած, եկեղեցին մնաց կանգուն ու կենսունակ՝ ահաւոր ջարդերուն, հալածանքներուն ու քանդումներուն դիմաց: Այսպէս եղաւ նաեւ Քրիստոսի յարութեամբ հզօրացած եւ ժողովուրդին տագնապներուն հետ ինքզինք նոյնացուցած հայ եկեղեցին: Արդարեւ, իր հոգեմտաւոր ստեղծագործութեամբ ու ժողովրդանուէր ծառայութեամբ, հայ եկեղեցին յարուցեալ Քրիստոսի հրաշագործ ներկայութիւնը ապրեցուց մեր կեանքին մէջ:
Այսօր, բազմազան տագնապներով շրջապատուած մեր ժողովուրդի կեանքին մէջ մեր եկեղեցին, հաւատարիմ իր սրբազան առաքելութեան, կոչուած է Քրիստոսի յարութեան շունչով վերանորոգելու մեր կեանքը՝ աստուածաշնչական ճշմարտութիւններու ու արժէքներու կենսագործումը եւ ծառայութիւնը դարձնելով իր վկայութեան սեւեռակէտը:
Թող յարուցեալ Քրիստոս վանէ մեր հայրենիքի կեանքէն ամէն տեսակ չար ու չարիք, որպէսզի հայրենի մեր ժողովուրդը կարենայ միասնական ոգիով ու վերանորոգ հաւատքով ու կամքով փայլուն նոր էջ մը բանալ Հայաստանի պատմութեան մէջ:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական ջերմ սիրով»:

Սիրելի պարոն վարչապե՛ե՛ե՛տ, հայրապետական օրհնությամբ եւ հայրական ջերմ սիրո՛ո՛ո՛վ… Քիչ է մնում հավատամ, որ Նիկոլ Փաշինյանի հետ պատահածը դեռ նրա վերջը չէ, ու նա էլ Քրիստոսի հանգույն հարություն պետք է առնի՝ մեզ թողնելով իր երկրային կյանքի ընթացքում գործած մեղքերի ու հանցանքների հետեւանքները: Հիսուս Քրիստոսը գոնե լավ գործեր ու լավ հուշեր է թողել մեզ: Հիմա մեր ո՞ր մեղքի համար է Արամ Ա կաթողիկոսը մի նոր «Հիսուս» կարգում գլխներիս: Ասա՝ պահանջել եք, չէ՞, որ այդ «Հիսուսը» հեռանա, եկեղեցում հրաժարվել էք, չէ՞, այդ «Հիսուսի» ձեռքը սեղմել, Եռաբլուրը վերաօծել եք, չէ՞, նրա այցից հետո… Իսկ հիմա ի՞նչ անել՝ ներե՞լ, սիրե՞լ, օրհնե՞լ… Վեհափառ տեր, չեմ հասկանում Ձերդ Սուրբ Օծության այս հորդորը: Փաշինյանը դեռ պետք է պատասխան տա իր գործած չարիքների համար, նա պետք է առնվազն խոստովանի իր մեղքերն ու թողություն խնդրի, բայց ոչ այսպես՝ հընթացս դառնա սիրելի եւ օրհնյալ:

Արդյո՞ք միայն Արամ կաթողիկոսն է հակված սիրել եւ օրհնել Նիկոլ Փաշինյանին: Ասեմ, որ մինչեւ Ֆեյսբուքի ի հայտ գալը Եկեղեցին է կատարել այդ սոցիալական կայքի դերը՝ մարդկանց պահելով իրենց իսկ ստեղծած վիրտուալ հարթությունում: Ուստի, առաջարկում եմ մի պահ դուրս գալ եկեղեցու պատերի միջից եւ շուրջներս նայել՝ իրական կյանքին: Իսկ իրական կյանքում այսօր շատերն են պատրաստ ներել, սիրել եւ օրհնել Նիկոլին՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու վերջացրած բարգավաճալուսավոր Հայաստաններով: Գրեթե բոլորը՝ Վանեցյան Արթուրն էլ՝ ձեզ նվեր:

Ի՞նչ է նշանակում՝ ընտրությունների գնալ դավաճանի հետ, ընտրությունների գնալ հայրենադավ ուժի ընտրական օրենսգրքով, ընտրությունների գնալ թշնամու կողմից հովանավորվող գործակալի, նրա՝ երիցս նզովյալ թիմի հետ: Ես դեմ եմ հողատուին էլ, նրա հետ ընտրությունների գնացողներին էլ: Դուք, ինչ է, համարում եք, որ մեկը կարող է տասը հազար մարդու գլուխ ուտել եւ հենց այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել, գնալ ընտրությունների՞: Հավատացեք՝ շատ հետաքրքիր բարոյա-քաղաքական պատկեր է ստացվում՝ Նիկոլն առաջ է ընկել, դուք էլ, մարշ ածելով՝ հետեւից գնում եք:

Ամոթ չլինի հարցնելը՝ այդ ո՞ւր եք գնում, մի՞թե հարություն տալու քաղաքական դիակին՝ լեգիտիմացնելով նրա գործած ավերները: Միայն չասեք՝ հայրենիքն ենք փրկում: Այդ ամենը շատ ծիծաղելի է: Նիկոլի հետ ընտրության գնալով՝ դուք միայն իմ կասկածներն եք խորացնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այս ողջ պատմության մեջ Նիկոլն ընդամենը դրածո է, եթե կուզեք՝ խեղկատակ, որի ձեռամբ եւ որի աճպարարությունների շնորհիվ էլ խաղարկվեց այս մեծ ողբերգությունը: Չմոռանամ ասել՝ հենց ձեր բարձր հովանու ներքո, հենց ձեր հուսալի ձեռքերում: Ու եթե Նիկոլի հարության գործն էլ մի հրաշքով գլուխ բերեք մինչեւ հունիսի 20-ը, ապա հենց այդ օրը նա կդադարի Արցախի հանձնման թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը լինելուց: