Գերմանիայի ԱԳ նախարարն ընդունել է իրենց մեղսակցությունը

Գերմանիայի ԱԳ նախարարն ընդունել է իրենց մեղսակցությունը

«Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլն այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք Երևանին և Բաքվին», X հարթակի իր էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:

«Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս։ Կոչ ենք անում երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր»,-ասվում է նրա հայտարարության մեջ:
Եվրոպական մամուլը ևս հետ չի մնացել, շտապել է հայտարարել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունն ի վերջո հաստատվում է:

Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ եվրոպական մամուլն ամենայն հավանականությամբ վերևից եկած հրահանգով փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել, քանի որ նմանատիպ փաստաթուղթը չի կարող տևական խաղաղություն ապահովել, առավել ևս արցախահայերի ցեղասպանության ֆոնին:

«Հետաքրքիր է Գերմանիայի արտգործնախարարուհու խոսույթը, հայտարարությունը, որում նա փաստորեն ընդունում է, որ իրենք մեղսակից են եղել Հայաստանի և հայ ժողովրդի համար ողբերգական զարգացումներին, այդ թվում Արցախի կորստին, հայաթափմանը և Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների ու մարդկության դեմ հանցագործությունների իրականացման առումով բացարձակ լռության պահպանմանը և փորձ են անում դա ներկայացնել ինչ-որ խաղաղության կամ տևական խաղաղության հասնելու ենթատեքստում: Այստեղ մենք պետք է հասկանանք իրականությունը, նշված փաստաթուղթը բացարձակապես որևէ խաղաղություն չի բերելու, ինչի մասին նաև այդ կառավարության ղեկին նստած անձնավորությունն ինքն է հայտարարել, որ փաստաթուղթը ստորագրելուց տասներկու ժամ հետո կարող է պատերազմ սկսվել: Բոլորս էլ հասկանում ենք, որ որևէ փաստաթուղթ չի կարող անվտանգություն ապահովել, առավել ևս նման թյուր բովանդակությամբ փաստաթուղթը, որը մանրակրկիտ և հետևողական քայլեր շատ չի ենթադրում, այլ զուտ թեզային մակարդակով հայկական կողմի զիջումներն է արձանագրում և պատմության մեջ առաջին անգամ փաստորեն արձանագրելու է Արցախի` Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքը»,-ասաց Աղաջանյանը:

Դիվանագետը նշեց, որ պատահական չի Ադրբեջանի կողմից պահանջների ներկայացման շարունակականությունը: Աղաջանյանը ենթադրում է, որ նույնիսկ Ադրբեջանի համար էլ որոշակիորեն անակնկալ է եղել հայկական կողմից համաձայնություն ստանալը: Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքականության հետ երբևիցե գործ ունեցած մարդիկ շատ լավ հասկանում են, որ հատկապես ծնկաչոք վիճակում գտնվող իշխանությունների պարագայում նրանք երբեք չեն դադարելու պահանջների իրենց ցանկը ներկայացնելը: Մենք լսում ենք ակնհայտ պահանջների մասին, բայց դրանց տակ կան նաև այլ պահանջներ, որոնց մասին դեռևս չեն բարձրաձայնում:

«Աստված մի արասցե, այդ փաստաթղթի ստորագրումից հետո դրանք մեջտեղ են բերվելու և հերթական անգամ իշխանության ղեկին հայտնված խմբակի ձեռամբ փորձ է արվելու ներկայացնել պատերազմ կամ հլու հնազանդ կամակատար համատեքստում ընդունելու հարթության վրա»,- նշեց Աղաջանյանը:
Դիվանագետը վստահ է, որ այս պահին էլ ընթացիկ գործընթացներ են գնում, այսպես կոչված, անկլավների կամ էլ հորինված ադրբեջանցի փախստականների մասով և որևիցե պահի դրանք «ցանկությունների գրքից» դուրս են բերվելու:

«Այս իշխանությունները հույս ունեն այս չարաբաստիկ փաստաթղթին արագորեն համաձայնելով, իրենց ձեռքին որոշակի խաղաքարտ են ստանում Գյումրիի և Փարաքարի առաջիկա ընտրություններում ինչ-որ մի ձեռքբերում ցույց տալու և դրանով ձայներ ստանալու, բայց կարծում եմ, մեր հանրությունը մեծամասամբ դադարել է տրվել այդ խաբկանքներին և հասկանում է իրական հետևանքները՝ մշտապես կեղծիքի, խաբեության, փաստացիորեն մեր երկրի  ավիրման հիմքերում, մեր կորուստների հիմքերում կանգնած այս խմբակի իրական նպատակները, որ նրանք ուղղակի թշնամու կողմից դրածոներ են և հստակորեն կատարում են նրանց օրակարգը: Ես չեմ կարծում, որ մեր հանրությունը կտրվի և ձայն կտա այս իշխանություններին: Իսկ այս իշխանություններին Եվրամիությունը պետք է առաջին հերթին, որպեսզի սեփական մորթը փրկեն, նրանց համար կյանքի և մահվան խնդիր է իշխանության մնալը: Իսկ նրանց հովանավորած և բազմիցս ամենատարբեր հայտարարություններում դա հավաստած թե ադրբեջանական, թե թուրքական իշխանությունների համար ցանկալի է նրանց իշխանության ղեկին ամեն գնով պահելը, որպեսզի իրականություն դառնա Հայաստանի ոչնչացման ծրագիրը»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Մինսկի խմբի լուծարման են գնում այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մերձեցման գործընթացի են գնում և լրացուցիչ հնարավորություններ են ծագում այդ Մինսկի խմբի համանախագահության վերագործարկման համար՝ շեշտում է դիվանագետը: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունը միտումնավոր կերպով գնացել է միջնորդական այդ ձևաչափի ոչնչացմանը՝ սպասարկելով Ադրբեջանի ցանկությունները:

Բոլոր դիվանագետները, որոնք այդ դաշտում աշխատել են, երբևէ կասկած չի հարուցել, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս գալու և բանակցային գործընթացը տեղափոխելու մի հարթակ, որտեղ նա կկարողանա ճնշման լծակներ օգտագործել: