Նույն խոսքերն են, նույն լոզունգները

Նույն խոսքերն են, նույն լոզունգները

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ իր առաջին այցերը սկսելով հարեւաններից, բայց նախ այցելելով Ադրբեջան։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախատեսված էր Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում, ԶԼՄ-ների համար հայտարարություններ, հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, նաեւ այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՌԴ նախկին քաղաքացի եւ հակառուսական ցույցերը ցրած Գեորգի Գախարիան Վրաստանի հասարակության կողմից ոչ միանշակ ընդունվող անձ է, որի հրաժարականը պահանջվում էր ամիսներ շարունակ, բայց նա ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ վարչապետ դարձավ։ Գախարիան վերջերս աչքի է ընկել Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ մի շատ տարօրինակ հայտարարությամբ՝ ասել էր, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ խնդիրներ չկան, ինչը պետք է տեսնեն երկու երկրների թե՛ բարեկամները, թե՛ թշնամիները։

- Պարոն Այվազյան, իր պաշտոնական այցերը հարեւաններից սկսող Գախարիան ի՞նչ դիրքորոշում ունի Վրաստանում բնակվող հայ համայնքի նկատմամբ։ Նրա ռուսամետության մասին ի՞նչ վարկածներ կան վրացական մամուլում։

- Վրաստանի ընդդիմությունը կարծում է, որ Վրաստանի իշխանության մեջ կա որոշակի ռուսամետություն՝ թաքուն։ Դա որոշ լրատվամիջոցների կարծիքն է, բայց իրական ոչ մի փաստով, թերեւս, չի հաստատվում։ Ինչ վերաբերում է ցույցերի ցրմանը, դա ուղղակի այն ժամանակ տեղի ունեցավ, երբ ցուցարարները փորձում էին մտնել խորհրդարանի շենք։ Սա ընդդիմությունը փորձում էր կապել ռուսամետության հետ, բայց սա ես չեմ կարող հաստատել եւ ոչ էլ հերքել։ Ինչ վերաբերում է հարեւանների հետ հարաբերություններին, ապա Վրաստանի իշխանությունները՝ նախագահներ, վարչապետեր, շատ անգամ հենց այդպես էլ վարվում են ու Ադբեջանի իշխանություններից են սկսում այցերը։ Նախկինը թեեւ Եվրոպայից էր սկսել։ Սրանում տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, բայց մեկ արտահայտություն կա, որը մի փոքր ինձ տարօրինակ թվաց․ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ մի շատ տարօրինակ հայտարարություն արեց՝ ասելով, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ խնդիրներ չկան, եւ ինչը պետք է տեսնեն երկու երկրների թե՛ բարեկամները, թե՛ թշմամիները։ Եվ չենք հասկացել, թե ինչ նկատի ունի «թշնամի» ասելով։ Այսինքն՝ Հայաստանը Վրաստանին բարեկամ երկիր է, իսկ Ռուսաստանն Ադրբեջանին բարեկամ երկիր է։ Այսինքն՝ այստեղ համատեղ թշնամին չենք հասկացել, թե ով է։ Ինչ վերաբերում է հայերին, ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ Վրաստանի իրական ղեկավարը Բիձինա Իվանիշվիլին է, եւ ինքն անթաքույց ասում է, որ վերահսկում է Վրաստանում քաղաքական պրոցեսները։ Եվ ավելին՝ Վրաստանում իր կողմից են առաջադրվում գրեթե բոլոր վարչապետերը։ Այսինքն՝ էական սրբագրումներ, ըստ իս, չի կարող անել։ Բայց, այնուամենայնիվ, ես հետեւել եմ նրա՝ քաղաքական գործչի կենսագրությանը, իբրեւ ներքին գործերի նախարար եւ այլ պաշտոններ զբաղեցնելիս, ինքը բավականին ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ անհատ է։ Եվ կարծում եմ՝ նախորդ վարչապետերի համեմատ ավելի ինքնուրույն է։

- Նա գնաց Ծիծեռնակաբերդ։

- Այցը պաշտոնական է։ Ծիծեռնակաբերդ այցելելը ոչ միայն նրա կամքով է, այլ հայկական կողմի, քանի որ պաշտոնական բոլոր այցերի ժամանակ, ըստ պրոտոկոլի, այցերը կազմվում են Հայաստանի կողմից։

- Իսկ եթե պաշտոնական չլիներ, կխուսափեի՞ն։

- Կարծում եմ՝ կարող էին նաեւ խուսափել։ Բայց մենք ունենք Ծիծեռնակաբերդում բազում եղեւնիներ, որոնք տնկվել են Վրաստանի նախկին նախագահների կողմից։

- Վերջին շրջանում ինչ-ինչ դժգոհություններ կան Վրաստանի իշխանություններից՝ հայերի մուտքն արգելելու վերաբերյալ։

- Այո, նախկինում էլ կային լրագրողների՝ Հանրայինի, «Երկիր մեդիայի», վերջերս՝ Epress.am-ի 3 լրագրողների, պատմաբանների, արդեն սկսել են սփյուռքահայերի մուտքն արգելել։ Բոլոր նրանց, ովքեր Ջավախքի հետ կապ ունեն, ազգակցական կապեր։ Համշենահայերի՝ նույնիսկ, ովքեր փորձում են Ջավախքի հետ բարեկամական կապեր հաստատել։ Շատ անհասկանալի բաներ են, քանի որ սրանք այն անձինք են, որոնք ընդհանրապես Վրաստանի քաղաքականությանն ու ներքին գործերին չեն խառնվում եւ նույնիսկ Ջավախքի հարցով շատ զգույշ են։ Պատճառաբանությունը՝ ուղղակի գրություն են տալիս, որ մարդն անցանկալի անձ է Վրաստանում։ Սա կարգավորում է ներքին գործերի նախարարությունը՝ անվտանգության մարմինների հետ միասին։

- Սա նո՞ր բան է։

- Այս պրակտիկան սկսվել էր նախորդ իշխանության կողմից, բայց հիմա շարունակվում է։

- Դուք ի՞նչ բացատրություն ունեք։

- Իմ կարծիքով՝ այն է, որ լրագրող, պատմաբան, հասարակական գործիչ, որոնք ուղղակի Ջավախքի հանդեպ ուշադրություն են ցուցաբերում, փորձում են մեր հայրենակիցների հետ կապ հաստատել եւ ինչ-որ հարցերում օգտակար լինել, նրանք արդեն ռիսկային գոտում են գտնվում։ Այլ խնդիրներ էլ կան․ հայոց լեզուն է կրճատվել՝ 5-ից դարձել է 3 ժամ։ Դասագրքերի պակաս կա, դա էլ Հայաստանից պետք է կարգավորվի՝ միջպետական հարաբերություններում։ Մեր հայերենի ուսուցիչները որակավորում անցնելու խնդիր ունեն։ Այստեղ եւս Հայաստանը պետք է աշխատի Վրաստանի հետ։ Եվ հիմա, ինչքան նայում եմ, այս պահի դրությամբ նույն խոսքերն են, նույն լոզունգները։ Գործնական ոչինչ չտեսանք։