ԿԳՄՍՆ-ն այդպես էլ չասաց, թե ինչ խախտում է եղել, որ գնացին այս ծայրահեղ քայլին

ԿԳՄՍՆ-ն այդպես էլ չասաց, թե ինչ խախտում է եղել, որ գնացին այս ծայրահեղ քայլին

Անցած տարվա դեկտեմբերին կայացած Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններից հետո իրավիճակը բուհի շուրջ լարվեց. նախ՝ հրաժարականներ, հետո՝ քրեական վարույթներ, ապա՝ դատական հայցեր, ի վերջո՝ լուծարված հոգաբարձուների խորհուրդ եւ կառավարման ճգնաժամ, որը փոքրիշատե հարթելու համար ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը բուհի կանոնադրության մեջ որոշակի կարգավորումներ արեց, որպեսզի բուհը կարողանա շարունակել բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի եւ մյուս այլ վճարումների կատարումը։

Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ձեւավորվել է ժամանակավոր՝ 3 հոգանոց խորհուրդ, հետեւյալ կազմով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթեւոսյան։

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանից հետաքրքրվեցինք, թե ԿԳՄՍ նախարարն ի պաշտոնե իրավունք ունի՞ ընդգրկվելու բուհի ժամանակավոր խորհրդի կազմում։ «Եթե ամեն ինչ ի սկզբանե ճիշտ ընթացքով եկած լիներ, կարող էր լինել, ոչ մի բացառություն չկա այդ մասով, բայց, նախ, գործընթացը ճիշտ չի կազմակերպվել իրենց կողմից, եւ 2-րդ՝ ամենակարեւոր խնդիրն այն է, որ շահերի բախում կա այստեղ, քանի որ նախարարը հանդիսանում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչն ակնհայտորեն շահերի բախում է այս պարագայում»։

Ց․ Ակոպյանն իր խոսքում նկատում է՝ չնայած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ երկու ամիս հանրությանը հավաստիացնում էր, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, սահմանված կարգի համաձայն, հոգաբարձուների խորհուրդ է ձեւավորվելու, իրենք օրերս ստացան արդարադատության նախարարի ժամանակավոր խորհուրդ ձեւավորելու հրամանը, ինչը, ըստ նրա, հերթական անգործության դրսեւորման հետեւանքն էր։  

Ի՞նչ նկատի ունի, ասելով՝ եթե ամեն ինչ ի սկզբանե ճիշտ կազմակերպած լինեին, նախարարը կարող էր եւ խորհրդի կազմում լինել։ Ց․ Ակոպյանը նկատում է․ «Նախ, ի սկզբանե իրենք այդպես էլ չուզեցին ընկալել, որ խորհուրդը սխալ են լուծարել, պետք է դիմումը գրվեր խորհրդի նախագահի անունով, եւ քննարկվեր յուրաքանչյուր դիմում հոգաբարձուների խորհրդի նիստում։ Այդ գործընթացը չի կատարվել, այսինքն՝ արդեն իսկ այս գործընթացի օրինականությունը կասկածի տակ է դրվում, որովհետեւ ուրիշ ճանապարհով է լուծարվել խորհուրդը, եւ ամենակարեւորը՝ մենք ժամանակին կատարել ենք հոգաբարձուների նոր խորհրդի ընտրությունը, ներկայացրել ենք թե՛ դասախոսական կազմը, թե՛ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին, եւ առանց որեւէ լուրջ պատճառաբանության, ընդամենը մեկ նամակով մեզ զգուշացրել են, որ հարցը քննարկման փուլում է գտնվում, խախտումներ են եղել եւ այլն, բայց մենք այդպես էլ չիմացանք, թե ինչ խախտման մասին է խոսքը»։ Ց․ Ակոպյանը ընդգծում է, որ 2 ամսվա ընթացքում ԿԳՄՍՆ-ն այդպես էլ չասաց, թե այդ ինչ խախտում է եղել հոգաբարձուների խորհրդի դասախոսական կազմի ընտրության ժամանակ, ինչի պատճառով գնացին այս ծայրահեղ քայլին։

«Նախարարությունը չբարեհաճեց անգամ նշել, թե ինչ խախտում է եղել, որովհետեւ իրենք շատ լավ գիտեին, եթե հանկարծ նշեին որեւէ խախտման մասին (եթե, իհարկե, կար խախտում, ինչի մասով խիստ կասկածում եմ), մենք շատ արագ փորձելու էինք նոր ընտրություններ կազմակերպել, ու ավելի քաղաքակիրթ, օրենքին համաձայն խորհուրդ էր ձեւավորվելու։ Իրենք շատ լավ հասկանալով, որ մենք պատրաստ ենք դա անելու, եւ որ բուհում չունեն աջակցություն դասախոսական կազմի եւ ուսանողության շրջանում, գնացին այս ծայրահեղ քայլին, ինչն արվում է շատ ծայրահեղ դեպքերում։ Ընդ որում, բուհերի մասով սա կիրառելի չէ եւ ավելի շատ վերաբերում է այլ հիմնադրամներին, որտեղ, օրինակ, մի քանի համահիմնադիր է լինում, եւ նրանց մեջ վեճ է առաջանում եւ այլն։ Այդ դեպքում արդարադատության նախարարը նշանակում է 3 հոգանոց խորհուրդ, տրամաբանությունը սրան է վերաբերում, ոչ թե բուհերին։ Եվ իրենք գնացին այս ոչ օրինական ճանապարհով, բայց մենք նշել էինք, որ դրան էլ ենք պատրաստ։ Ուղղակի ցավում եմ, որ իրենք ամբողջ նախարարությունում 10 հոգի հավատարիմ մարդ չգտան, որ նորմալ խորհուրդ ձեւավորեն, այլ գնացին այս ճանապարհով, եւ երբ նայում ենք այն մարդկանց, ովքեր ժամանակավոր խորհրդի անդամ են, ցավով եմ նշում, որ որեւէ մեկը Բրյուսովի համալսարանի հետ կապ չունի, միակ մարդը, ով քիչ թե շատ կապ ունի, տիկին Անդրեասյանն է, որ մեկ տարի դասավանդել է, մնացածը որեւէ առնչություն չունեն, նույնիսկ կասկածում եմ՝ նրանցից որեւէ մեկը մեկ անգամ համալսարան մտե՞լ է, թե՞ ոչ, ցավում եմ, որ այս մարդիկ են թեկուզ ժամանակավոր խորհրդի կազմում»։
Պարզվում է՝ համալսարանի ուսանողները եւս դիմել են կառավարությանը, քանի որ նրանց իրավունքները խախտվել են․ «Իրենք ասում են՝ իբրեւ թե խորհրդի կազմի՝ դասախոսական ընտրության ժամանակ խախտում է եղել, բայց այդ դեպքում իրենք կարող էին գնալ այլ ճանապարհով։ Օրենքն ասում է․ եթե խորհրդի կեսից ավելին նշանակվում է, խորհուրդը համարվում է արդեն ձեւավորված, այսինքն՝ իրենք կարող էին դնել իրենց 10 հոգուն՝ եւս 5 ուսանողի, եւ 15 հոգանոց խորհուրդ ձեավորել, բայց դա էլ չարեցին, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ համալսարանում չի ընդունվում իրենց վարած այս քաղաքականությունը»։

Թե որն է լինելու այս ժամանակավոր խորհրդի գործողությունների հաջորդականությունն ու տրամաբանությունը, Ցոլակ Ակոպյանը դժվարանում է ասել․ «Նախ, մենք դատական կարգով կփորձենք բողոքարկել, բայց այսօր տեսնելով, թե ինչ է կատարվում մեր դատական համակարգում, ակնհայտ գործերն ուղղակիորեն մերժվում են, հետ են ուղարկվում, այս դեպքում ուղղակի ցավում եմ, որ նման արդարադատության համակարգ ունենք, բայցեւայնպես, մենք կգնանք այդ ճանապարհով, որովհետեւ հարցի իրավական լուծման կողմնակից ենք, սակայն այս պահին կընդունենք այդ 3 հոգանոց խորհրդի գոյությունը, որովհետեւ դա է միակ փաստաթուղթն այս պահին, հուսամ՝ դատարանը հետո այլ վճիռ կընդունի։ Ժամանակավոր խորհրդի խնդիրը հենց դա է, որ 6 ամսվա ընթացքում նորմալ խորհուրդ ձեւավորեն»։
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե մարտի 9-ից սկսած, 6 ամսվա ընթացքում հոգաբարձուների խորհուրդ չի ձեւավորվում, ժամանակավոր խորհուրդը պետք է դիմի դատարան՝ բուհը լուծարելու համար։ «Այդ պատճառով բոլորիս խնդիրն է՝ արագ ձեւավորել հոգաբարձուների խորհուրդը։ Բայց այստեղ մենք մի խաղաքարտ ունենք, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ժամանակին դիմել է Սահմանադրական դատարան, որը բուհերի լուծարումը ժամանակավոր խորհրդի միջոցով դրույթը հակասահմանադրական է ճանաչել, հուսանք՝ դա հաշվի կառնեն, եւ այդ ճանապարհով չենք գնա, որովհետեւ դա հակասում է բուհերի ինքնավարությանն ու ակադեմիական ազատությանը, ինչը շեշտված է Սահմանադրության մեջ»։