Արմեն Սարգսյանը չի ստորագրել՝ իմա՜ստը

Արմեն Սարգսյանը չի ստորագրել՝ իմա՜ստը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, Սահմանադրական դատարան էլ չի դիմելու։ Նախագահի այս «հիբրիդային» որոշման մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Թե ինչու չի ստորագրելու նախագահը օրենքը և ինչու չի դիմելու ՍԴ, դրա վերաբերյալ նախագահականի ուղարկած հաղորդագրության մեջ երկար-բարակ բացատրություն է ներկայացված, որից, սակայն, անորոշ է մնում գլխավոր հարցը՝ եթե չի ստորագրելու, ինչո՞ւ չի դիմում ՍԴ, իսկ եթե ՍԴ դիմելու կարիք չկա, ինչո՞ւ չի ստորագրում։ Կարճ ասած՝ չստորագրելու իմա՜ստը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի ընդունած վերջին փոփոխությամբ` այսուհետ ընտրությունները կանցկացվեն փակ համամասնական ցուցակներով՝ առանց տարածքային ցուցակների։ Այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը փոխարինվել է համամասնական ընտրակարգով։ Եվ նախագահը կարծում է, որ առանց տարածքային ցուցակների կառուցակարգի, համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել կայացած քաղաքական մշակույթ ձևավորած խորհրդարանական պետություններում, որտեղ կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ` ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականացվում է ներկայացված ծրագրերի հիման վրա: Մինչդեռ նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի միջեւ մրցակցության, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանրապետության նախագահը չի ստորագրելու

օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: 

Իսկ ի՞նչ է սա նշանակում, որ օրենքը չի՞ մտնի ուժի մեջ։ Իհարկե, ոչ։ Այն 21 օր հետո կստորագրվի ԱԺ նախագահի կողմից և ավտոմատ կմտնի ուժի մեջ։ Կամ, ինչպես սիրում են ասել իմքայլականները՝ իրավունքի ուժով։ Ստացվում է՝ հանրապետության նախագահը այս օրենքը առանց ռեալ հիմնավորման չստորագրելով և Սահմանադրական դատարան էլ չուղարկելով՝ պարզապես հերթական անգամ օդ է կրակել՝ փորձելով այդպիսով իբրև թե ընդդիմանալ օրվա իշխանությանը, իսկ իրականում՝ իր վրայից գցել այս օրենքն ընդունելու կամ մերժելու պատասխանատվությունը։ Ինչը նշանակում է նպաստել փաշինյանական պլանների իրականացմանը։