Պատմությունը խեղաթյուրել, այն էլ՝ ընդամենը երկու տարի ա՞նց
Գերմանիա կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին այցելել էր Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում էր ունեցել քաղաքական, հասարակական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը եւ կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը եւ որոշ ուշագրավ մտքեր էր հայտնել։ Մասնավորապես մեր ուշադրությունը գրավեցին 2020 թվականից հետո Հայաստանում ծավալված իրադարձությունների նրա ընկալումն ու մեկնաբանությունները, որոնք էականորեն տարբերվում են մեր ընկալումներից։
Ահա թե ինչ է ասել նա․ «Մի շատ կարեւոր փաստի մասին եմ ուզում նշել․ 2020թ. պատերազմից հետո առաջին անգամ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք՝ 2021թ. մայիսի 12-ին։ Եվ դա տեղի ունեցավ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, եւ առջեւում էին արտահերթ ընտրությունները։ Դա սահմանադրական գործընթաց է. վարչապետի հրաժարականից հետո եթե նոր վարչապետ չի ընտրվում, դա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան։ Եվ երբ մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանից երկու օր անց Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածքներ։ Դա փորձ էր՝ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ոչնչացնել Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ձեռքբերումները, ստեղծել հակառակ իրավիճակ, թույլ չտալ, որպեսզի տեղի ունենան ընտրություններ, իջեցնել Հայաստանի կառավարության օրինականությունը։ Բայց նույնիսկ այս հանգամանքների ներքո մենք մնացինք նվիրված ժողովրդավարությանը։ Եվ մեզ հաջողվեց անցկացնել ազատ եւ ժողովրդավար ընտրություններ, ու սա մեր գնահատականը չէ, սա միջազգային հանրության եւ միջազգային դիտորդների գնահատականն է»։
Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր հրաժարականի թեմայով նա մի հայտարարություն էլ արեց․ երբ նրան հարց ուղղեցին՝ Դուք ձախողել եք, չե՞ք պատրաստվում հեռանալ, հայտարարեց, որ այնքան, ինչքան ինքն է հրաժարական տվել, ոչ ոք չի տվել։ Խոսքը, ինչպես հասկացանք, այս ձեւական հրաժարականների մասին է, որն ինքը տվել է երկու անգամ, ապա ինքն իրեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կարգել եւ այդ ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ ու վերարտադրվել։ Բայց հիմա այդ՝ Սահմանադրության թերություններից բխող պարտադրված քայլը՝ հրաժարական տալ, որպեսզի նոր ընտրություններ կազմակերպես եւ մուրճն ու հայհոյանքը կիրառելով, մանիպուլյացիաներով վերարտադրվես, Նիկոլ Փաշինյանը մեզ հրամցնում է որպես ինքնակամ հրաժարական տալու քայլ եւ ենթատեքստում էլ հանդիմանություն է ուղղում իր քննադատներին, թե ժողովուրդն ինձ ընտրում է, ես ի՞նչ անեմ։ Իսկ մարդու հարցն իրականում այն մասին էր, որ ձախողել ես՝ հրաժարական տուր եւ հեռացիր, նորից մի առաջադրվիր, մի օգտվիր ժողովրդի անգրագիտությունից, նախկինների հանդեպ ատելությունից, պետական լծակներից, ուժով եւ խաբելով մի վերարտադրվիր։
Բայց առավել ուշագրավ է այն, որ 2021-ի մայիսի դեպքերից ընդամենը 2 տարի անց նա փորձում է ներկայացնել, թե Ադրբեջանը, ներխուժելով հայկական տարածքներ, փորձել է կանխել իր վերընտրվելը եւ «ոչնչացնել Հայաստանի բոլոր ժողովրդավարական ձեռքբերումները», իջեցնել կառավարության լեգիտիմությունը։
Սա ասվում է անտեղյակ մարդկանց համար, որոնք լսելով կարող են մտածել, որ Նիկոլ Փաշինյանն ազգային գործիչ է, եւ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որ նա չընտրվի, սակայն ժողովրդավարությունն ու արդարությունը հաղթանակել են, եւ նա վերընտրվել է։
Հիմա մի փոքր ավելի հետ գնանք, որպեսզի համոզվենք, որ սա կեղծ պնդում է, եւ մեր թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ամեն ինչ անում են, ամեն ինչի պատրաստ են, որ Նիկոլ Փաշինյանը մնա ՀՀ վարչապետի աթոռին, եւ որեւէ ընտրության ժամանակ բացառված է, որ նրա վերարտադրմանը որեւէ կերպ խանգարեն։
2021 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի ողջ զինվորականությունը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ 44 բարձրաստիճան զինվորականների ստորագրությամբ, հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Զինվորականներն ընդգծել էին, որ «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում», ուստի վարչապետը պետք է հրաժարական տա։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն անվանեց հեղաշրջման փորձ եւ բոլոր լծակները գործի դրեց, որ ԳՇ պետին ու իր հրաժարականը պահանջողներին ազատի, պատժի, եւ ինքը մնա իր աթոռին։ Այդ օրերին, հիշեցնենք, չկար մի նշանակալի հիմնարկ ու կառույց, որ նման հայտարարություններ չաներ եւ Նիկոլ Փաշինյանի՝ որպես պարտված ու երկիրն անդունդի եզրին հասցրած ղեկավարի հրաժարականը չպահանջեր։ Ողջ երկիրը միասնական էր, որ նա պետք է հեռանա, եւ անգամ Փաշինյանի թիմակիցները, աջակիցները լռում էին ու չէին դատապարտում նման պահանջներ ներկայացնողներին։ Միայն մի աջակցություն հնչեց՝ հօգուտ Փաշինյանի, այն էլ՝ Թուրքիայից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հենց նույն օրն արձագանքեց զինվորականների այս հայտարարությանը՝ ըստ էության միջամտելով մեր երկրի ներքին հարցերին։
Նա հայտարարեց․ «Մենք դատապարտում ենք ցանկացած ռազմական հեղաշրջում կամ նման հեղաշրջման փորձ, կարեւոր չէ, թե աշխարհի որ երկրում է դա տեղի ունենում։ Մարդիկ իրավունք ունեն քննադատել իրենց երկրի կառավարությանը, պահանջել այդ կառավարության հրաժարականը։ Անընդունելի է, սակայն, երբ զինվորականներն են պահանջում ընտրված կառավարության հրաժարականը: Այնպես որ, մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»։
Սրանով Թուրքիան չթաքցրեց իր շահագրգռությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հարցում։ Ավելին, այդ ժամանակ համառ լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատրաստ էր ավելի կտրուկ քայլերի, սակայն թուրքական կառավարական շրջանակներից նրան մեսիջ էին փոխանցել, որ եթե դուք որեւէ քայլ ձեռնարկեք Նիկոլ Փաշինյանի դեմ, թուրքական բանակն անհապաղ կհատի սահմանը եւ կներխուժի ՀՀ տարածք։ Ըստ այդ լուրերի, սա ստիպել է, որ Գասպարյանը ոչ մի քայլ չանի, որպեսզի չվտանգվի մեր երկրի անվտանգությունը։
Այնպես որ, ադրբեջանական կամ թուրքական շրջանակներից Հայաստանին եւ Նիկոլ Փաշինյանին ուղղված վտանգների մասին հեքիաթները դյուրահավատների համար են, իսկ իրականությունը բոլորովին այլ է։
Կարծիքներ