Ո՞վ է դավաճանը և ովքե՞ր են այդ մենքը, որ հանձնել են Արցախը

Ո՞վ է դավաճանը և ովքե՞ր են այդ մենքը, որ հանձնել են Արցախը

ԱԺ քննիչ հանձնաժողովում Սամվել Բաբայանի երկու հայտարարությանը կանդրադառնամ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթի մասին ասում է, որ փաստաթուղթը դավաճանական է․ «Հրապարակ»-ի հաղորդմամբ խորհրդարանում ասել է․ «Նոյեմբերի 9-ին, այո, ես հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ, որ դա դավաճանություն է»։

Բնական է, թուղթը չի կարող լինել դավաճան կամ դավաճանական, ուստի կարևորվում է արձանագրել, որ ինչպե՞ ս են վարվում դավաճանական փաստաթուղթը լեգիտիմացնողի հետ։ Ասում ու անցնու՞մ են։ Փաստորեն նա խոսում է դավաճանության մասին, բայց դավաճանության համար  ոք չի պատժվել։ Ու քանի որ փաստաթուղթը ինքնին՝ առանց անձնավորման, չի կարող լինել դավաճանական, ուրեմն պիտի հայտարարի, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ստորագրվել է ժողովրդի թիկունքում,  դավաճանություն է եղել հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ դեպքում ինչու՞ են հասցեագրված դավաճան բառի համար մարդկանց ձերբակալում, նրանց վրա քրեական գործեր հարուցում, առավել ևս, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից բացի գործել է նաև պայմանավորվածությունների շղթա։ Եթե դավաճանական փաստաթուղթ է ստորագրվել՝ ըստ Սամվել Բաբայանի, ինչու՞ ստորագրողը շարունակում է գործել։ Նոր դավաճանական փաստաթղթեր ստորագրելու՞ համար։ 

Երկրորդ հայտարարությունը դավաճանական փաստաթուղթը մեղմելու նպատակ ունի, բայց ավելի է խճճում հարցը։ Ասում է՝ մենք բոլորս միասին հանձնեցինք Արցախը։ Ովքե՞ր են մենքը։ Կարծում եմ մենքի  մեջ չեն մտնում Արցախի ու Հայաստանի ժողովուրդը, որովհետև ժողովուրդը կամ սովորական քաղաքացին Արցախը հանձնելու լծակ չունի։ Մենքը իրենք են՝ պատասխանատուները։ բոլորը միասին, սինխրոն։ Սա հնացած տակտիկա է, երբ բոլորին մեղավոր հանելով, փորձում է փրկել  հիմնական մեղավորին կամ մեղավորներին։ Դավաճանական փաստաթղթի ստորագրումից ու բանավոր պայմանավորվածություններից հետո եթե բոլորդ եք հանձնել Արցախը, դա պատասխանատվությունից բոլորին չի ազատում։ Ու չի նշանակում, թե մի խմբի կողմից Արցախի հանձնումը հանձնում չի նշանակում։ Լավ կանի բացի նաև, թե ովքեր են այդ մենքը։ Դավաճանական փաստաթուղթը հասկացանք։