Ջամալ Միր Սադեղի․ Տղամարդը

Ջամալ Միր Սադեղի․ Տղամարդը

Երաժշտության, սազի ու դմփդմփոցի ձայների տակ, լուռ ու կռացած, իր որսին մոտեցող կատվի նման մոտեցավ, երկու տանիքների կարճ տարածությունը հանգիստ անցավ եւ բռնվելով պատի պռնկից՝ կախվեց մյուս տանիքից:     

Երբ ոտքերը կպան տանիքի գետնին, թաքնվեց պատի հետեւում ու սկսեց իր շուրջը նայել: Շունչը բանտարկել էր կրծքավանդակում: Ճակատին քրտինքի խոշոր կաթիլներ էին հայտնվել: Իր կանգնած տեղից փոշոտ, շիկացած, ծուռմռտիկ ու իրար հատող փողոցներ էին երեւում, որ օձի նման իրար շուրջ էին գալարվել: Փողոցներով անցնում էին բարակ վերնազգեստներով, վանդակավոր արխալուղներով, սարդարիներով ու մորադբեգիներով, սպիտակ թասակներով ու մեծ փաթթոցներով տղամարդիկ, կանայք՝ չադրաներով ու լայն տաբատներով, սեւ ու սպիտակ քողերով, որոնց վերեւի մասում երկու կլոր անցք կար՝ նման երկու մատնահետքի:    

Իր ոտքի տակ՝ փողոցում, փսփսոցի ու քրքջոցի ձայներ էին լսվում: Պատին հենված՝ ծիկրակեց, փողոցին նայեց, որ իր հայացքի ներքո մեծ ու խճճված պարանի նման գալարվում էր կավե թզուկ տների շուրջը: Բարակ ու մուգ գույնի սարդարիներով տասնյոթ-տասնութ տարեկան տղաներ խմբվել էին փողոցի մյուս կողմում, աչքները հառած փողոցի մյուս կողմի տանը՝ փսփսում էին ու խնդմնդում: Ամեն անգամ, երբ փողոցի ոլորանից չադրայով ու լայն տաբատով մի կին էր հայտնվում եւ իր սահող մարմինը չադրայի տակից շարժելով՝ դանդաղ մոտենում, բերանները բաց էին մնում, եւ չռված ու ագահ աչքերը նրա հետեւից ձգվում էին մինչեւ այն տան դուռը, որի ներսից աղմուկ-աղաղակ էր բարձրանում: Հենց կնոջ հետեւից տան դուռը փակվում էր, հայացքները քարանում էին դռան վրա, եւ փսփսոց էր բարձրանում:    

Երբ երիտասարդ տղան համոզվեց, որ ոչ ոք իրեն չի տեսնում, մի քանի քայլ առաջ գնաց եւ դիմացի կտուրի տանիքից իրեն թափով վեր բարձրացրեց: Շփոթությունից ոտքը դիպավ կտուրի սուր ծայրին, շուրթերն իրար սեղմեց: Նստեց տանիքին, սարդարիի գրպանից հանեց իր վանդակավոր թաշկինակն ու արյունոտ ոտքն անփութորեն կապեց: Այնուհետեւ պառկեց տանիքի՝ արեւից այրված ու շիկացած հատակին ու սկսեց սողալ: Ափերով շոշափեց կտուրի տաք կավածեփի կոշտությունն ու չորությունը եւ առանց ամենաչնչին շշուկի, հողի վրա օձի նման մարմինը քարշ տվեց ու առաջ տարավ:     

Այդ կտուրի պռնկին հարակից բակից մի քանի կանանց ուրախ քրքիջ էր լսվում. կոկետությամբ ու պչրանքով լի ձայնով մի կին երգում էր, իսկ մի թառ ու թմբուկ նրա երգին ռիթմ էին հաղորդում: Բակի պատի վրայից կարմիր արեւը մերկացած կնոջ նման վեր էր բարձրանում: Նրա փայլկտող ու ջերմ մարմինն էգ կատվի նման հպվում էր տանիքի հողերին ու սողոսկում առաջ:         

Պատանին իր նիհար մարմինն առաջ տարավ, որ հասնի տանիքի եզրագծին: Այդ ժամանակ ոտքերը փռեց տանիքի վրա, գլուխն այնպես հենեց տանիքի ուռուցիկ ու փոշոտ եզրագծին, որ կարծես բարձին էր դնում, եւ ագահ աչքերը ներքեւ չռեց: Մազերն արմատից սափրած էին: Շուրթերի վերեւում քիչ սեւությամբ մի բեղ էր ընդգծվել: Հագել էր երկար ու լայն սարդարի, որ մինչեւ ծնկները ծածկում էր մարմինը: Երեսնիվար ընկած տանիքի արեւոտ ու շիկացած հատակին՝ նայում էր բակի կանանց:         

Պճնված կանայք բակով մեկ ցրված էին: Հագել էին բարակ ու կարճ բլուզներ, գույնզգույն ու դարսավոր կարճ շրջազգեստներ, սեւ, երկար ու նեղ տաբատներ: Շրջազգեստի կողքերից բյուրեղյա կախազարդեր ու կապտավուն հմայիլներ էին կախված: Նրանցից մի քանիսն իրենց խիտ հյուսքերը ծածկել էին շղարշե գլխաշորերի տակ, իսկ ոմանք արձակել էին իրենց առատ, սեւ մազերի խուրձը: Նրանց շքեղ ու ձյունաճերմակ պարանոցներին աչք էին ծակում ոսկյա վզնոցներ, թումաններից ու հինգհազարանոցներից պատրաստված ոսկե օղակներ, երկար ու մի քանի շերտանի կախազարդեր ու ոսկյա մետաղադրամներով սաթե վզկապներ: Ձեռքներին երեւում էին օսմանյան լիրաներով թեւնոցներ ու ոսկյա ապարանջաններ:     

Բակի վերեւում թախտ էր դրված, եւ մանկահասակ մի հարսնացու՝ թանկարժեք թերմեհ կտորից դարսավոր շրջազգեստով, որի շուրջբոլորը կախված էին ոսկյա մանրադրամներ ու բյուրեղյա հմայիլներ, պճնված նստել էր եւ իր սեւ ու խոշոր աչքերով ակնդետ դիմացն էր նայում: Վարսերին ծաղիկներ ու գիլեհ էին փակցրել: Երեսին մի սպիտակ քող էր գցված:     

Բակի պատերին գեղեցիկ նախշերով ու պատկերներով թավշյա գորգեր, Մուհամմադ մարգարեի ու Ալիի նկարներն էին աչքի ընկնում: Բակի հատակը ծածկել էին գորգով, եւ տարեց ու երիտասարդ կանայք ծալապատիկ նստել էին վրան:     

Երիտասարդ տղան, նույնկերպ տանիքին պառկած, աչքերը չռած կանանց պճնված ու գեր դեմքերին, ճերմակ պարանոցներին ու արտահայտիչ կրծքերին, նայում էր պարուհուն, որն իր սպիտակ ու մսոտ մարմինն էր գալարում, ցատկում ավազանի վրայի տախտակներին: Տախտակներով փակված ջրավազանի մի կողմում՝ իրար կողք կողքի, երաժիշտների խումբն էր նստած: Երեւում էին սեւ ակնոցով մի գեր թառահար՝ նստած մեջտեղում, որի կրծքերը կիսով չափ լցված պարկերի նման շարժվում էին թառի վերեւում։ Նրա կողքին՝ մի կարճլիկ թմբկահար, որի մատները լի էին մատանիներով, իսկ մյուս կողմում՝ մի մանկահասակ ու նիհար երգչուհի: Ջրավազանի տախտակի վրա մի կիսամերկ աղջիկ էր պարում: Հագել էր կարմիր, կարճ շրջազգեստ, կոճերին հասնող դարսավոր տաբատ, անթեւ ու կարճ բլուզ, որ մինչեւ պորտի վերեւն էր հասնում, եւ պտտվում էր՝ իր սպիտակ ու մսոտ բազուկներն ու մարմինը երաժիշտների նվագին զուգընթաց շարժելով: Տախտակների ձայները խառնվել էին պարեղանակին ու ռիթմին: Կանայք ծափահարում էին, վզերն ու գլուխները շարժում, նստած տեղից թափահարում ուսերը:   

Երիտասարդ տղան տարուբերում էր գլուխը, հայացքը հետեւում էր պարուհու պտույտներին, թեքվել-ուղղվելուն, եւ անձայն ծիծաղում էր: Երբեմն ակամա մի խեղդված ձայն էր դուրս գալիս բերանից, ձեռքերն ու ոտքերը խփում էր տանիքի հատակին, կռանում, գալարվում իր իսկ կողքերը: Կրկին պառկում էր տանիքի վրա, աչքերն անշարժ ներքեւ գցում, եւ կոկորդից ձայներ էին դուրս գալիս: Հենց այն պահին, երբ ներքեւ էր նայում, ինչ-որ խշխշոցի ձայնից դողաց: Իր հետեւից ոտնաձայն էր լսվում: Արագ շրջվեց ու վախեցած հետեւը նայեց:     

Տասնչորս-տասնհինգ տարեկան մի աղջիկ հայտնվեց սողանցքից, առանց նրան նկատելու՝ դանդաղ առաջացավ, նստեց տանիքի պռնկին՝ նրանից մի քանի քայլ հեռու, առաջ կռացավ եւ սկսեց բակին նայել: Նրա կարմիր ծաղիկներով սպիտակ չադրան գլխից սահեց, գոտկատեղի ներքեւով իջավ ոտքերի վրա, եւ դրա տակից երեւացին նրա արծաթագույն ու բարակ բլուզը, աստառի կտորից կարված սեւ տաբատը: Սեւ, առատ մազերի խուրձը կրծքերին էր փռվել: Բոսորագույն արեգակն իր մարմինը գցեց նրա գեղեցիկ դեմքին ու վեր բարձրացավ: Աղջիկը ձեռքը ծնոտի տակ դրեց, ներքեւ կռացավ եւ իր սեւ ու խոշոր աչքերով հարսին նայեց: Հարսը ձեռքի օշարակն էր խմում:     

Պատանին նայեց աղջկա՝ չադրայի տակից շարժվող ոտքերին, ապա հայացքը նրա դեմքին հառեց: Ճիշտ նույն հանգստությամբ ու փափկությամբ սողաց, հասավ նրա մոտ: Աղջիկը սարսռաց ու շրջվեց: Երբ նրան իր կողքին տեսավ, ուժեղ սարսուռը պատեց ողջ մարմինը, ձեռքն ակամա չադրայի կողմը գնաց, եւ շարժվեց, որ տեղից բարձրանա: Դողում էր: Մեծ ու լուսավոր աչքերը պատանու վրա գցեց: Նրանց հայացքներն իրար աչքերում մնացին, աղջիկը շիկնեց, գլուխը կախեց ու սկսեց իր դողացող ձեռքերի հետ խաղալ: Երկուսն էլ դողում էին: Աղջիկն իր կրակված հայացքը նորից վեր բարձրացրեց, եւ նրանց հայացքները, ինչպես երկու լուսավոր փարոս, առկայծեցին աչքերի մթության խորքում:     

Որոշ ժամանակ, առանց չնչին շարժում անգամ անելու, ագահաբար միմյանց նայեցին: Շունչներն արագ էին, աղմկոտ ու ընդհատվող: Երիտասարդ տղան իր դողացող ձեռքերը մոտեցրեց աղավնու ձագի նմանվող աղջկա փոքրիկ ու ճերմակ ձեռքի կողմը, որ ընկած էր կիսաշրջազգեստին: Բռնեց այն, սեղմեց իր դողացող ձեռքերում: Ուժեղ սարսուռը կրկին ամբողջությամբ պարուրեց աղջկան, եւ նա սկսեց դողալ: Առանց իր դողացող ու տաք ձեռքը պատանու ձեռքի միջից հանելու՝ հետ քաշվեց: Այտերը կարմրեցին: Կուրծքը սկսեց թպրտալ, եւ ուսերին թափված մետաքսի կծիկի նմանվող մազերի խուրձը սկսեց դողդղալ:     

Երիտասարդ տղան նրա ձեռքը բաց թողեց, ակամա իր մատները տարավ նրա հյուսքերի մեջ եւ այտն ավելի մոտեցրեց: Նրա ձեռքը մի կողմ քաշեց ու գլուխն առաջ տարավ: Աղջկա դեմքն այլայլվեց: Մի կողմ քաշվեց, տեղից վեր թռավ, չադրան իր հետեւից քաշելով՝ աղմուկ-աղաղակով մի կողմ փախավ: Աղջկա աղմուկից բակի կանայք գլուխները բարձրացրին, եւ աչքներն ընկան երիտասարդ տղամարդու վրա:

Իրարանցում սկսվեց, եւ բոլորն իրար խառնվեցին: Յուրաքանչյուր կին փորձում էր թաքնվել նրա աչքից: Մի տղուկ բակի մյուս կողմի տանիքի վրայից վեր կացավ եւ շփոթված, աղմուկ-աղաղակով հետ փախավ: Հետո ծառերի հետեւից, ճյուղերի արանքից, սողանցքներից, պատերի մոտից, տանիքի հատակից պատանիներ ու տղամարդիկ չվող ագռավների երամի պես իրենց թաքստոցներից գլխապատառ դուրս թափվեցին ու սկսեցին փախչել:     

Բակում ամեն ինչ իրար խառնվեց: Կանանցից ամեն մեկը ճչալով թաքնվում էր մի անկյունում ու աղաղակում: Հարսնացուն մի քանի հոգու ուղեկցությամբ սենյակ փախավ: Կանանցից ոմանք, գլուխները բազուկների մեջ առնելով եւ մազերի ու դեմքի կեսը դրա տակ թաքցնելով, ինչ-որ բանի տակ էին պատսպարվում: Մյուսներն էլ կանգնած էին բակի կենտրոնում, չռած աչքերով վերեւ էին նայում, ձեռքները թափահարում ու սպառնում այս ու այն կողմ փախչող տղամարդկանց:     

Բոսորված արեգակը մերկ կնոջ նման բարձրացավ սողանցքի վրա, բարձունքում ձեռքերը երկնքի ուղղությամբ բաց արեց եւ երկինք թռավ: 

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ