Սահմանադրական դատարանը լիարժեք անգործության է մատնված

Սահմանադրական դատարանը լիարժեք անգործության է մատնված

Մինչ հանրությունը քննարկում է ՍԴ նոր դատավորների թեկնածությունները, բարձրագույն դատական ատյանում այս պահին նիստեր չկան: Այն, կարելի է ասել, պարապուրդի  մեջ է: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ուժի մեջ տնելուն պես, հուլիսի 22-ից ՍԴ 9 հոգանոց կազմից հեռացել են պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացրած երեք դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը ու Հրանտ Նազարյանը: 6 դատավորի առկայությունը բավարար է նիստն իրավազոր համարելու համար։ Ընդ որում, որոշ դեպքերում՝ որոշումներ կայացնելու համար բավական է 5 դատավորի ձայնը, իսկ որոշ դեպքերում՝ 6։ Այսինքն՝ եթե ընդամենը 6 դատավոր է, ապա որոշ դեպքերում անհրաժեշտ է, որպեզի բոլորն էլ կողմ քվեարկեն։ Բայց դատավորները զրկված չեն սահմանված ժամանակացույցով արձակուրդ գնալու իրավունքից: Հրայր Թովմասյանը, որն այլևս ՍԴ նախագահ չէ, և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են:  Իսկ 4 հոգուց  բաղկացած ՍԴ-ն փաստացի չի կարող նիստեր գումարել: Սահմանադրական դատարանը այս պահին չի աշխատում: 
Արդյո՞ք չէր կարելի ամբողջ գործընթացը կազմակերպել այնպես, որ ՍԴ բնականոն գործունեությունը չխաթարվի: Հարցը ուղղեցինք ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանին: 

«Օրենքով, նորմալ երկրում, եթե այսպիսի քայլի են գնում, ապա հին դատավորներին ասում են՝ «Ազատված եք» նոր դատավորների ընտրվելու օրվանից, կամ դրա հաջորդ օրվանից, երբ որ նրանք պարտականությունների կատարմանն անցնեն, որպեսզի դատարանի գործունեության անընդհատությունը չխախտվի: Հիմա մեզ մոտ նորմալ ճանապարհով չեն գնացել: Մնում է հարցնել նրանց, ովքեր ընդունել են այս քայլերի իրավաչափ լինելը: Ես չեմ ընդունել, դուք գիտեք», - ասաց Ալվինա Գյումլումյանը: Նա խորհուրդ տվեց հարցն ուղղել բարձրագույն դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին:

Վերջինս, սակայն, չի պատասխանում անծանոթ համարների: ՍԴ մամուլի ծառայությունն էլ, որը պետք է այս պահին հանրության հետ կապն ապահովի, չի գործում: Խոսնակ ՍԴ-ն չունի, և հանգամանքն այս լրացնում  է ՍԴ լիարժեք անգործության պատկերը: