Ելք չգտնելը չի արդարացնում հանցագործությունը

Ելք չգտնելը չի արդարացնում հանցագործությունը

ՀՀ ոստիկանությանը նոր փորձություն է սպասվում, այս անգամ՝ Ամուլսարի փեշերին: ՀՀ կառավարության «ամուլիզմն» այս հարցում սարի չափ մի խնդրի առջեւ է կանգնեցրել Հայաստանը: Ներողություն կոպիտ համեմատության համար, բայց կարծես մեր կառավարության ձեռքերը դեմ են տվել պատին, հետեւն էլ լոբու փետ խրել եւ ասում են՝ «դե մայկադ հանիր, տեսնեմ ո՞նց ես հանելու»: Ըստ էության՝ մեզ վրա լուրջ ճնշումներ կան դրսից, որոնց դիմակայել չենք կարողանում նախ՝ քաշային կատեգորիաների մեծ տարբերության եւ ապա՝ մերոնցից շատերի հետույքը մաքուր չլինելու պատճառով:

Այս հարցն ինչ-որ կերպ լուծվելու է, կասկած չկա: Բայց եթե նույնիսկ մինչեւ սեպտեմբերի 11-ը Ամուլսարի շուրջ իդեալական պայմաններ ստեղծվեն՝ շահագործումը սկսելու համար, միեւնույն է, որոշ ժամանակ անց, առաջին ջրային թունավորումներից հետո, խնդիրը նորից գլուխ է բարձրացնելու՝ այս անգամ արդեն քաղաքական բաղադրիչների թանձրացմամբ: Սա պետք է հասկանա նաեւ հանքը շահագործել պատրաստվող ընկերությունը, հակառակ պարագայում, այս իշխանությունների հեռանալու հետ ինքն էլ ստիպված է լինելու հավաքել ճամպրուկները: ՀՀ գործող իշխանությունների հետ կոմպրոմիսների չգնալով՝ «Լիդիան Արմենիան», ըստ էության, նրանց դրդում է ծայրահեղ քայլերի՝ սեփական ժողովրդի հետ բախումների, մի բան, որ ինքնիշխան պետությունների պարագայում ոչնչով արդարացված չէ եւ չի խրախուսվում միջազգային հանրության կողմից: Տնտեսական շահերը երբեք չեն կարող գերակա համարվել այնպիսի իրավիճակներում, երբ կան ակնհայտ ոտնձգություններ որեւէ, նույնիսկ Հայաստանի նման երկրի ինքնիշխանության նկատմամբ:

Նման իրավիճակից լավագույն ելքերից մեկն էլ «Լիդիան Արմենիային» ու այդ ընկերության ֆինանսական սյուներին Հաագայի կամ մեկ այլ դատարանի հանձնելն է՝ որպես ինքնիշխան պետության եւ նրա ժողովրդի դեմ հանցագործություն իրականացնողների: Փաշինյանի կառավարությունը, ի դեպ, հարցերը դատուդատաստանով կարգավորելու լավ փորձ ունի, իսկ թե ինչու այս դեպքում չի կիրառում նույն մեթոդը, դժվարանում ենք ասել: Գրում են, որ սեպտեմբերի 11-ին լրանում է վերջնաժամկետը, որից հետո «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն չստանալու դեպքում կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան: Ավելի լավ, թող դիմի, իսկ ինչ է, ինքը չի՞ թերացել, բացթողումներ չունի՞, թե՞ դատարաններում «կրուտիտ» լինելու գործում կարող է գերազանցել մերոնց:

Այս ճանապարհը թողած՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշել է աջ ականջը ձախ ձեռքով քորել՝ թույլատրել հանքի շահագործումը: Իսկ հետո՞… Իսկ հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Հիմա էլ խոսում են, թե նա ինչ-որ քեռիների խոստացել է, որ մինչեւ սեպտեմբերի 11-ը ինքը հանքավայրը կազատի ցուցարարներից եւ ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ կապահովի: Պարոն Փաշինյան, թույլ կտա՞ք հետաքրքրվել՝ այդ ինչպե՞ս եք Ամուլսարն ազատելու ցուցարարներից: Մի՞թե կրկին ոստիկանական զորաբանակներով, որոնք արդեն մի քանի «լուրջ հաղթանակներ» են գրանցել ցուցարարների դեմ պայքարում՝ Իջեւան, Ազատության հրապարակ, Բաղրամյան փողոց… Բոլորը չեմ հիշում արդեն:

Բազմաթիվ երկրների նորաթուխ ղեկավարներ, 1-1.5 տարի աշխատելուց եւ պոպուլիզմը որոշ չափով հաղթահարելուց հետո, այնուամենայնիվ, սկսում են որոշակի «իզմ»-եր դավանել, որպեսզի չհասկացվածի կարգավիճակ ձեռք չբերեն սեփական ժողովրդի եւ արտասահմանցի գործընկերների շրջանում: Հետեւելով Փաշինյանին՝ կարող ենք ասել, որ նա 1-1.5 տարի է՝ ո՛չ պոպուլիզմից հրաժարվելու միտք ունի, ո՛չ էլ ուրիշ «իզմ»-եր դավանելու: Ու, թերեւս, դա է պատճառը, որ ցանկացած պատի հանդիպելիս նա ինքնաբերաբար ընկնում է ազատ մնացած միակ գաղափարախոսության՝ «ամուլիզմի» գիրկը: Երբեմնի «Ելք»-ի ղեկավարը չի կարողանում ելք գտնել: «Ամուլիզմը» հենց դա է՝ ոչ մի գնով ելք չգտնել: Դրա համար հատուկ գիտելիքներ պետք չեն: Կարեւորը քայլ անելն է: Տեսեք՝ քայլ արեցին եւ բռնեցին Քոչարյանին: Մարդիկ միամտաբար մտածում են Քոչարյանի ազատության մասին, մինչդեռ իշխանությունն է, որ Քոչարյանի գործից ազատվելու ելք չունի: Ե՞րբ էր, որ Փաշինյանը պարծեցավ, թե կարող է արջի դեմ մերկ ձեռքերով կռվել: ՀՀԿ-ից ասացին՝ «չես կարա», եւ Փաշինյանը քայլ արեց: Նա բռնեց առաջին պատահած արջին, որ պարզվեց՝ գեներալ Մանվելի արջն է: Էլ երկար-բարակ չպատմեմ, ասեմ միայն, որ էս 1.5 տարի է՝ կռվում են: Խաղաղասեր լոռեցիք էն կողմից ձեն են տալիս. «Ա պարոն Փաշինյան, ա բրախի էդ կենդանուն, դրա վախտը չի, գորձերը մնացին…»: Փաշինյանն ի՞նչ ասի, որ լավ լինի: Արջի գրկից Լոռու բարբառով գոռում է. «Ա ես բրախըմ եմ, է, ինքը չի բրախըմ…»:

Հիմա էլ լուրեր են պտտվում, թե Ամուլսարը ցուցարարներից ազատելու համար ոստիկանությանը հրահանգվել է նախնական գործողություններ իրականացնել սեպտեմբերի 4-ից, որպեսզի մինչեւ սեպտեմբերի 11-ը «Լիդիան Արմենիայի» ճանապարհին խոչընդոտներ չլինեն: Ես չեմ հավատում այս ապուշությանը: Նույնիսկ ամենահաջողված «ամուլիստը» չի կարող նման քայլի գնալ եւ ամբողջ աշխարհին հայտարարել, որ պատրաստվում է ուժ կիրառել սեփական ժողովրդի դեմ: Բայց աշխարհը դեռ հեչ: Եթե այդ լուրերը նույնիսկ չեն համապատասխանում իրականությանը, ապա դրանց տարածումը մեկ նպատակ է միայն հետապնդում ՝ սարսափեցնել հակառակորդին, որն այս դեպքում, ավաղ, սեփական ժողովուրդն է:

ՀԳ. Հիշեցնենք՝ «ամուլիզմի» պատճառով ելք չգտնելը չի արդարացնում հանցագործությունը: