Ընտրություններում հնարավոր է հաղթել իշխանությանը
Եթե Փաշինյանը չի ուզում հանձնել անգամ մի քաղաք` մի քաղաքի իշխանություն, ինչո՞ւ պետք է հոժարակամ հրաժարվի մի ամբողջ երկրում ունեցած իշխանությունից: Եթե ամեն ջանք գործադրում է, որ Գյումրիում ընտրության արդյունքները կեղծի, գյումրեցիների քվեն գողանա ու իր ուզած մարդուն նշանակի քաղաքապետ, ինչո՞ւ նույն բանը չպետք է անի ամբողջ երկրի մասշտաբով:
Գյումրիում քաղաքապետի պաշտոնը Փաշինյանի հաջորդ թիրախն է, որը նա ուզում է բռնազավթել: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են Գյումրիում Փաշինյանի կողմից արվող կապիկությունները, համակարծիք են մի հարցում. նա գիտի, որ Գյումրիում իր եւ իր ղեկավարած կուսակցության վարկանիշը զրոյական է, եթե ինքը հիմա գնա արտահերթ ընտրության, հաստատ պարտվելու է: Դրա համար ուզում է օրենք փոխել, որ կարողանա նախ քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, հետո միայն ընտրությունների գնալ, որ պաշտոնակատարը համակարգի վարչական, ֆինանսական եւ քրեական ռեսուրսի օգտագործումը, իսկ եթե դա էլ չօգնի, նաեւ ընտրակեղծարարության միջոցով քաղաքապետ հռչակի այն մարդուն, որին ինքը նախապես որոշել է, որ պետք է դառնա Գյումրու քաղաքապետ: Ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրիում Փաշինյանն ուզում է, որ իշխանության հարցը որոշեն ոչ թե տվյալ քաղաքի, համայնքի ընտրողները, այլ՝ ինքը: Ի դեպ, Փաշինյանը թիմակիցներին արդեն ասել է, որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ տարվա մարտի վերջերին` պատրաստվեք այդ ժամկետի մեջ տեղավորվել:
Հայաստանում կա մի տեսակետ, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանին եւ ՔՊ-ին հաջողվեց ընտրություններում հաղթել, որովհետեւ երկրում Փաշինյանի խոստումներին հավատացող եւ խաբված մարդկանց թիվը դեռ բավականին մեծ էր, Փաշինյանը մեծ-մեծ նախընտրական խոստումներ էր տալիս` պողպատե չագուճն էր թափահարում օդում, Հադրութն ու Շուշին էր խոստանում հետ վերադարձնել, Արցախի ինքնորոշման հարցին սատար կանգնել, խաղաղություն հաստատել, մարդիկ էլ հավատացին այդ խոստումներին` գնացին եւ նրան ձայն տվեցին:
Հիմա հասարակության մեջ նրա ու նրա կուսակցության խոստումներին այլեւս հավատացող չկա, վարկանիշը շատ ցածր է, հանրային ատելությունը հասել է հնարավոր բարձր մակարդակի, հիմա իրենք լավագույն դեպքում մաքուր 6-7 տոկոս ձայն ունեն, նույնիսկ իրենց վարչական ռեսուրսն իրենց ձայն չի տալու, պետական ապարատն էլ է զզվում Փաշինյանից: Սրա մեջ ճշմարտություն կա, 2021 թվականի համեմատ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշն ավելի է իջել, գուցե վարկանիշ այլեւս չկա էլ: Բայց այնպես չէ, որ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններում արդար հաղթանակ տարավ, նույնիսկ ընտրության գնացածների մեծամասնությունը ՔՊ-ին ձայն չտվեց, բայց պաշտոնական արդյունքներով ՔՊ-ն հաղթեց:
Հայաստանում դրանով ոչ մեկին, իհարկե, չես զարմացնի. 1990 թվականից սկսած, երբ ընտրությունը սկսել է բազմակուսակցական սկզբունքով կազմակերպվել, ընտրողները, որպես կանոն, իշխանությանը ձայն չեն տվել, բայց իշխանությունը միշտ հաղթել է: Բացառությամբ, թերեւս, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, երբ Փաշինյանը հանդես էր գալիս ոչ թե որպես իշխանություն, այլ՝ ընդդիմություն, ՔՊ-ն այդ ժամանակ խորհրդարանական փոքրամասնություն էր` ընդամենը մի քանի պատգամավոր ուներ խորհրդարանում, կոալիցիան էլ լուծարված էր: Եթե 2021 թվականին Փաշինյանին հաջողվեց ընտրության արդյունքները կեղծել, հասարակությանը մանիպուլացնել ու իր ուզած պաշտոնական արդյունքը հրապարակել, ուրեմն նրան դա կհաջողվի նաեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններում՝ լինի դա արտահերթ, թե հերթական:
Ինչի համար եմ սա ասում. Հայաստանի բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են, որ պատրաստվում են հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որ այդ ընտրություններում հնարավոր է հաղթել Փաշինյանին եւ նրան հեռացնել իշխանությունից, որ ընտրություններն իշխանափոխության միակ սահմանադրական ճանապարհն են: Հիմա, եթե դա այդպես է, եթե իրոք ՔՊ-ին հնարավոր է հաղթել ընտրություններով, կա հնարավորություն՝ այդ տեսությունը կյանքի կոչելու փորձ իրականացնել` մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին եւ հաղթել ՔՊ-ին: Մեկնարկային պայմաններն էլ իդեալական են` ՔՊ-ն եւ Փաշինյանը զրոյական վարկանիշ ունեն, չունեն նույնիսկ քաղաքային իշխանություն, իսկ ում էլ որ նշանակեն քաղաքապետի պաշտոնակատար, երկու-երեք ամսում չի կարողանալու քաղաքում իրական իշխանություն դառնալ:
Եթե ընդդիմությունը` ընդդիմադիր որեւէ կուսակցություն կամ դաշինք, կարողանա հաղթել ՔՊ-ին եւ վերցնել քաղաքային իշխանությունը, ուրեմն նույնը կարող է անել եւ երկրի մասշտաբով: Եթե Գյումրիում հնարավոր չեղավ հաղթել ՔՊ-ին, եւ ՔՊ-ն կարողացավ հանրային վարկանիշ չունենալով զավթել Գյումրու քաղաքային իշխանությունը եւս, ուրեմն իմաստ չի ունենա հաջորդ ընտրություններում հասարակությանը խոստանալ եւ խաբել, թե կարելի է ընտրություններով իշխանությանը հաղթել, Փաշինյանին հեռացնել: Ավելի լավ կլինի ուղղակի բոյկոտել ընտրությունները եւ հասարակությանն էլ նման կոչ անել: Իսկ ով մասնակցի, ուրեմն պայքարում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության տեղի համար, խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու եւ իր կյանքի առաջիկա տարիների բարեկեցությունն ապահովելու համար:
Կարծիքներ