Երեւանի մարքեթինգի եւ գովազդի միջազգային ֆորում՝ «Պոպոք» 

Երեւանի մարքեթինգի եւ գովազդի միջազգային ֆորում՝ «Պոպոք» 

Մայիսի 19-21-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Պոպոք» Երեւանի մարքեթինգի եւ գովազդի միջազգային 4-րդ ֆորումը։ Ֆորումի շրջանակում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր մարքեթինգային, բրենդինգային եւ գովազդային ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կհամախմբվեն Երեւանում՝ վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների եւ հարցազրույցների միջոցով հայաստանյան ընկերություններին ներկայացնելու իրենց լավագույն փորձը։ Ֆորումի հատուկ թիրախավորման կարժանանան սպասարկման ոլորտի ներկայացուցիչները՝ հյուրանոցների եւ ռեստորանների ղեկավարները։ Այս խմբի համար կազմված վարպետության դասերի եւ սեմինարների ծրագրում կներառվեն նաեւ այդ ոլորտի համար անհրաժեշտ պարագաների եւ պիտույքների՝ աշխարհի լավագույն ապրանքանիշերի ցուցահանդեսներ։ 

Մշակութային մենեջմենթին նվիրված վարպետության դասերի շարք է նախատեսվում Հայաստանի մշակութային հաստատությունների՝ թանգարանների, թատրոնների, գրադարանների, համույթների ղեկավարների եւ մարքեթինգի պատասխանատուների համար։     

Երեւանի մարքեթինգի եւ գովազդի միջազգային ֆորումի այս տարվա առանցքային նպատակը եւ ծրագրի կարեւոր բաղադրիչը Երեւանի բրենդի մշակման համար մասնագիտական նախապայմաններ ստեղծելն է, ինչպես նաեւ Երեւանի սպասարկման ոլորտի (HoReCa) ներկայացուցիչների մարքեթինգային եւ գովազդային գիտելիքների համալրումն ու միջազգային փորձի փոխանակումը։

Ֆորումի շրջանակում առանցքային ուշադրության է արժանանալու արհեստական բանականության՝ AI-ի կիրառումը ժամանակակից գովազդում եւ մարքեթինգում։ Միջոցառման օրերին տեղի կունենան վարպետության դասեր, պանելային քննարկումներ, համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ։ 

Ֆորումին հանդես կգան ոլորտի մասնագետ հյուրեր Մոլդովայից, Էստոնիայից, Ուզբեկստանից, Հնդկաստանից, Չեխիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից եւ այլ երկրներից։ Ելույթներ կունենան նաեւ խոսնակներ Հայաստանից, ովքեր իրենց փորձով կկիսվեն ոչ միայն տեղի մասնակիցների, այլեւ արտերկրի հյուրերի հետ։