«Երբեք». Ազնավուրին նվիրված նոր երգ` հայ եւ ֆրանսիացի երգիչների կատարմամբ

«Երբեք». Ազնավուրին նվիրված նոր երգ` հայ եւ ֆրանսիացի երգիչների կատարմամբ

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսքը՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտությունը՝ Շուշան Սարգսյանի): Մյուս շաբաթվանից այն հասանելի կլինի լայն հասարակության համար: 

Հատկանշական է, որ ազնավուրյան տարի է հայտարարված ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում. ինչպես գիտեք՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Ի մեծարումն Ազնավուրի՝ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, շատերն էլ ընթացքի մեջ են: Ազնավուրի 100-ամյակի միջոցառումներին պետական միջոցներից, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 773 մլն 126 հազար դրամ:  

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը ներկայացրել է երգի ստեղծման պատմությունը, ոգեշնչման աղբյուրը: «Այս երգը գրվել է Շառլ Ազնավուրի մահից մի քանի ամիս անց, երբ կարդացի նրա պատմություններից մեկը: Այնտեղ այնքան ասելիք կար՝ ինչից է սկսել եւ ուր է հասել: Այդ պատմությունն ինձ շատ ոգեշնչեց, եւ ես հասկացա, որ այն կարող է միշտ ոգեշնչվելու եւ երբեք չհանձնվելու դասագիրք ծառայել արվեստագետների համար: Այստեղից էլ ծնվեց «Երբեք» երգը»,- ասել է Շուշան Սարգսյանը: Ինչպես նշել է կոմպոզիտորը՝ երգի կատարմանը մասնակցել են հայ եւ ֆրանսիացի էստրադային եւ օպերային երգիչներ:

«Ամեն ինչ պետք է լիներ լայն եւ ընդգրկուն, ինչպես Շառլ Ազնավուրի արվեստն ու փիլիսոփայությունն են: Այդ երգը չէր կարող սահմանափակվել մեկ երգչի կատարմամբ: Երգի գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, իսկ ձայնագրման աշխատանքները՝ Հայաստանում եւ Ֆրանսիայում։ Պրոֆեսիոնալ մեծ թիմ է աշխատել այդ ուղղությամբ»,- ներկայացրել է նա:

Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի բնորոշմամբ՝ բոլոր ժամանակների համար միշտ արդիական Շառլ Ազնավուրին նվիրված երգը եւ տեսահոլովակը չէին կարող լինել հասարակ եւ ոչ մասշտաբային: Նա իրազեկել է, որ տեսահոլովակի նկարահանման համար կիրառվել են նեյրոցանցեր ու ամենաարդիական տեխնոլոգիաներ:
«Տեսահոլովակը նկարահանելիս մտածում էինք՝ ինչպես ներկայացնել այդ հսկային, որին լսում են բոլոր սերունդները։ Ե՛վ երգը, ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ երգիչների հավաքական սիմբիոզը շատ մասշտաբային է։ Եվ այն յուրատիպ ներկայացնելու համար ուսումնասիրեցինք ժամանակակից տեխնոլոգիաներն ու ստեղծեցինք հոլովակը, որը մեր տեսլականն է Ազնավուրի մասին»,- մանրամասնել է ռեժիսորը։