Նոր Սահմանադրությունը թող ստեղծեն պրոֆեսիոնալները

Նոր Սահմանադրությունը թող ստեղծեն պրոֆեսիոնալները

Հուլիսի 7-ին նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հարցեր:

Հանդիպումից երկու օր առաջ` հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա առթիվ իր ֆեյսբուքյան գրառման մեջ (որ հետո վերափոխվեց շնորհավորական ուղերձի` զետեղվելով կառավարության պաշտոնական կայքում) վարչապետ Ն. Փաշինյանը հերթական անգամ դժգոհել է գործող Սահմանադրությունից եւ ընդգծել ն ո ր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը: 
Ինչպես նկատելի է, բովանդակային անհամաձայնություն կա ՀՀ նախագահի եւ վարչապետի` Սահմանադրությանը վերաբերող առաջիկա գործընթացների վերաբերյալ. ՀՀ նախագահը խոսում է բարեփոխումների մասին, իսկ վարչապետը շեշտում է ն ո ր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Նկատենք, որ բարեփոխված սահմանադրությունը եւ նոր սահմանադրությունը միեւնույն իրավական գործիքները, գործիքակազմը եւ գործընթացները չենթադրող բաներ են, հետեւաբար քանի դեռ եւս մի իրավական շիլաշփոթ չի ստեղծվել, խնդիրը պետք է վաղօրոք հստակեցնել:

Վերոհիշյալ հանձնաժողովը վարչապետի որոշմամբ ստեղծվել է 2020 թվականի փետրվարի 12-ին եւ ունեցել է «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով… ստեղծելու մասին» անվանումը: Այսինքն` մասնագիտական հանձնաժողովն ի սկզբանե ստեղծվել է սահմանադրական բարեփոխումներ կատարելու նպատակով, սակայն հետագա պաշտոնական (վարչապետական) բառապաշարը հավաստում է, որ խոսքը, այնուամենայնիվ, ոչ թե սոսկ բարեփոխումների, այլ նոր սահմանադրության մասին է: «Ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա նոր սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն նոր սահմանադրություն ընդունելու»,- հունիսի 15-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Ուշագրավ է նոր սահմանադրության ընդունման ոչ թե քաղաքական (ինչը ենթադրում է կոնյունկտուրային լուծումներ), այլ պետական անհրաժեշտությունը, ինչը սահմանադրությունը կտրում է քաղաքական շահախնդրությունների սպասարկուի կարգավիճակից` բարձրացնելով պետական անհրաժեշտության մակարդակ: Հետեւաբար, միանգամայն ակնհայտ է, որ խոսքը ոչ թե բարեփոխումների մասին է, այլ նոր սահմանադրության, ուրեմն հարկ է ի սկզբանե սրբագրել արդեն ստեղծված մասնագիտական հանձնաժողովի թե՛ անվանումը, թե՛, որ ամենակարեւորն է, նրա գործունեության նպատակը: Իսկ նպատակը, փաստորեն, ն ո ր սահմանադրությունն է:

Ի դեպ, վարչապետի փետրվարի 12-ի վերոհիշյալ որոշման 4-րդ կետով ստեղծվող մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել էր «գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»: Ենթադրում ենք, որ վաղուց անցել է նշված եռամսյա ժամկետը, սակայն հանրությունը տեղյակ չէ փոփոխությունների հայեցակարգից, այլ մանրամասներից: Եվ եթե այս հապաղումը պայմանավորված չէ իսկապես հանձնաժողովի գործունեությունը, նպատակը, թերեւս նաեւ կազմը նորովի` նոր սահմանադրության ընդունման տրամաբանության մեջ փոփոխելու անհրաժեշտությամբ, ուրեմն պետք է արձանագրել, որ վարչապետի որոշումը չի կատարվել:

ՀԳ. Փետրվարի 13-ի վարչապետի որոշման հավելվածում արձանագրված է մասնագիտական հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված է նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: Նույնիսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում այդ մարդու գոյությունը զարմանալի է, քանի որ կրթությամբ ֆիզիկոսը հազիվ թե ի զորու է «մասնագիտական» ներդրում ունենալ հանձնաժողովի աշխատանքներում: Իսկ ն ո ր սահմանադրության ընդունման համար ենթադրելի փոխվող հանձնաժողովի կազմում` առավել եւս: 

Գոնե սահմանադրությունը թող ստեղծեն պրոֆեսիոնալները: