Հաղթանակն էլ, պարտությունն էլ անցողիկ են

Հաղթանակն էլ, պարտությունն էլ անցողիկ են

Վարչապետի պաշտոնին բազմած Նիկոլ Փաշինյանը, զբաղեցրած պաշտոնից հրաժարական ներկայացնելու փոխարեն կամ գոնե արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարելու, հնարավոր եւ անհնար բոլոր հարթակներով (հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր, հայտարարություններ, գրառումներ, չգիտես էլ ինչ) շարունակում է նույն հանցավոր ժամավաճառությունը, ինչով զբաղված էր 2018-ին ԱԺ պատգամավորի մանդատը թողնելուց եւ ՀՀ վարչապետի պաշտոնը զավթելուց ի վեր: 

Ինչո՞ւ գողականը գերադասվեց իրավականին

Այդ հանցավոր ժամավաճառությունը ճչացող տարօրինակություն էր հատկապես պատերազմի օրերին, երբ ռազմական բախումները դադարեցնելու ուղղությամբ անհրաժեշտ իրավական-դիվանագիտական քայլեր կատարելու, մասնավորապես ՄԱԿ կանոնադրության VII գլխի նախատեսած ընթացակարգով պաշտոնապես ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ ԵԱՀԿ-ին դիմելու եւ ԼՂՀ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու միջամտություն հայցելու փոխարեն, Փաշինյանն էլ, իր դուդուկի տակ պարող ԱԳՆ-ն էլ զբաղված էին աջուձախ անարժեք հայտարարություններ ու հարցազրույցներ շաղ տալով: 

Եվ ինչպես Փաշինյանի` օրերս կատարած գրառումներից պարզվեց՝ այդ անմիտ շաղակրատությանը զուգահեռ, անձամբ Փաշինյանը զբաղվել էր նաեւ գողական աշխարհի օրենքներով, միջազգային իրավունքը, կառույցները, ընթացակարգերը, ներառյալ Մինսկի խմբի ձեւաչափն ու ԼՂՀ նախագահի նամակը թողած՝ Պուտինի պարագլխությամբ, Ալիեւի հետ սեպարատ հանցավոր պայմավորվածություններ քննարկելով: Մի իրականություն, որ արժանի է ուղղակի Մարտին Սկորսեզեին ներկայացվելու` չարիքի կայսրություն ԽՍՀՄ-ի փլուզումից 30 տարի անց նրա իրավաժառանգորդների միջեւ գործող միջպետական մաֆիոզ բնույթի հարաբերությունների մասին կինոֆիլմ նկարահանելու հուշումով: Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռյակի մոտ տիրող բարքերը կարող է Goodfellas-ի գրական հիմքից մեծ բացահայտում լինել թե Սկորսեզեի համար: 

Իմիջիայլոց, Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռյակի միջեւ գործող հանցավոր բարքերը նաեւ բացատրում են, թե ինչու Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը չճանաչելու եւ լոկ զինադադար համարելու տեսքով Մինսկի խմբի երկու համանախագահներից եւ ԵՄ երկրներից իրեն նետված փրկօղակներն անտեսեց եւ գործընթացը կանգնեցնելու փոխարեն պարտաճանաչորեն կատարեց հանցախմբի առջեւ իր ստանձնած պարտավորությունները: 

Ի՞նչ պիտի արվեր օրինական-իրավական կարգով միջազգային հարթությունում պատերազմը դադարեցնելու համար, որ չի արվել Հայաստանում գործող Մոսկվայի ահաբեկված հաճկատարների կողմից, լինեն դրանք Փաշինյանի ճամբարում, թե նրա ընդդիմախոսների՝ կգրեմ հաջորդիվ, իսկ ներկա պահին՝ այն մասին, ինչ ինձ ամենից ավելի է տանջում այս պատերազմի թեմատիկայում: Ինչո՞ւ պատերազմի հենց առաջին օրերից, մանավանդ երբ ՀՀ գլխավոր շտաբի պետն էլ դա էր հորդորել, պատերազմը չդադարեցվեց, որպեսզի պարտադիր զինծառայության հանգամանքով մահվան ճիրաններում հայտնված 18-20-ամյա անչափահաս երեխաների կյանքերը փրկվեին: Այո, անչափահաս երեխաների, քանի որ աշխարհի բազմաթիվ երկրներում չափահասության տարիք է համարվում 21-ը, եւ չեմ կարծում, թե Հայաստանում մարդիկ ֆիզիկական, հոգեկան եւ մտավոր առումով ավելի արագ են զարգանում, քանի որ պետությունը նրանց 18 տարեկանից է չափահաս ճանաչում: 

Ամենից սխալը, անարդարն ու ցավալին

Ես գիտակցում եմ, որ ավարտված պատերազմում խորը ցավ պատճառող բազմաթիվ իրողություններ եղան, բայց ինձ ոչինչ այնպես սխալ, անարդար եւ անտանելի չի թվում, ինչպես 18-20 տարեկան երեխաների մահը:

Իհարկե, ցավալի են մարտադաշտում գրանցվող ցանկացած կորուստ եւ մահ, բայց երբ կադրային զինվորականը կամ կամավորականն է զոհվում, մահը նրանց ընտրած կյանքի ուղու, մասնագիտության, կարիերայի ուղեկիցն ու վտանգն է, ի վերջո: Զինվորական չեն դառնում ջութակ նվագելու համար: Եթե մարդը գիտակցաբար ընտրում է զինվորականի, ռազմական բժշկի, ռազմական լրագրողի, առհասարակ՝ ռազմական իրավիճակին առնչվող մասնագիտություն, դրանով նա գիտակցաբար ընտրում է նաեւ մահեր տեսնելու, մի օր էլ ռազմական գործողություններում գուցե սեփական մահկանացուն կնքելու հավանականությունը: 

Եվ որքան էլ սուր ցավ պատճառի կյանքի ռազմական ու մերձռազմական ուղին ընտրած մարդկանց մահը, որքան էլ դրանում ողբերգություն լինի, վիշտ, հպարտություն, հուսահատություն, դրանում անարդարության եւ հասարակության հանցանքի բաղադրիչ չկա: Մինչդեռ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված 18-20 տարեկան երեխաների մահվան դեպքում անարդարության ու հանցանքի զգացումը ստվերում է մնացյալ ամեն ինչ: Այդ երեխաների մահվան խորքին դժվար է անգամ ուշադրություն դարձնել տարածքների կորստի, քաղաքացիական զոհերի, տեղահանվածների եւ այլնի մասին խոսակցություններին:

Գերիները, որքան էլ նրանց թեման ամենքի մտքում եւ շուրթերին են այս օրերին, փառք Աստծո, ողջ են եւ այսպես թե այնպես, այսօր կամ վաղը վերադարձվելու են: Չկան, չեն ապրում ու չեն վերադառնալու միայն զոհվածները, նրանց թվում այն հարյուրավոր, գուցե հազարից ավելի 18-20 տարեկան երեխաները, որոնք մահացան միայն այն պատճառով, որ ծնվել էին 2000-01-02թթ․ եւ ծնվել էին տղա: Ես ավելի մեծ բարբարոսություն չեմ կարողանում պատկերացնել: Սա ավելին էր, քան մարդասպանությունը, սա համարյա մանկասպանություն էր, եղերագործություն, որի համար ամենքս ենք մեղավոր, որ պրոֆեսիոնալ բանակ չենք պահանջել եւ 18-20-ամյա երեխաներին պետության ու պատերազմի ամենակուլ երախն ենք նետել: 

Այս պատերազմից իմ եզրակացությունն ու հաստատուն համոզմունքն այն է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանն ունենա պրոֆեսիոնալ բանակ: Այս համապարտադիր զինծառայության խելագարությանը պետք է դնել վերջակետ, որովհետեւ պատերազմներն այսուհետ պրոֆեսիոնալիզմի եւ տեխնիկայի ասպարեզ են, ոչ թե խորհրդային փտած ժամկետային զինծառայության եւ զենքերի, առավել եւս` միջնադարյան աշխարհազորի: Թող մեր բանակը միայն 20-30 հազար հոգուց բաղկացած լինի, բայց բոլորը պրոֆեսիոնալ զինվորական կրթությամբ ու պատրաստությամբ եւ ամենաէականը` կոնստանտ արդիականացող զինտեխնիկայով, որպեսզի այլեւս այսպիսի զոհեր չունենանք եւ այսպիսի ցավ չապրենք: 

Հիմա էլ Ադրբեջանն է նույն սխալը գործում 

Գալով տարածքների կորստին, դրա համար թող մեղքի զգացում ունենան նրանք, ովքեր երկու տասնամյակ մեծախոսում էին, թե մենք Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծել ենք եւ հող չունենք հանձնելու: Այն, որ նվաճած հողերը գրեթե ամբողջությամբ ԼՂԻՄ տարածքից դուրս էին, մեր մեծախոսողներին նույնիսկ բավականություն էր պատճառում: Այն, որ այդ նվաճած յոթ շրջաններից, Բաքվի ասելով` մեկ միլիոնից ավելի մարդ էր տեղահանվել, իրականում թող լինի 7-800 հազար (այո, ազգությամբ ադրբեջանցի, բայց դա չի նշանակում, որ մարդ չէին), դա էլ մեր հայրենի ճոռոմախոսներին չէր հուզում: Բայց դա՝ իմիջիայլոց: 

Ավելի էականն այն թեթեւամտությունն էր, որով հանձնելու հող չունեցողները Հայաստանը դատապարտել էին տրանսպորտային ուղիների շրջափակման, տնտեսական ճահճի ու շնչահեղձության, միայն թե իրենց նվաճած հողերի գիտակցությամբ ինքնահաստատվեին: Ավելի էականն այն նեղմտությունն էր, որով մարդիկ թութակում ու հավատում էին, թե պատերազմով հարց են լուծել՝ առանց գիտակցելու, որ պատերազմի արդյունքը միշտ էլ կարող է հանգամանքների բերումով կամ նոր պատերազմով վերանայվել: Մինչեւ իրական կյանքում ճակատագրի այդ շրջապտույտին չբախվեցին, չհասկացան: Հիմա երեւի հետին թվով գիտակցում են, որ պատերազմում արձանագրված հաղթանակը պետք էր օր առաջ դարձնել խաղաղության պայմանագիր, նաեւ հարկավոր զիջումներ անելով` ի սեր խաղաղության, նոր պատերազմներ կանխելու, եւ գուցե վերջին հերթին` մի օր շատ ավելին չզիջելու: 

Ճակատագրի հեգնանքով, հիմա էլ Ադրբեջանն է նույն սխալն անում, ինչ երկուեւկես տասնամյակ հայերը` պահի տակ առավելագույնը կորզել ու դրանով ինքնահաստատվել` չհասկանալով, որ ներկայիս պետական քարոզչությունը՝ Ալիեւի հաղթանակը փառաբանելու հաշվարկով, մինչեւ տարեվերջ մարելու է: Դրանից հետո ադրբեջանցիներին մնալու են պատերազմի սարսափը, 7-8 հազար զոհերը եւ իրենց վերահսկողության տակ անցած ավերակների կույտերը անմարդաբնակ ու ականապատ տարածքներում, որտեղ շատ երկար ոչինչ էլ չի հառնելու, ոչ ոք չի ապրելու, եւ միայն հայերի հետ փոխադարձ ատելության խորացումն ու դրանից ածանցվող վտանգներն են մնալու: 

Կյանքը ստատիկա չէ, կյանքը դինամիկա է 

Գալով պատերազմի ընթացքում քաղաքացիական զոհերին, տեղահանվածներին ու ավերածություններին՝ ես, որքան էլ դրանց համար ցավում եմ, միեւնույն է՝ շատ ավելի վախենում եմ, թե այդ սարսափները կարող էին արցախցիներին իրականության զգացողություն տալ ու բացատրել, որ հաստակողությամբ, զիջումների անպատրաստությամբ եւ ձեռքը հրացան վերցնելով՝ ապրելու միջավայր չի երաշխավորվում:

Նույնիսկ Հայաստանում շատերին թվում էր, թե ժամանակների ավարտին են հասել, Հայաստանը հավերժ ծառայելու է պոլիգոն ԼՂՀ-ի շուրջ ստատուս-քվոն պահպանելու համար, Հայաստանից ժամկետային զինծառայողներին տանելու են, որ մարտնչեն ու ԼՂՀ անվտանգությունը պաշտպանեն, Հայաստանում սեւ բյուջե են հավաքելու, որ ԼՂՀ-ն զինեն, Հայաստանում կոմունիկացիաների շրջափակման մեջ են մնալու, միայն թե ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները վերահսկվեն, եւ այդպես շարունակ: Այնինչ Ղարաբաղում, գուցե իսկապես, կարող էին ոչ թե երեսուն, այլ երեք հարյուր տարի էլ անշարժության վիճակում մնալ, քանի որ ցանկացած լեռնաբնակ հանրության համար դա բնական վիճակ է, աշխարհն իրենց լեռներից այն կողմում է: 
Բայց Հայաստանը Ղարաբաղ չէ: Հայաստանը միջազգային խաչմերուկում գտնվող պետություն է, դեպի Միջերկրական ծով եւ փոխադարձաբար Միջին Արեւելք դարպասի իր դերով, որը հավերժ չէր կարող արհեստական փակուղու մեջ մնալ: Հայաստանին ընտրած տասնամյակների մեռյալ անշարժությունը` ի սեր ԼՂՀ-ում ստատուս-քվոյի պահպանման` իր առաջացրած քաղաքական ու տնտեսական ճահճացման հետեւանքներով, մի օր պայթեց եւ պայթեց աղետալի ելքով` իշխանության բերելով օխլոսին եւ Փաշինյանին: Դրանից հետո անհաջողությունների դուռը կրնկի վրա բացվեց դիվանագիտական դաշտում` հանգեցնելով պատերազմի եւ երեսնամյա ստատուս-քվոյի վերջաբանի: 

Կյանքը երբեք ստատիկա չէ, այլ միշտ դինամիկա է: Դրա համար էլ կյանքում ամենաէականն ինչ-որ կետում չքարանալն է` կուզի դա հաղթանակի կետ լինի, կուզի՝ պարտության: Մինչդեռ մենք հենց դա էինք արել` հարյուր տարի քարանալով 1915 թվականում, հետո էլ քառորդ դար` 1994 թվականում եւ օրինաչափորեն հասնելով այսօրվա ձախողմանը: Այժմ գոնե այսքանից հետո պետք է վերջապես անիծյալ քարացածությունից դուրս գալ եւ առաջ շարժվել: Վերջնահաշվում հաղթանակն էլ, պարտությունն էլ անցողիկ են: Հարատեւը կյանքն է, խաղաղությունը եւ իրականության փոփոխություններին պատրաստ լինելու անհրաժեշտությունը: Ներկա պահի հրամայականն էլ՝ Փաշինյանի հեռացումը։