Ապօրինի ֆիզիկական բռնության մեղավորները պետք է պատժվեն

Ապօրինի ֆիզիկական բռնության մեղավորները պետք է պատժվեն

Ամուլսարի շուրջ իրավիճակը կրկին լարված է։ Երեկ ԱԺ-ի դիմաց ակցիա էին անում համայնքների՝ հանքի բացման կողմնակիցները, որոնք բաց նամակ հանձնեցին ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով չխանգարել իրենց աշխատանքին։ Երեկ Ջերմուկում ցույց էին անում Ամուլսարի բացման դեմ պայքարող ջերմուկցիները եւ պահանջում ազատ արձակել նախօրեին խուլիգանության հոդվածով ձերբակալված երեք ցուցարարներին։ Տեղի ունեցողը պարզաբանելու համար դիմեցինք «Լիդիան Արմենիային»։ Մեր հարցերին պատասխանեց «Լիդիան Արմենիայի» իրավաբան Նունե Հայրապետյանը։ 

- Չեմ կարող մեկնաբանել իրավապահ մարմինների գործողությունները։ Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքն է, երբ ճանապարհ փակող խմբավորման անդամները հարձակվել ու ծեծի են ենթարկել համայնքի բնակիչներին։ Ինձ համար առնվազն զարմանալի է ակտիվիստների վրդովմունքը սեփական համայնքի բնակիչներին ծեծի ենթարկած անձանց բերման ենթարկվելու կապակցությամբ: Զարմանալ պետք է նրա համար, որ օրենքը երկու տարի չի գործել, իսկ այս տեւական ապօրինությունից հետո, երբ պատկան մարմիններն օրենքով իրենց վերապահված լիազորությունն են իրականացնում, այսինքն, եղել է ծեծ՝ մեղավորները բերման են ենթարկվել, զարմանալու չէ: Կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել են «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները. մեր իրավունքների պաշտպանության համար կատարել եւ կատարելու ենք օրենքով չարգելված բոլոր քայլերը: 

- Բայց ոստիկանության միջոցո՞վ եք ուզում լռեցնել համայնքում բողոքողներին։ Չէ որ այդ համայնքում աշխատելու մտադրություն ունեք։ 

- Զուտ իրավական տեսանկյունից, համայնքում «բողոքողները» եւ ապօրինություն, խուլիգանություն, խուլիգանական դրդումներով հարձակում իրականացնողները տարբեր հասկացություններ են։ Մենք այդ համայնքներում ունենք հազարավոր աջակիցներ, եւ այդ մարդկանցից շատերին բազմիցս ահաբեկել են, ֆիզիկական բռնության են ենթարկել, եւ այդ ամենի մեղավորները չեն պատժվել։ Համայնքում բողոքողները մի քանի տասնյակ մարդ են, որոնց հետ «Լիդիանը» միշտ պատրաստ է եղել կառուցողական երկխոսության։ Բայց ապօրինի ֆիզիկական բռնության համար մեղավորները պետք է պատժվեն, եւ կարծում ենք, պետք է պատժվեին վաղուց։ Իրական համայնքի ձայնը հենց այդ մարդիկ են լռեցրել։ 

- Ձեր կողմնակիցներն էլ են ակցիաներ անում՝ ի պաշտպանություն Ամուլսարի աշխատելուն։ Ինչ-որ բա՞ն է փոխվել, որ այլեւս չեն վախենում, ինչպես Դուք եք պնդում։ 

- Չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել։ Ենթադրում եմ, որ տեղի բնակիչներն էլ հոգնել են այս ձգձգվող անորոշությունից: Մարդիկ ունեն աշխատելու, զարգանալու, համայնքը շենացնելու իրական հնարավորություն, բայց այլոց կամոք եւ այլոց ապօրինի գործողությունների հետեւանքով չեն կարողանում իրացնել իրենց, իրենց ընտանիքներն ու ծննդավայրը զարգացնելու անօտարելի իրավունքն ու պարտականությունը: Այս իրավիճակին մի օր պետք է վերջ դրվի։ 

- Կառավարությունը պատրա՞ստ է դրան։ 

- Չեմ կարող ասել, բայց համայնքում բնակիչները, կարծում եմ, պատրաստ են։ 

- Կարծում եք, ճանապարհ փակողներին կկարողանա՞ք համոզել։ 

- Կարծում եմ, ճանապարհ փակողները պետք է վերադառնան օրենքի դաշտ՝ դադարելով ընդհարվել սեփական համայնքի հետ։ Մնացածը լուծելի խնդիրներ են։