Նիկոլ Փաշինյանի եփած «բորշը»

Նիկոլ Փաշինյանի եփած «բորշը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենաազդեցիկ հաղթաթուղթն այն է, որ նա ո՛չ սկզբունքներ ունի և ո՛չ էլ խաղի կանոններ։ Այսինքն, նրա միակ սկզբունքը անսկզբունքայնությունն է և ամեն գնով արդյունքի հասնելու ճիգը։ Նպատակին հասնելու համար նա երբեք միջոցների մեջ խտրություն չի դնում և պատրաստ է շրջանցել բոլոր կարմիր գծերն ու արգելքները։ 

Ասվածի լավագույն վկայությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրությունն է, որտեղ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նրա բարդ փոխհարաբերությունները գործընկերների և դաշնակիցների հետ։ Եթե փոքրիկ պատմական էքսկուրս իրականացնենք, ապա կտեսնենք, որ Փաշինյանն իր նպատակներին հասնելու համար մշտապես օգտագործել է գործընկերներին և հետո դեն շպրտել՝ մոռանալով նույնիսկ ամենատարրական մարդկային արժեքների մասին։ Նա օգտագործել է ՀԱԿ-ին, ԼՀԿ-ին, Սասնա Ծռերին, քաղաքացիական ակտիվիստներին, բնապահպաններին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին և այսպես շարունակ, ցանկը դեռ երկար կարելի է շարունակել։ Փաստացի բոլոր այս սուբյեկտների օգնությամբ այս կամ այն ժամանակաշրջանում նա արդյունքի է հասել ու անհետացել՝ մոռանալով պայմանավորվածությունների, խոստումների և նույնիսկ մարդկային պարզ ընկերության մասին։ 

Շարադրանքն այս ամենևին էլ ինքնանպատակ չէ, և ոչ էլ Փաշինյանի հակասական անցյալը վերհիշելու փորձ։ Պարզապես իմ համոզմամբ ներկայումս հանրային գրեթե բոլոր խնդիրների և կոնֆլիկտների հիմքում ընկած է վարչապետի հենց այս չափազանց ուշագրավ գործելաոճը։ 

Վերցնենք օրինակ Ամուլսարի հիմնախնդիրը։ Հեղափոխության մեկնարկին և ընթացքում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն խուսափել է հստակ դիրքորոշում հայտնել բնապահպանական այդ խնդրի վերաբերյալ։ Բայց դրա հետ զուգընթաց համագործակցության մեջ է մտել քաղ․ ակտիվիստների, բնապահպանների և տարատեսակ ՀԿ-ների հետ և առաջարկել միասնական քաղաքական պլացդարմ ստեղծել՝ խոստանալով հաջողության հասնելուց հետո բոլոր համանման կոնֆլիկտներին տրամաբանական հանգուցալուծում տալ։ Բայց վարչապետ դառնալուց հետո, Փաշինյանն ինքն իրեն դարձրեց հաղթանակի միակ ու բացառիկ դափնեկիրը՝ մոռանալով, որ նա փոփոխություններ իրականացնելու և որոշումներ կայացնելու պարտավորություններ ունի և հատկապես այն մարդկանց առջև, որոնց օգնությամբ ինքը ոչնչից դարձավ ամեն ինչ։ 

Նույն տրամաբանությունը գործում է նաև «Սասնա ծռեր»-ի պարագայում։ Եթե հիշում եք, 2016 թ․-ին ՊՊԾ գունդը գրավելուց հետո նա փորձում էր ծռերի միջոցով իշխանափոխություն իրականացնել, ինչը իհարկե անփառունակ ավարտ ունեցավ։ Ավելին՝ Փաշինյանը հարթակից վստահեցնում էր, որ խմբավորման անդամները ահաբեկիչներ և հանցագործներ չեն՝ փորձելով արդարացնել նրանց գործողության շարժառիթներն ու պատճառահետևանքային շղթան։ Սրա հետ զուգընթաց նա անարգանքի սյունին էր գամում բոլոր նրանց, որոնք համարձակվել էին դատապարտել ծռերի գործողությունը, օրինակ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ 

Երկու տարի անց «Սասնա ծռեր»-Փաշինյան համագործակցությունը նոր թափ ստացավ և Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները դարձան հեղափոխության ոչ երկրորդական դաշնակիցները։ Ամբողջ այս ընթացքում Փաշինյանը որևէ քաղաքական գնահատական չի տվել ծռերի գործողության վերաբերյալ, ընդհակառակը՝ ակտիվորեն օգտվել է նրանց ռեսուրսից, հավաստիացրել, որ Սարգսյանի տապալումից հետո ստեղծվելու է արդար դատական համակարգ, իսկ մինչ այդ անցումային արդարադատության միջոցով բոլոր նմանատիպ հարցերը օրինաչափ լուծում են ստանալու։ Իսկ ի՞նչ կատարվեց հետո շատ հուզիչ էր։ Փաշինյանը նորից դեն շպրտեց իր գործընկերներին, մոռացավ անցումային արդարադատության մասին և Սերժ Սարգսյանի դատարանի միջոցով ծռերին կանգնեցրեց փաստի առջև (Խոսք է գնում 9-ից մինչև ցմահ դատապարտման մասին)։ Հիմա հարց, ո՞վ է բարոյապես ավելի ազնիվ, Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, թե՝ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին նախագահը ի սկզաբանե քննադատել է ծռերի գործողությունը, Սերժ Սարգսյանը նրանց դատապարտել է կտտանքների, իսկ Նիկոլ Փաշինյանը երկար ու ձիգ սիրախաղից հետո, փաստացի անում է այն, ինչ՝ նախորդը։ Իհարկե իշխանական պրոպագանդիստները կասեն, թե վարչապետը կապ չունի այդ ամենի հետ, քանի որ դատարաններն ազատ են։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ ամիս առաջ հենց այդ նույն պրոպագանդիստները լուրջ դեմքի արտահայտությամբ մեզ համոզում էին, թե դատարանները կոռումպացված են և սպասարկում են նախկին ռեժիմի շահերը։ 

Իսկապես լուրջ եմ ասում, ես ավելի մեծ ստորություն և երեսպաշտություն չեմ տեսել իմ ողջ կյանքի ընթացքում։ Եթե այդ մարդիկ հանցագործեր էին, ապա կարելի էր չէ՞ ի սկզբանե դրա մասին ասել, կանգնել ու ազնվությամբ հայտարարել, այլ ոչ թե օգտագործել, իսկ հետո դեն շպրտել։ 

Իհարկե պետք չի զարմանալ, ի՞նչ կարելի է ակնկալել այն մարդուց, որը նույն վարքագիծը դրսևորել է միշտ և բոլոր փոխհարաբերություններում։ Նա ՀԱԿ-ի օգնությամբ պատգամավոր դառնալուց հետո այդ նույն քաղաքական ուժին մեղադրում էր Սերժ Սարգսյանի հետ գործարքի գնալու մեջ։ ԼՀԿ-ի հետ դաշինք կազմելուց ընդամենը ամիսներ անց Էդմոն Մարուքյանին պիտակում էր որպես Միքայել Մինասյանի խոսափող և այսպես շարունակ։ Սա է այդ մարդու ողջ հմայքը, նա չունի սկզբունքներ և չունի խաղի կանոններ, իսկ իրականությունը, որտեղ մենք ապրում ենք մի մեծ «բորշ» է, որը նա եփել է ու չի կարողանում ուտել։ Վստահ եմ, այսպես հնարավոր չէ երկար շարունակել, հետևանքները ցավոտ են լինելու և ողբերգական, քանի որ չի կարելի ստել, չի կարելի մարդկանց օգտագործել, իսկ հետո դեն շպրտել։ Եվ խոսքը միայն քաղաքական ուժերի և ակտիվիստների մասին չէ, Փաշինյանը ստել ու «քցել» է բոլորին՝ գյուղացիներին, տաքսիստներին, ուսանողներին, բոլորին, բոլորին։ Այնուամենայնիվ կան որոշակի բարոյական կոդեքսներ, որոնց հիմքի վրա հանրույթները ապահովում են իրենց գոյությունը։ 

Չգիտեմ կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի վարչապետը պաշտոնապես հանդիպում է զինված խմբավորման ներկայացուցիչների հետ, իսկ հենց այդ նույն պահին պետության ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է մի մարդ, որը ժամանակին պատանդ է պահվել այդ նույն զինյալների մոտ։