ՀՀԿ-ն Մարուքյանին «սպառնում» է, որ կխոսի

ՀՀԿ-ն Մարուքյանին «սպառնում» է, որ կխոսի

Էդմոն Մարուքյան-ՀՀԿ «հակամարտությունը» գնալով նոր նրբերանգներ է ստանում։ Մարուքյանը, որը վերջին շրջանում գործում է Նիկոլ Փաշինյանի գծի մեջ, պարբերաբար հանդես է գալիս ՀՀԿ-ի  դեմ։ Թե ինչ խնդիր է ուզում դրանով լուծել նա, կարելի է կռահել՝ գուցե ենթադրում է, որ իր ընտրողներին այդ վարքագիծն ավելի շատ է դուր գալիս, քան իշխանություններին քննադատելը։ Ակնհայտ է, որ նա նոր իշխանություններին թողած՝ դուրս է եկել հների դեմ։ Հներն էլ՝ հիմնականում Աշոտյանի մակարդակով, պարբերաբար հիշեցնում են նրան, որ իրենք էլ «կոմպրոմատներ» ունեն Մարուքյանի «լուսավոր» անցյալի վերաբերյալ, ու «եթե Մարուքյանը համը հանի, կսկսեն խոսել»։ Հիմա, որոշ հանգամանքներից ելնելով, դեռ ամբողջ ուժով հակահարձակման չեն անցնում, չեն ուզում իրենց՝ միասին անցած ճանապարհն ու կիսած հացը մոռանալ՝ հույս ունենալով, որ Մարուքյանը կգիտակցի, որ պետք չէ կարմիր գծերն անցնել։

Երեկ, օրինակ, «Լուսավորից» Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն իր էջում գրել էր․ «Շենքում խոսում են, թե հանրապետականները քանի օր է՝ տնտղում են իրենց արխիվները, որպեսզի գտնեն Էդմոն Մարուքյանի հետ արված լուսանկարներ՝ այս կամ այն գործուղումից, պետական այս կամ այն տոնից, կարեւորը՝ միեւնույն կադրում։ Նրանք հասկացել են, որ որեւէ մեկի վարկանիշի վրա ազդելու լավագույն ձեւն իրենց հետ ինչ-որ առնչություն ցույց տալն է»։ Հանրապետականներն էլ վստահեցնում են, որ ե՛ւ լուսանկարներ կան, ե՛ւ տարատեսակ փաստեր Մարուքյան-ՀՀԿ համագործակցության ու կաբինետային խոսակցությունների վերաբերյալ, որոնք հարկ եղած դեպքում կհրապարակեն։

Այդ մասին ակնարկել էր Արմեն Աշոտյանը՝ իր էջում գրելով․ «Երբ Նիկոլի մասին տարիներ շարունակ բամբասող, այդ թվում՝ ինձ հետ, իմ սենյակում, իմ ներկայությամբ, իսկ հիմա նույն Նիկոլի մոջահեդ-կամիկաձեների գունդ ձեւացող մարդիկ ինձ եւ իմ ընկերներին ազնվության եւ բարոյագիտության մասին լոլոներ են արտաբերում, սկսում եմ իրենց օրինակով համոզվել, որ քաղաքականության ու բարոյականության համադրելիության մասին կասկածները գոյության իրավունք ունեն»։ Աշոտյանը, հավանաբար, նկատի է ունեցել, թե ինչպես էր Մարուքյանը «Ելք» դաշինքի ժամանակ իրենց մոտ դժգոհում, իր բնորոշմամբ՝ «բամբասում» Փաշինյանից եւ ոչ միայն։ Ի դեպ, Մարուքյանն էլ ՀՀԿ-ականներին է պարբերաբար հիշեցնում, թե իրենց «սեփականաշնորհած մանկապարտեզներն ու անտառային հեկտարները» պետք է անպայման հետ վերադարձնեն։ ՀՀԿ-ն էլ ակնարկում է, որ եթե իրենց կողմից «սեփականաշնորհված եւ իրենց գրպանում գտնվող ընդդիմությանը» վերադարձրել են, ապա մանկապարտեզներն ու հողատարածքներն ի՞նչ են, որ չվերադարձնեն։