«Հրապարակ». Այսպես են անում, որ մարդիկ գնան Աղդամից առեւտուր անեն
«Հրապարակի» զրուցակիցը Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն է:
- Պարոն Սարգսյան, տեւական ժամանակ է՝ Արցախում իրավիճակը բարդ է եւ գնալով կարծես ավելի է բարդանում: Այսօր ի՞նչ իրավիճակ է, կա՞ որեւէ փոփոխություն, ի՞նչ են մտածում արցախցիները` ո՞րն է ելքը:
- Այսօրվա դրությամբ իրավիճակը նույնքան վատ է, որքան մի քանի օր առաջ: Արցախ ոչինչ չի մտնում, որեւէ տեսակ սննդամթերք մուտք գործել չեն թողնում: Խանութներում դատարկություն է: Շաքարավազ համարյա չկա, մեկ-մեկ ձավարեղեն է հայտնվում եւ շատ արագ անհետանում: Կաթնամթերքն էլ է շատ քիչ: Տարաներ չկան: Ծխախոտ էլ չկա: Միրգ ընդհանրապես չկա, բանջարեղենն էլ շատ թանկ է: Եղանակն էլ շատ անբարենպաստ է, կարկուտն ահագին բերք է փչացրել: Ձմերուկ կա, սակայն՝ բավականին թանկ, մեկ կիլոգրամը` 500 դրամ, իսկ դա ոչ բոլորին է հասանելի: Գազն էլ, ինչպես գիտենք, մի քանի ժամ միացրին եւ էլի անջատեցին, չհասկացանք՝ էդ ինչ էր, ինչի համար էր: Նպատակը որն էր: Օրը չլրացավ, նորից անջատվեց:
- Ի՞նչ իմաստ ուներ գազամատակարարումը մի քանի ժամով վերականգնելը, ապա անջատելը:
- Նախկին պետնախարարի գրությունը կարդացի: Ինչքան հասկացա` իրենք էլ տեղյակ չէին, թե ոնց է այդպես ստացվել: Գազի վինտիլները Հայաստանից պետք է բացվեին, ո՞նց ստացվեց, որ բացվեցին, չեմ կարող ասել: Մարդիկ ահագին ուրախացան, սակայն այդ ուրախությունը մի քանի ժամ տեւեց: Մտածեցինք՝ շուտով լույսն էլ կվերականգնեն, բայց՝ չէ: Ոչ մի դրական բան այս պահին չկա:
- Մարդիկ գյուղատնտեսությամբ զբաղվո՞ւմ են: Միրգ-բանջարեղեն են աճեցրել կարծես, արդեն բերք հավաքո՞ւմ եք:
- Նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ ավելի շատ են զբաղվում գյուղատնտեսությամբ: 2 հազար դրամից կարտոֆիլի գինն իջել է 400 դրամ: Լոբի էլ կա` հազար դրամ՝ մեկ կիլոգրամը: Լոլիկը շատ թանկ է: Վարունգը՝ նույնպես: Մոտ 3 հազար դրամ: Քիչ է, դրա համար էլ թանկ է, եւ հետո՝ կա վառելիքի խնդիր: Տեղափոխման խնդիր կա: Ինչ հնարավոր է եղել` ցանել են: Բայց կարկուտ եղավ, ահագին բան հողին հավասարվեց:
- Իսկ որքա՞ն կբավականացնի եղածը:
- Հստակ ասել չեմ կարող, սակայն նախորդ տարվա համեմատ ահագին շատ է բերքը: Ցորենի հունձը եւս սկսվել է, գուցե դա էլ օգնի: Դեղորայք կա, ոչ բոլոր տեսակի դեղերը, սակայն կան: Գոնե առաջին անհրաժեշտության դեղորայք կա: Եթե այսպես շարունակվի, խնդիրներն ավելի են շատանալու:
- Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտում, Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է․ «Միջանցքը ձեր Նիկոլն է փակել»: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, ինչո՞վ եք բացատրում ռուս հրամանատարի այս ուղիղ հանդիմանությունները:
- Անկեղծ ասած, մինչեւ Նիկոլի այդ հայտարարություններն էլ ճանապարհը փակ է եղել, այնպես չէ, որ նոր փակվեց: Գուցե իրենց պայմանավորվածությունն է, չգիտեմ արդեն ինչ ասեմ: Ինձ թվում է՝ այսպես են անում, որ մարդիկ գնան Աղդամից առեւտուր անեն: Թե ինչքանով ճիշտ կլինի, չգիտեմ, սովի մատնված մարդն առաջին հերթին մտածում է իր մասին, բայց կարծում եմ, որ արցախցին նման օրեր շատ է ունեցել, սրան էլ պիտի դիմանա: Կան տարհանված մարդիկ, որոնք ոչինչ չունեն, նրանց հարցն ավելի բարդ է: Ոչինչ չեն կարող վարել-ցանել:
- Ի՞նչ եք կարծում` եթե ճանապարհը բացվի, ի՞նչ տեղի կունենա: Մարդիկ կմնա՞ն, կշարունակե՞ն պայքարել, թե՞….
- Գնացողը գնալու է, մնացողը մնալու է: Հողին կպած հայրենասեր մարդը չի կարող գնալ: Մնալու են, կասկած չունեմ: Բայց դե գնացողն էլ գնալու է, ավելի լավ` թող գնան: Կան դեպքեր, որ մարդիկ գնացել են Ռուսաստան, ամեն ինչ ունեին` աշխատանք, փող, բայց չեն կարողացել մնալ Ռուսաստանում, վերադարձել են Արցախ: Հարցնում եմ` ինչո՞ւ վերադարձաք, ասում են` չենք կարողանում, երեխաներն էլ չեն հարմարվում, կարոտում են: Պայքարը ճիշտ է, պետք է պայքարել ու մի բանի հասնել: Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները պայքարելու փոխարեն ինտեգրացիայի մասին են խոսում: Մարդկանց պետք է դուխ տալ, ոչ թե թեւաթափ անել:
Կարծիքներ