Արաբական շուկան բավականաչափ մեծ ազդեցություն ունի թուրքական արտահանման վրա, և այս ուղղության վրա ազդելը շատ կարևոր է․ Արմեն Պետրոսյան

Արաբական շուկան բավականաչափ մեծ ազդեցություն ունի թուրքական արտահանման վրա, և այս ուղղության վրա ազդելը շատ կարևոր է․ Արմեն Պետրոսյան

Մերձավոր Արևելքում ազդեցության տարածման, օգտակար հանածոների հետ կապված հարցերում սրվել են Թուրքիայի և արաբական մի շարք երկրների միջև հարաբերությունները։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։ 


-Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս է կարելի օգտագործել Թուրքիայի և արաբական պետությունների միջև լարված հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում։

-Ընդհանուր առմամբ, արաբական երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածությունը շարունակվում է մի քանի տարի, որը պայմանավորված է Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունով միաժամանակ մի քանի արաբական երկրներում․ և բնականաբար արաբական առանցքային դերակատարները՝ մի դեպքում Պարսից ծոցի արաբական միապետություններից Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, մյուս դեպքում՝ Եգիպտոսը տարածաշրջանային մրցակցային հարաբերությունների համատեքստում։ Երկու հիմնական հարթություն է, մեկը՝ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունն է արաբական երկրներում, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, որոշակի առումով նաև Լիբանանում, մյուս կողմից՝ նշածս արաբական հիմնական դերակատարների, որոնք ակնհայտ մրցակից են տեսնում Թուրքիային նաև տարածաշրջանային գործընթացների համատեքստում։ Եվ հակաթուրքական գործողությունները, տարաբնույթ միավորումների փորձերն արաբական երկրների կողմից հենց այդ տրամաբանության մեջ են։ Այսինքն՝ փորձ է արվում տարաբնույթ ձևաչափերով կամ առանձին երկրներում որոշակի հակաթուրքական քայլերով մեղմել Թուրքիայի հավակնությունները։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ստեղծված իրավիճակը հօգուտ մեզ օգտագործելուն, ապա ներկայումս նման հնարավորությունները բավականին քիչ են։ Պարզապես, ընդհանուր առմամբ, ոչ միայն համաարաբական, այլ նաև միաժամանակ մի քանի կենտրոններից Թուրքիայի դեմ ուժգնացող ճնշումը պետք է օգտագործել այս երկրի հավակնությունները և դրանց դրսևորումները նաև Հարավային Կովկասում զսպելու ուղղությամբ։ Այսինքն՝ առարկայորեն արաբական երկրների և Թուրքիայի միջև առաջացած լարվածությունն այս պահին օգուտ մեզ, կրկնում են, առարկայորեն օգտագործելու հնարավորություններ չկան։

-Սեպտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի թագավորը, թագաժառանգը շնորհավորեցին Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Սաուդյան Արաբիայի հետ հնարավո՞ր է լինեն ընդհանուր եզրեր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։

-Անշո՛ւշտ, պետք է նշել, որ հնարավորություններ կան, և հատկապես վերջին մի քանի տարիներին ստեղծված իրավիճակի ֆոնին ավելի է մեծացել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը, բայց երկու կողմից էլ բավարար չափով աշխատանքներ չեն իրականացվել։ Եվ ես կարծում եմ՝ այս պահին էլ ընթանում են մարտական գործողություններ, մեր դիվանագիտությունը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների առաջ մղման գործընթացը երկրորդական է, մանավանդ, որ պետք է հաշվի առնել, որ կա Ադրբեջանի գործոնը, որը տասնամյակներ շարունակ նաև այդ երկրի հետ հարաբերություններում օգտագործել է կրոնական գործոնն Արցախյան հակամարտության շրջանակներում Սաուդյան Արաբիայի դիրքորոշման վրա ազդելու նպատակով։ Եվ նման լարված (ռազմական առումով) իրավիճակում ակնկալել, որ կարող է լուրջ դրական տեղաշարժ արձանագրվել Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում, այնքան էլ ճիշտ չէ։ Ես կրկնեմ՝ մենք պետք է փորձենք շատ ավելի առարկայական ուղղություններով զարգացնել մեր հարաբերությունները։ Եվ եթե արաբական ուղղության մասին է խոսվում, ապա այս ուղղությամբ հատկապես հասարակական տրամադրությունների վրա պետք է փորձել ազդել բոլոր հնարավոր եղանակներով՝ և՛ մեր համայնքների հնարավորություններն օգտագործելով, և՛ տեղեկատվական դաշտում առկա հնարավորություններն օգտագործելով, որովհետև բացի Քաթարից, հիմնականում բոլոր արաբական երկրների հասարակություններում Թուրքիայի նկատմամբ բավականին զգայուն վերաբերմունք կա, և պետք է օգտագործել այդ հնարավորությունները՝ այս ուղղությունն ավելի զարգացնելու և այդ վերաբերմունքում նաև որոշակի առումով ավելացնելու Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպանային քաղաքականության բաղադրիչը։ Տեսեք, նույն ասածիս տրամաբանության մեջ է այսօր որոշ արաբական երկրների կողմից Թուրքիայի դեմ իրականացվող քաղաքականությունը․ հանրային մակարդակում փորձ է արվում Թուրքիայի դեմ լուրջ լծակներ կիրառել, և խոսքը հատկապես տնտեսական լծակների մասին է։ Մենք գիտենք, մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Սաուդյան Արաբիայում հանրային մակարդակով, հասարակության մակարդակում թուրքական ապրանքը բոյկոտելու կոչերի մասին։ Գիտենք, որ նման քաղաքականություն է փորձում իրականացնել նաև Մարոկկոն։ Այսինքն՝ այս ուղղությունը շատ կարևոր է, որովհետև արաբական շուկան բավականաչափ մեծ ազդեցություն ունի թուրքական արտահանման վրա, և այս ուղղության վրա ազդելը շատ կարևոր է, և հնարավոր է առարկայացնել Թուրքիայի դեմ վարվող քաղաքականությունում, այսինքն՝ կոչերից, հայտարարություններից իրական, առարկայական վնաս տալ թուրքական տնտեսությանը, տնտեսական արտահանման հաշվեկշռում։          


-Դուք ո՞ր պետությունների դեպքում եք նախադրյալներ տեսնում, որ կարող են կտրուկ միջոցների դիմել։ Եգիպտոսի դեպքում տեսնո՞ւմ եք կամ Լիբանանի։

-Մի շարք երկրներ, որոնք հարաբերական մեծ կախվածություն չունեն Թուրքիայի ներդրումներից և տնտեսական առումով մեծ շուկա են և լարված հարաբերություններ ունեն, այդ բոլոր երկրների հետ կա աշխատելու հնարավորություն՝ հատկապես համայնքների ակտիվացման միջոցով։ Եգիպտոսը, օրինակ, կարող է նույն քայլով գնալ, ինչպես` Մարոկկոն, Արաբական Միացյալ Էմիրությունները ևս կարող է նույն քայլով գնալ, Սիրիան տևական ժամանակ նույն քայլով է գնում։ Իրաքի, Լիբանանին դեպքում կդժվարանամ ասել, որովհետև կախվածություն կա Թուրքիայից։ Հյուսիսային Աֆրիկայի արաբական պետությունները, Եգիպտոսից, Մարոկկոյից բացի, այսինքն՝ կան հնարավորություններ, որ մենք պետք է օգտագործենք։ Եվ ասեմ, որ թուրքական արտադրանքը բոյկոտելու այս միտումն ընդհանուր հասարակական առումով պետք է ոչ միայն արաբական երկրների ուղղությամբ իրականացնել, այլ՝ շատ ավելի մեծ մասշտաբներով։ Եվրոպայում մեր համայնքները այս ուղղությանը միտված հստակ քայլեր անեն՝ իրենց շրջապատում կամ իրենց գործողություններով բոյկոտելով, կոչ անելով, որպեսզի եվրոպական երկրների հասարակությունները հրաժարվեն թուրքական արտադրանքից, քանի որ այդ արտադրանքի վրա ուղղված գումարները ծախսվում են Արցախի, և ոչ միայն Արցախի, տարածաշարջանների մի քանի երկրներում քաղաքացիական բնակչության ոչնչացման ուղղությամբ։ Այսինքն՝ այն գումարները, որոնք ծախսվում են թուրքական ապրանք գնելու համար, դրանցով արտադրվում է զենք, որն օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ մի քանի երկրներում միաժամանակ։